Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արաբական ձմեռ

Նոյեմբեր 22,2011 12:44

Արդեն մի քանի ամիս է՝ ես շարունակում եմ զարմանալ, թե ինչն է մարդկանց այդքան ոգեւորել «արաբական գարնան» մեջ: Ընդ որում, հիացական եւ հուսառատ բացականչություններ էին լսվում թե՛ Արեւմուտքի լիդերների եւ թե՛ մեր ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ի վերջո, ինչպիսի՞ հարց են լուծել «հեղափոխությունները» Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում: Մարդիկ սկսեցին ապրել ավելի հարուստ, ավելի բարգավաճ կյանքո՞վ, բռնապետներին փոխարինեցին դեմոկրատնե՞րը, կամ գուցե անբարոյական թալանչիների տեղը եկան բարոյական ալտրուիստնե՞րը: Եթե արեւմտյան առաջնորդներն այդքան սկզբունքային էին, եւ նրանց մոտ նողկանք էր առաջացնում Քադաֆիի նման հրեշը (անշուշտ, նա հենց այդպիսին էր), ապա ինչո՞ւ էին այդ նույն գնդապետի եւ մնացած բռնապետների հետ մտնում սերտ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մեջ: Իսկ նրանք, ովքեր ծեծելով եւ բռնաբարելով սպանեցին Քադաֆիին (որն, իհարկե, մահապատժի էր արժանի, բայց՝ դատարանի որոշմամբ), այդ «ապստամբներն» ավելի հաճելի են եւ սրտամո՞տ Արեւմուտքի համար:

Ասացեք խնդրեմ, ինչո՞վ է ֆելդմարշալ Մոհամմադ Թանթավին շահեկանորեն տարբերվում ավիացիայի մարշալ Հոսնի Մուբարաքից: Անցած հանգստյան օրերին եգիպտոսցի երիտասարդները կրկին դուրս էին եկել ցույցերի՝ հիմնավոր կասկածներ ունենալով, որ հաջորդ շաբաթ սկսվող ընտրությունների ժամանակ տեղի է ունենալու իշխանության վերարտադրություն: «Ժամանակավոր» զինվորական իշխանությունն իր զինված ստորաբաժանումներն է ուղարկել Կահիրեի Թահրիր հրապարակ, եւ բախումների արդյունքում զոհվել է 13, վիրավորվել 1500 մարդ: Կարո՞ղ ենք արդյոք մենք ասել, որ Եգիպտոսը գնում է ժողովրդավարացման ճանապարհով:

Չեմ հասկանում, թե «արաբական գարնան» մեջ ի՞նչն է ոգեւորել մեր ընդդիմադիրներն: Ի՞նչ են նրանք ակնկալում՝ Հայաստանը «թունիսացնելու» կամ «եգիպտացնելու» հետեւանքով: Նախ՝ Հայաստանի եւ, ասենք, Լիբիայի ռեժիմներն իրար ամենեւին նման չեն. առաջին դեպքում հետխորհրդային ավտորիտար ռեժիմ է՝ իր բոլոր արատներով, մյուս դեպքում՝ տիպիկ արեւելյան բռնապետություն: Գումարած դրան՝ մշակութային, աշխարհագրական եւ տնտեսական բոլոր տարբերությունները: Բայց եթե նույնիսկ այդ ամենը մի կողմ թողնենք, արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ Հայաստանում կատարվի այն, ինչ հիմա կատարվում է վերոհիշյալ երեք արաբական երկրներում: Թերեւս կարելի է գտնել ընդօրինակման ավելի արժանի մոդելներ:

Այսօր շատերն ասում են, որ 2008 թվականի փետրվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է «վճռականություն» ցուցաբերեր եւ օգտվելով իշխանության որոշակի շփոթվածությունից՝ տաներ իր կողմնակիցներին դեպի նախագահական նստավայր: Ինձ թվում է՝ շատ էլ ճիշտ է արել, որ չի տարել, քանի որ այդ դեպքում մի քանի տասնյակ զոհերն անխուսափելի էին լինելու: Այդ զոհերի գնով տեղի ունեցած իշխանափոխությունից ոչ մի լավ բան չէր ստացվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930