Լրահոս
Օրվա լրահոսը

Moody’s-ը Հայաստանի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասական»

Նոյեմբեր 22,2011 10:17

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասական»` պայմանավորված Եվրոպայում եւ Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ: Moody’s նշել է, որ Եվրոպային եւ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական արտահանման 58 %-ը, եւ Հայաստանի կախվածությունը ռուսաստանյան շուկայից իր մեջ ռիսկեր է պարունակում:

Moody’s նաեւ կարծում է, որ մետաղների գների հնարավոր նվազումը եւս կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա: Գործակալությունը նաեւ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվել է վերջին 3 տարիների ընթացքում:

Միաժամանակ Moody’s հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ֆիսկալ կարգապահության ամրապնդմանը եւ 2012թ. պետբյուջեի նախագծի համաձայն ծրագրում է կրճատել դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ-ի 3.1 %-ը: Այդուհանդերձ Moody’s նշում է, որ այդ ծրագրերի իրագործման համար առկա են «նշանակալի» ռիսկեր:

Մեդիամաքս-ը նշում է, որ 2010թ. մայիսին Moody’s գործակալությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը, որում ասվում է, որ Հայաստանի B2 վարկանիշը (կայուն կանխատեսմամբ) հավասարակշռում է ցածր տնտեսական կայունությունը եւ կառավարության բարձր ֆինանսական ներուժը:

«2009թ. Հայաստանը բախվեց լուրջ մարտահրավերների: Չնայած Հայաստանը չկրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ուղղակի ազդեցությունը փոքր բանկային հատվածի պատճառով, դրամական փոխանցումների կտրուկ կրճատումը հանգեցրեց ՀՆԱ 15% կրճատմանը»,- նշում էր Moody’s-ի փոխնախագահ, սուվերեն վարկանիշերի խմբի ավագ վերլուծաբան Էնթոնի Թոմասը:

Հաշվետվությունում ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները պատասխանել են միջոցառումների համապարփակ եւ հավակնոտ փաթեթով, ներառյալ պարզեցված հարկային եւ դրամային քաղաքականությունը: Moody’s-ի վերլուծաբանները նշում էին, որ չնայած այդ միջոցառումները մի փոքր սահմանափակել են ՀՆԱ նվազման միտումը, դրանք լրջորեն վատթարացրել են կառավարության պարտքի պարամետրերը:

Միաժամանակ, Moody’s-ը նկատում էր, որ Հայաստանն իր քաղաքականությունն իրականացրել է ԱՄՀ-ի հետ համաձայնեցված, եւ դրա շարունակումը կառավարությանը թույլ կտա դադարեցնել պարտքի պարամետրերի վատթարացումը:

«Սակայն եթե Հայաստանը չկարողանա լիովին կատարել ԱՄՀ-ի հետ ձեռքբերված համաձայնագիրը, երկրի վարկանիշը կարող է հայտնվել ճնշման տակ»,– նշել էր Էնթոնի Թոմասը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930