Այսօր` նոյեմբերի 21-ին, Համազգային թատրոնում տեղի ունեցավ «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի փակման արարողությունը, որին մասնակցում էին Գյումու, Վանաձորի, Շուշիի և Երևանի երիտասարդ ստեղծագործողները:
Փակման արարողության ժամանակ հաղթող մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ: «Լավագույն դերասան/ուհի/» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիաննա Ավետիսյանն ու Արմեն Մարգարյանը: «Երկրորդ պլանի դերասան/ուհի/» անվանակարգում ` Ստելլա և Մարատ Խաչատրյաններն էին, իսկ «Լավագույն բեմանկարչություն» անվանակարգում «Շուշի» խումբն էր: «Լավագույն ներկայացում» ընտրվեց «Կիկլիկիան»`ռեժիսոր Հակոբ Ֆագջյան, ով նաև փառատոնի շրջանակներում ճանաչվեց «Լավագույն ռեժիսոր»:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգի հաղթող` Լիաննա Ավետիսյանը, «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում խոստովանում է, որ փառատոնից մրցանակի ակնկալիքներ չուներ. «Չէի սպասում, որ հենց ինձ կշնորհեն այդ մրցանակը, բայց մի բան պարզ է. այն ինձ էլ ավելի պարտավորեցրեց »,- ասում է դերասանուհին:
Փառատոնի տնօրեն`Հայկ Ավագյանն էլ հույս է հայտնում, որ «Գիսանեն» կդառնա սպասված ու ավանդական թատերական փառատոն: «Անդադար ծափահարությունները և շնորհակալական խոսքերն ապացույցն էին այն փաստի, որ հանդիսատեսը ներկայացումն ընդունեց եւ սիրեց»:
Պերճուհի Գեւորգյան