Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այստեղ կրթաթոշակ են ստանում բոլորը

Նոյեմբեր 21,2011 23:19

Էջմիածնի կենտրոնից հեռու է Չոբանքյարայի խճուղին: Արմավիրի մարզի միակ Էջմիածնի Արհեստագործական ուսումնարանն այնտեղ է: Դաշտերի մեջ ընկած կիսախարխուլ այս ուսումնարանը ջերմ ու հոգատար անկյուն է թե´ ուսուցչական անձնակազմի, թե´ ուսանողների համար: Վերջիններիս թիվը դասավանդողների քանակից շատ չի տարբերվում. այս տարի ուսումնարան ընդունվել է ընդամենը 25 աշակերտ:

«Շատ ծնողների մոտ պահպանվել է Խորհրդային Միության պրոֆուսումնարանների հասկացությունը,-ասում է ուսումնարանի տնօրեն Վաչիկ Դավթյանը,-  շատերի համար նույնիսկ վիրավորական է, որ երեխան ուսումնարանում սովորի: Բացի այդ `ավագ դպրոցներին թույլատրվում է ունենալ արհեստագործական դասարաններ: Էջմիածնում կա նաև քոլեջ, որը շատերի համար ավելի հրապուրիչ է, քան մեր ուսումնարանը: Այս և մի շարք այլ պատճառների հետևանքով էլ մենք ունենում ենք աշակերտների խնդիր»:

1975 թվականին հիմնադրված ուսումնարանը սկզբում Սննդաարդյունաբերական նախարարության ենթակայության տակ էր և պատրաստում էր կադրեր պահածոների գործարաններում աշխատելու համար, հետո անցել է Ագրոպրոմերի, ապա Կրթության նախարարությանը: Չնայած վերադասների փոփոխություններին` ուսումնարանի խնդիրներն այսօր էլ լուծվում են հիմնականում տնօրենի և աշխատակիցների ջանքերով:  Նրանք  իրենց սաներին վերաբերվում են առանձնակի հոգատարությամբ. ամիսներ առաջ ուսումնարանի տանիքը քանդված էր, պետության կողմից հովանավորություն չստանալով` ուսումնարանի աշխատակիցները գումար հավաքեցին ու իրենց ձեռքերով վերանորոգեցին այն: Մշտական ջեռուցման ու ջրի հարցը չկարողացան լուծել. մարդիկ տուն պահելու խնդիր էլ ունեն: Շենքը քաղաքից  այնքան հեռու է, որ աշակերտները ստիպված են տաքսիով դասի գնալ: Որպեսզի իրենց սաները ավելորդ ծախսեր չանեն, ուսուցիչները վերանորոգել են 1975 թվականին իրենց հատկացված ավտոբուսը, որը աշակերտներին Էջմիածնի հրապարակից անվճար տեղափոխում է Չոբանքյարա:

Մեր երկրում ուսումնարանների նկատմամբ նման վերաբերմունքի հիմնական  պատճառը միջին մասնագիտական կրթության պահանջարկի պակասն է: Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոնի աշխատակից Մկրտիչ Այվազյանը այդ  մասին ասում է. «Այս սեկտորի խթանման համար անհրաժեշտ է լավ քարոզչություն, քանի որ միջին մասնագիտական կրթության համար նախատեսված աշխատաշուկան թույլ է զարգացած: Բացի այդ` բուհերն ավարտած ուսանողները համապատասխան աշխատանք չգտնելու հետևանքով հաճախ զբաղեցնում են ուսումնարնների շրջանավարտների աշխատատեղերը»:

Չնայած պետության անուշադրությանը` ուսումնարանում իրենց սաների համար անգամ օրենք են խախտում`տնօրենի և աշխատակիցների նախաձեռնությամբ կրթաթոշակ ստանում են բոլորը: Ասում են` շատերը  գյուղից են գալիս,  ծախս անում, այդպես գոնե մի հոգս կթեթևանա:

 

Գայանե Աբասյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930