Հանրապետական պատգամավորը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Սերժ Սարգսյանին ընդամենը նախընտրական շրջանին բնորոշ քայլ է:
ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր հրապարակված նամակը Սերժ Սարգսյանին, ասաց.«Այդ հարցադրումը նաեւ Աժ-ում եղավ, եւ պարոն Աշոտյանը, անդրադառնալով դրան, ասաց, որ բուհերում եւ այլ կրթօջախներում հանդիպումները կամ Հանրապետական կուսակցության գործունեությունը տեղի է ունենում շաբաթ օրերին կամ ոչ աշխատանքային օրերին, այսինքն ոչ մի դասաժամ, ոչ մի բնականոն գործընթաց՝ կապված այդ բուհերի կամ դպրոցների հետ, չի խաթարվում, չի խանգարվում, դասերի ժամանակ չի իրականացվում: Իսկ թե ինչո՞ւ են անում նման հարցադրում՝ պարզ է. քաղաքական ուժերն աստիճանաբար մտնում են նախընտրական ժամանակաշրջան եւ առաջինը պետք է քաղաքական հնչեղության տեսանկյունից քայլեր կատարեն՝ բաց նամակ երկրի նախագահին, կուսակցությանը եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է համայնքային պատկանելության շենքերին կամ գյուղապետարաններին, որտեղ ՀՀԿ գրասենյակներ կան, ապա թող դիմեն, եւ ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը համապատասխան պայմանագրերն ու փաստաթղթերն ունի՝ եթե նմանատիպ տարածքներ առկա են: Մեզ մոտ ամեն ինչ իրականացվում եւ արվում է միայն օրինականության դաշտում, դա այսօր մեր պահանջն է»:
Ինչ վերաբերում է, մասնավորապես, դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում համատարած հանրապետականացմանը, ապա պարոն Սահակյանը հայտարարում է.«Կուսակցության մասին օրենքով եւ ընդհանրապես ՀՀ օրենսդրությամբ կան որոշակի սահմանափակումներ, թե որ անձինք չեն կարող լինել կուսակցական, չեն կարող անդամագրվել քաղաքական ուժերին, կուսակցության շարքերն անցնել: Չեմ կարծում, որ ՀՀԿ շարքերում կան նմանատիպ անձինք: Եթե դպրոցի տնօրեններ, դասատուներ, կամ առղջապահության եւ մյուս ոլորտների ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել անդամակցելու ՀՀԿ-ին եւ տեսել են իրենց ապագան ՀՀԿ շարքերում՝ դա դիտում եմ նորմալ, որովհետեւ Սահմանադրության պահանջն է, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր քաղաքական հայացքներում եւ այլն»:
«Առավոտի» դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվում, որ կրթօջախներում մարդիկ ազատ են հատկապեսՀՀԿ-ական դառնալու հարցում, պարոն Սահակյանը պատասխանեց. «Չեմ կիսում ձեր տեսակետը, որովհետեւ նրանք ոչ միայն ՀՀԿ անդամ են, այլեւ տարբեր այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ե՛վ դպրոցի տնօրեններ, ե՛ւ դասատուներ բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչ բազմաթիվ բժիշկներ կան (ըստ երեւույթին նկատի ունենալով ԲՀԿ-ն՝ ասաց պարոն Սահակյանը), այնպես որ՝ խնդիրը մենակ Հանրապետականի մեջ չէ, ավելի ճիշտ՝ այստեղ քաղաքական խնդիր չկա, ամեն մեկն ինքն է որոշում իր գործունեությունը կամ իր քաղաքական հայացքների համապատասխանությունը որեւէ քաղաքական ուժին, որին է ուզում հարել կամ անդամակցել»:
Կարդացեք նաև
Մեր հաջորդ հարցը վերաբերում էր Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի խ) կետին: Երբ հարցրինք՝ «բոլորս էլ գիտենք, թե ինչպես է իրականացվում զինվորների քվեարկությունը», դեռ հարցը չավարտած՝ պարոն Սահակյանը պատասխանեց.«Ես չգիտեմ, թե դուք ինչ գիտեք զինվորների քվարկության մասին, ընդամենը կարող եմ ասել, որ մեր զինվորները, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ բանակում, նրանք մեր լիիրավ քաղաքացիներն են եւ իրենց սահմանադրական իրավունքն է մասնակցել իշխանության ձեւավորմանը, քանի որ իշխանության առաջնային մանդատը պատկանում է ժողովրդին, եւ ինքն է ընտրությունների միջոցով պատվիրակում պատգամավորներին, որոնք հետո իշխանություն են ձեւավորում, ապա մենք չենք կարող այդ կարեւորագույն գործը կատարող անձանց՝ զինվորներին առանձնացնել մեր այդ գործընթացներից»: