Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողը լուսաբանելու համար է եւ ո՞չ՝ միտինգի

Նոյեմբեր 21,2011 18:23

Ինչ մեղքս թաքցնեմ, երբեք չեմ համակրել փողոցային  ակցիաները,  ամբոխի միջոցով հարցերի լուծման գաղափարը երբեք սրտովս չի եղել եւ  օրգանիզմի համար անհրաժեշտ ադրենալինի  պակասը  կամ կարիքը գերադասել եմ լրացնել այլ կարգի քայլերով եւ արարքներով, քան հրապարակային եւ փողոցային ակցիաներն են: Բայց՝ այսօր այնքան մոտ եմ փողոց դուրս գալու եւ   կոնկրետ պահանջ ներկայացնելու վիճակին:

Արդեն մոտ մեկ շաբաթ  է ինչ որդիս հոգիս հանում  է ինձ ասելով. «Մամ , դու այդքան ակտիվ , այդքան սկզբունքային. այդքան ճշտի կողմնակից, /անհամեստ չհնչի, բայց որդուս գնահատական է եւ ես, ինչ մեղքս թաքցնեմ, համամիտ եմ-Մ.Ե./  ինչո՞ւ ես մի կողմ քաշվել, ախր նորից հերթական հին Երեւանն են քանդում,  դու, որ Երեւանի մասին   սիրով ես խոսում, հիշում  ես քո մանկության  Երեւանը, պատմում ես մեզ, ամեն շենքի եւ ծառի հետ կապված հուշ ունես,  եւ կարոտում ես, ջղայնանում ես, որ  էս նոր շենքերի մեջ մոլորվում ես եւ լաց ես լինում, քանի  որ չես գտնում   քո հուշերի շենքերը,  ինչո՞ւ  չես միանում մեզ, միացիր մեր ակցիային, դուրս արի փողոց , բողոքիր»:

Այ, այստեղ էր, որ  իրոք զարմացա  եւ անհանգստացա:  Ինչ-ինչ, բայց շատ ջանք եմ թափել, որ  իմ երեխաները չդառնան  փողոցներում հարցեր  փնտրող եւ այդ հարցերի լուծումները փողոցների հույսին թողնող մարդիկ:  Խնդրել եմ իրենց ապրած կյանքով, իրենց գիտելիքներով  եւ   կրթվածությամբ լուծել հարցերը եւ ոչ թե փողոցներում գոռգոռալով/ թող ինձ ներեն   բոլոր այն մարդիկ, ում ես հարգում  եմ եւ ովքեր, այլ ելք չգտնելով հենց այդպես էլ վարվում  են: Սա ուրիշ թեմա է:

Վերադառանամ իմ եւ որդուս զրույցին: Մեկ շաբաթից ավելի որդիս ինձ համոզում  է, որ միանամ իրեն եւ իր ընկերներին, ովքեր դեմ են Երեւանում հերթական երկնաքերի կառուցմանը: Խոսքն արդեն հայտնի  Թումայան-Նալբանդյան խաչմերուկում   հիսունհարկանու մասին  է, որի պատճառով պետք է  քանդվի իմ մանկության աչքին սովոր հին շենքերից եւս  մեկը: Ես  ինձ կարող եմ համարել հին երեւանցի, «քաղաքի տղա» իմաստով /այստեղ խոսքը սեռային  պատկանելության մասին չէ, այլ՝ հոգու վիճակի/, ապրել  եմ   Սախարովի հրապարակին շատ մոտ եւ  դասի եմ գնացել Նալբանդյան փողոցով,  եւ իմ կյանքի  շատ երկար մի ժամանակահատված անցել են հենց այդ շենքերին կողքով:  Որդիս որպես այդ շենքերը չքանդելու փաստարկ է բերում նաեւ այն, թե դրանք իր մայրիկի մանկության եւ պատանեկության հիշողություններն են:

Ես մտովի իրենց հետ եմ, բայց եւ ասում էի, թե  լրագրողը  լուսաբանելու համար է  եւ ոչ թե միտինգ  անելու: Իհարկե՝ չէի համոզում:

Ի վերջո երեկ կարդում եմ, որ «շուտով  Երևանի հենց սրտում` «Մոսկվա> կինոթատրոնի և «Գոլդեն թյուլիփ> հյուրանոցի հարևանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, և այդտեղ վեր կխոյանա Երևանի ամենաբարձր` 50–հարկանի շենքը։ Երևանի կենտրոնում այսպիսի շենք է ուզում կառուցել իրանական մի կիսապետական ընկերություն: Շենքը կոչվելու է «Պերսիա թաուեր> (պարսկական աշտարակ):

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը հայտնել է, թե այդ տեղեկությունները ճիշտ են, քանի  որ  այդ մասին ինքը լսել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից: Նրա խոսքերով` հողատարածքի տրամադրումը տեղի է ունեցել 2009թ.` քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի գիտությամբ. «Այն ժամանակ տվել են քսանհինգ հարկի կառուցման թույլտվություն: Բայց մենք կարծում ենք, որ թեկուզ քսանհինգհարկանի շենք այդ տարածքում կառուցել չի կարելի: «Մոսկվա> կինոթատրոնի, Նկարիչների միության և Շառլ Ազնավուրի հրապարակին կից, բովանդակային առումով, այսպիսի շենքի կառուցումն անթույլատրելի է: Խնդիրը պետք է շտապ քննարկվի Ճարտարապետների միությունում, եզրակացությունը ներկայացվի քաղաքապետարան, և հարցին լուծում տրվի»:

Ասուլիսին ներկա Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հայտարարել է, թե Երևանի կենտրոնում չպետք է կառուցվի 50–հարկանի շինություն. «Սխալն այն է, որ 90-ական թվականներին այդ տարածը վաճառվել է իրանական «Մելեթ» բանկին, իսկ այնուհետև փոխանցվել է իրանական ընկերություններից մեկին»:

Ճարտարապետի  կարծիքով՝ նախագծի իրականացմանն անհրաժեշտ է խոչընդոտել ոչ միայն էսթետիկ նկատառումներով, այլ նաև քաղաքի անվտանգության տեսանկյունից.«Նման բարձրության շենքը սեյսմիկ մեծ վտանգ է ներկայացնում»:

Սրանից հետո որեւէ իրեն  հարգող եւ իր քաղաքը սիրող երեւանցի պետք է, որ չլռի, պետք  է  խոսի եւ արգելի, խանգարի այս հերթական վանդալիզմը: Ինքս չեմ մտածել, թե ազգայնական եմ, բայց երբեմն   կարծես իրոք ազգայնական եմ դառնում: Իսկ ինչու՝ ոչ , երբ իմ տունն առանց կռվի, ինչ-որ ախմախ «բիզնես-ծրագրով»,  փորձում են «հանձնել» ուրիշներին, նրանց, ովքեր «իմը» չեն, ում ես չեմ ընկալում, ովքեր օտար են եւ չեն գալիս իմ մանկությունից: Առանց այդ էլ Երեւանի բոլոր այսպես հորջորջվող էլիտարներում միայն մեր հարեւաններն են ապրում իրենց օտարալեզու եւ այլադավան կանանցով եւ երեխաներով:

Մի պահ  կանգ առնել  է  պետք,  տղերք, էս ի՞նչ եք անում, էդ բիզնես կոչվածը մեր տունը քանդում է, վաղը Երեւանի փողոցներում հայերեն խոսքը կհնչի որպես օտար լեզու: Կանգ առնելու ժամանակը բաց ենք թողնում: Խելքի եկեք: Ելք կա՝  Հայաստանի հանրապետությունը թող որոշ էդ կարգի բոլոր հին ու նոր առքուվաճառքները համարի  անվավեր, հանուն հասարակական շահի, հանուն պետական շահի:

Ես միանում եմ իմ որդուն եւ պահաջում  եմ  ձեռք չտալ իմ քաղաքի վերջին մոհիկաններին:

Հ.Գ.Եթե այսպես շարունակվի, չեմ զարմանա, որ մի օր Երեւանում մի նոր մզկիթ  կառուցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930