Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առաջարկել է երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքներում հաշվի առնել քաղաքացիների կողմից ներկայացրած որոշ երթուղիների հետ կապված բողոքներն ու առաջարկությունները։ Միաժամանակ հանձնարարվել է երթուղային նոր ցանցը կիրառելու ժամանակ նախապատրաստական աշխատանքներ տանել Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործելու եւ դրանք սպասարկելու առումով, ինչը ենթադրում է համապատասխան կառույցների ձեւավորում:
Մայրաքաղաք մտնող մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցները հատկացված վերջնակետային հանգույցներում կայանելու հետ կապված` տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ Ճանապարհային ոստիկանության, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան կառույցների հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման 2 դեպք, իսկ չնախատեսված կանգառում կայանման 8 դեպքի առնչությամբ կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել եւ ամենօրյա հսկողության տակ պահել այս գորընթացը, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ բանուկ խաչմերուկներում տրասպորտային խցանումների բեռնաթափման հարցը:
Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժման հարցի հետ կապված Երեւանի գլխավոր ճարտարապետը ներկայացրել է, որ իրավաբանական վարչության հետ պատրաստվել է փաստաթղթային ձեւակերպումների վերջնական մոդելը և հարցը առաջիկայում կարող է մտնել գործնական փուլ:
Քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, երաժշտական եւ արվեստի դպրոցների, ինչպես նաեւ մի շարք մանկապարտեզների ջեռուցման համակարգերի շահագործման հետ կապված զեկուցվել է, որ հիմնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:
Կարդացեք նաև
«Մշակույթային կրթօջախներն ու նախադպրոցական հաստատությունները պետք է աշխատեն ջեռուցվող պայմաններում: Պետք է արագացնել այդ աշխատանքները եւ ժամանակին ապահովել ջեռուցումը: Քաղաքապետարանը ջեռուցման նպատակով բյուջետային լուրջ գումարներ է հատկացնում այդ հաստատություններին եւ, ըստ այդմ, ուղղակի անթույլատրելի է, երբ մամուլում հանդիպում ենք հրապարակումների, թե ջեռուցման նպատակով լրացուցիչ գումարներ են հավաքագրվում»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել հանրակրթության վարչության պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին խսիտ հսկողության տակ պահել այդ հարցը:
Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ 2012 թվականի բյուջեով արդեն նախատեսված է համապատասխան ֆինանսավորում եւ հաջորդ տարի եւս մանկապարտեզները կգործեն անվճար հիմունքով:
Անդրադառնալով մանկապարտեզների սննդի որակի ապահովման հարցին`քաղաքապետը նշել է, որ չնայած սննդի մատակարարումը մշտապես ուշադրության կենտրոնում է եւ վերահսկվում է համապատասխան կառույցների կողմից, այնուհանդերձ Տարոն Մարգարյանն առաջարկել է ծնողներին ևս ներգրավել այդ աշխատանքներում` գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով:
Մայրաքաղաքի փողոցների, շենքերի եւ այլ վայրերում փակցված ցուցիչ վահանակների գույքագրման եւ դաշտի կարգավորման աշխատանքների հետ կապված արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի կողմից զեկուցվել է, որ կատարվել է գույքաքրում և համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում առկա ցուցանակները դեռևս բավարար չեն լիարժեք կողմնորոշվելու համար: Հիմնականում անհրաժեշտություն է առաջացել տեղադրել դեսպանատների, պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, կինոթատրոնների և հյուրանոցների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվական ցուցանակներ, որոնց պետք է տրվեն միասնական լուծումներ՝ տարբերակելով արտաքին չափերը և ձևավորումը։ Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել և համալիր լուծման տարբերակ առաջարկել։
Նշվել է նաեւ, որ ամբողջությամբ գույքագրվել եւ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքում տեսքը կորցրած ՀՀ պետական դրոշները նորերով փոխարինելու ուղղությամբ:
Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության