Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ աղջիկներն ինձ համար միշտ անհասանելի են». Ռուբեն Հախվերդյան

Նոյեմբեր 21,2011 17:40

Ռուբեն Հախվերդյանի հետ ժամադրությունը կայացավ  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հեղինակային երգի երեկո էր :

«Երկու ծերունի ընկերներ հանդիպում են, երկուսն էլ 70 անց, զրուցում են, հիշում հին ու ջահել օրերը, որոշում են վերապրել: Գեղեցիկ հագնվում են, սափրվում, օծանելիք ցանում: Մտածում են 2 աղջիկ վերցնեն , մի քիչ տժժան: 20 տարեկան 2 գեղեցկուհի են գտնում ու գնում հյուրանոց: Ճանապարհին մեկն ասում է` որ չտան ինչ ենք անելու, ընկերը ձայն չի հանում, մի քիչ անցնում է նույնը կրկնում է, մյուս ընկերն էլ ասում է ` դու ասա, որ տան ինչ ենք անելու»: Այս անեկդոտը Ռուբեն Հախվերդյանը պատմեց երեկոյի ընթացքում:

Հեղինակ կատարողի մանկությունը շատ «տաք» է անցել: Ինքն է ասում: «Քանի որ ես դեկտեմբերի ծնունդ եմ, շատ լավ եմ հիշում մանկությունս: Թեփով վառարան էինք վառում: Հիշում եմ` սառցակալած պատուհանները, որ ապշած նայում էի ստեղծված պատկերներին: Թեև սենյակում շատ ցուրտ էր, բայց իմ մանկությունը տաք էր»:

Ոչինչ ու ոչ ոք չի ստիպել զբաղվել երգով, ասում է՝ իրեն ոգեշնչում էր «Բիթլզը»: «Երբ Դոստոեւսկին ասում էր` «Գեղեցիկը կփրկի աշխարհը», դա «Բիթլզի» մասին էր»:

Իր երգերի միջոցով,   ինչպես ինքն է նշում, հանդիսատեսին փոխանցում է քաջություն. «Երբ երիտասարդը փորձում է հասկանալ աշխարհը, նա չպետք է վախեցած նայի ամեն ինչին: Ամենակարևոր բանը, որ ես կարող եմ ասել` ստերիոտիպեր ջարդելն է»: Երգահանն այսօրվա հայկական էստրադան համեմատեց համբուրգերի հետ. «Էդ համբուրգերները, որ ուտում ես, սկզբում հասկանում ես՝ կշտացել ես, բայց էլի սոված ես մնում: Այսպես կոչված շոուբիզնեսը, որ մեզ հրամցնում է որպես արվեստ, դա արվեստ չէ: Հիմա հետույք են ցույց տալիս, մի երգիչ կա, ով ոտքերը «չռած, պպզած» երգում  է. դա արվեստի հետ կապ չունեցող բաներ են: Դա քրիստոնեական արվեստ չէ»:

Երբ երիտասարդ էր, Հախվերդյանի հայրն իրեն ասում էր`  բախտդ բերել է, որ դու անգրագետ ես, ոչ թե կիսագրագետ. «Եվ ցավոք սրտի,  ճիշտ է եղել: Բայց այնքան շատ եմ կարդացել, որ ինքնուսուցումը բերեց ինձ ինչ-որ մակարդակի: Ամենակարևորն այն է, որ ճանաչես ինքդ քեզ: Պետք է քեզ ճանաչես, հետո աշխարհը, բայց դա շատ դժվար է»,- ասում է նա:

Խորհուրդ է տալիս երիտասարդներին. «Առաջնորդը քո մեջ է նստած, մի՛ փնտրիր այն ուրիշների մեջ»

Հախվերդյանի երազանքն էր, որ  իր երգերը ընկալեն բոլորը, ու նա ստեղծեց երաժշտական մի ժանր, որը սիրում են հասարակության բոլոր շերտերը. «Տիկին Արուսը կլինի, ոստիկանը կլինի, անգամ ռաբիս լսող մարդիկ էլ են լսում այս երգերը: Ես կարողացա հասնել իմ նպատակին: Եթե հասարակության տարբեր շերտերի գոնե 30%  լսում է,  ապա մնացածը կարևոր չեն: Մնացածը կարող են Թաթուլ լսել»:

Ռուբեն  Հախվերդյանի բախտը սիրո հարցում այնքան էլ չի բերել: Ասում է՝ շատ քչերին է սիրել, իր  «հագով» չէր: Բայց հայ կանանց մասին ունի հստակ դիրքորոշում. «Իմ տեսած ամենագեղեցիկ կանայք հայերն են: Հայկական գեղեցկությունը ինձ մոտ ուրիշ բաներ է առաջացնում, ավելի, քան սեր կամ սեքս… երկրպագելու մի բան է… չգիտեմ… ուղղակի հայ աղջիկներն ինձ համար միշտ անհասանելի են»:

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930