Հարություն Առաքելյանի բացահայտումները՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատախազ Գագիկ Խաչիկյանի եւ «Նաիրիտի» մասին:
Այսօր «Հայացք» ակումբում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը ներկայացրեց այն բոլոր բացահայտումները, որոնք խոստացել էր անել կառավարությանն ուղարկված ֆաքսերում: Ըստ նրա, անհայտ սեփականատերերով «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով մեր ԿԲ-ից նվեր ստացած «Նաիրիտ» գործարանի 90% բաժնետոմսերը, ստացել է 70 մլն դոլարի վարկ, որից միայն 39 միլիոնն է մուտք արել ՀՀ պետբյուջե, մնացած $31 մլն-ի ճակատագիրն անհայտ է. «Այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը միաժամանակ նաեւ «Մեժգոսբանկի» խորհրդի նախագահն էր ու իր ձեռքով է այդ ամենը կատարվել: Տարիներ շարունակ ես «Նաիրիտի» հարցը բարձրացրել եմ, բայց ընթացք չի տրվել: Ֆաքսերից հետո Կենտրոնի դատախազ Խաչիկյանը ինձ զանգեց, ասեց, որ եթե շարունակեք զբաղվել՝ համապատասխան պատասխան կստանաք: Բայց որեւէ Խաչիկյան ինձ չի կարող խոչընդոտել: Փաստորեն, Խաչիկյանները միայն ֆիլմում չէ, որ խայտառակում են ռեսպուբլիկան: Ֆաքսերից մեկում ես գրել եմ, որ Խաչիկյանը վատ կազմակերպված միջոցառում էր, հիմա Խաչիկյանը դոզան ավելացրել է՝ քրեական նոր գործ է հարուցել»:
Պարոն Առաքելյանը նաեւ վստահեցրեց, որ Էդուարդ Անտինյանին ինքն է բերել-դարձրել ատենապետ ու նա, «որպես կիրովականցի եւ վարչապետի եղբայրների լավ ընկերը, հավաքել է կիրովականցիների մաֆիան իրենից վրեժ են լուծում՝ իր բացահայտումների համար»:
Aravot.am-ի հարցին՝ եթե ձեր բացահայտումներին որեւէ ընթացք չտան, ի՞նչ եք պատրաստվում անել՝ հաշտվե՞լ, թե՞ ցույցեր անել՝ Հարություն Առաքելյանը պատասխանեց. «Շարունակելու եմ նոր բացահայտումներ անել»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՌԱԿ-ի տեղը քաղաքական դաշտում որտե՞ղ է, նա պատասխանեց. «Երվանդ Քոչարի 19/6-ն է ՀՌԱԿ-ի տեղը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ