Այսօր «Հայացք» ակումբում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը մեկնաբանեց կառավարությանն իր ուղարկած սպառնալիքներով ֆաքսերը. «Ես շանտաժ չեմ արել, պահանջել եմ օրենք կիրառել, վերջ դնել անօրինականություններին: Եթե մարդն օրենք է պահանջում, դա շանտա՞ժ է: Շատ թույլիկ քայլ էր իրենց կողմից մամուլին ներկայացնել, թե մամուլ, փրկե՜ք, օգնե՜ք, կառավարությանը ֆաքս է եկել: Եթե շանտաժ է, շանտաժի մասին հոդված կա, խնդրեմ, եկեք կիրառեք»:
Հարություն Առաքելյանը նաեւ նշեց. «Ֆաքսերը ներկայացված են կիսատ: Էն մասերը, որից վախեցել են՝ մամուլին չեն տրամադրել: Վարչապետը ուրբաթ օրը տարածում է էս ու ղզիկի նման գնում Վրաստան»: «Առավոտի» կողմից նշենք, որ վարչապետն արդեն իսկ Վրաստանում էր, երբ տարածվեց այս հաղորդագրությունը:
ՀՌԱԿ ատենապետի ներկայացմամբ՝ օգոստոսին, երբ համագումար են արել, արդարադատության նախարարությունը «չորով» չի հաստատել իրենց որոշումները. «Ասեց ամսաթիվ չկա, էջերը համարակալած չի, մենք բոլորը շտկեցինք, նորից ներկայացրեցինք, նորից չհաստատեցին, ասեցինք լավ, ջհանդամ, հատուկ նախարարության համար հոկտեմբերի 15-ին նույն համագումարը նորից արեցինք, այս անգամ էլ ասում են՝ գիտեք, 19 համագումարը պիտի չանեիք, պիտի 20-ը անեիք, խեղկատակությունը պիտի որ չափ ու սահման ունենա: Հիմա վարչապետը ինձ նեղն է բռնացրել ու իր ընկերոջ՝ անարդարության նախարարի միջոցով չի հաստատում իմ ատենապետ լինելը: Ասում եք՝ շանտաժ, եթե Սասունցի Դավիթը գալիս-ասում է՝ ով քնած է՝ արթուն կացեք, ով արթուն է՝ զենքերը կապեք, դա շանտա՞ժ է: Ես չեմ ուզում ինձ Սասունցի Դավթի հետ համեմատեմ, բայց իրենք լրիվ Ցռան Վերգոյի կարգավիճակում են հանդես գալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ