«Բիո–Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել–Աննա», «Ֆելիքս–Սարգ» եւ «Արդիս» ընկերությունները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առեւտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Երեւան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում եւս հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբում եւ մոլորեցնում են սպառողներին՝ կարագի անվան տակ վաճառելով գնային եւ որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից եւ բնականաբար շատ ավելի էժան է: Այս իրավախախտման համար այսօր հանձնաժողովի որոշմամբ տուգանվել են վերոնշյալ ընկերությունները:
Հանձնաժողովի դիտարկմամբ, այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են կարագի անվան տակ, անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ՝ ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:
Հանձնաժողովը բացահայտել է նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ: Այդ ընկերություններն են՝ «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովքը»: Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում էլ իրավախախտման բնույթը նույնն է, անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվեց 3 մլն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ: Տուգանքի ընդհանուր չափը կկազմի 30 մլն դրամ:
Աղբյուրը՝ ՏՄՊՊՀ