Նոյեմբերի 17-ից 20-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում գրանցվեց ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի խոստում:
Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, ձեռնարկին միացած շուրջ 700 կամավորները 12 ժամ շարունակ զանգահարեցին ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարեւոր նախաձեռնությանը:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը տեղի հայ համայնքի հանգանակած 1 միլիոն 173 հազար եվրո գումարով ջրամատակարարման ծրագրեր կիրականացնի Արցախի ու Հայաստանի Տավուշի մարզի մոտ 10 գյուղում: Շվեյցարիայի տեղական մարմինը շվեյցարահայերի կողմից հանգանակած 24150 եվրոն կօգտագործի նորոգելու Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը եւ համալրելու դպրոցի գրադարանը: Իսկ Գերմանիայի տեղական մարմինը գերմանահայերի 81360 եվրոյի նվիրատվություններով կնորոգի Գյումրու մանկատունը:
Համաեվրոպական հեռախոսամարաթոնին Հունաստանից մասնակցեց նաեւ հունահայ համայնքը: Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ու քաղաքական բարդ իրավիճակին` մեր ազգակիցները անկոտրուն կամք դրսեւորեցին եւ կրկին ապացուցեցին իրենց նվիրվածությունը հայրենիքին: Նոյեմբերի 12-ին մեկնարկած երկօրյա հեռախոսամարաթոնի ընթացքում հունահայ փոքրաթիվ համայնքը շուրջ 35.000 եվրո հանգանակեց, որը կուղղվի Վանաձորի մանկատան կարիքներին:
Կարդացեք նաև
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրություն