Մոտ մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ( նստավայրը` Նոյեմբերյան) նախագահ Սանասար Վարդանյանը: Վարդանյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ այդ պաշտոնից հրաժարվել է, որովհետեւ չի կարողանում այն համատեղել իր հիմնական աշխատանքի` Դովեղի դպրոցը տնօրինելու հետ ու նաեւ առողջական խնդիրներ ունի:
Հանձնաժողովը նոյեմբերի 19-ին նիստ ունեցավ, որի սկզբում հանձնաժողովի նորանշանակ երկու անդամներ կարդացին հանձնաժողովի անդամի երդման տեքստը: Այնուհետեւ թիվ 40 ԸԸՀ քարտուղար Մարինե Ղարագյոզյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ ընտրել Գագիկ Աբովյանին: Նա նախկինում, Սանասար Վարդանյանից առաջ, եղել է այդ հանձնաժողովի նախագահը: Նիստին ներկա բոլոր 6 անդամները քվեարկեցին Գագիկ Աբովյանի օգտին: Աբովյանը Նոյեմբերյանի անտառտնտեսության փոխտնօրենն է: Գագիկ Աբովյանը եւ Սանասար Վարդանյանը ՀՅԴ անդամներ են, սակայն ընտրական հանձնաժողովին անդամագրվելու դեպքում սառեցվում է նրանց կուսակցական անդամակցությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ