Անցյալ շաբաթվանից մայրաքաղաքի բնակիչները 8-ժամյա ջրամատակարարման փոխարեն 12-ժամ ջուր ունեն: Համենայնդեպս, այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հրավիրած ասուլիսում այդպես հավաստիացրեց «Երեւան ջուր» ընկերության հաղորդակցության եւ հաճախորդների հետ փոխհարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանը: Նա նշեց, որ որոշ խնդիրներ կան Սարի թաղում եւ Նորք Մարաշում, բայց առաջիկայում այդ թաղամասի բնակիչներն էլ կունենան 12 ժամյա ջրամատակարարում. «Մենք մեր առջեւ դրված պարտականությունները գերակատարել ենք»:
Ամիսներ առաջ Նուբարաշենում մարդկանց զանգվածային թունավորման դեպքի հետ կապված բժիշկները նշում էին, թե պատճառը ջուրն է, սակայն այսօր էլ «Երեւան ջրի» ներկայացուցիչը պարզաբանեց, որ իրենք վերջին 5-6 տարիներին որակի հետ կապված ջրի խնդիր չեն ունեցել. «Հիմա ես էս բաժակից ջուր եմ խմում, հնարավոր է ինձանից առաջ մի հիվանդ մարդ նույն բաժակից ջուր խմած լիներ: Քանի դեռ քննությունը ավարտված չէ՝ հստակ ոչինչ չեմ կարող ասել»:
Արաբկիր համայնքում բնակիչները դժգոհել էին, որ հայտարարում են, թե ջրամատակարարումը դադարեցվելու է, իրենք դույլերով, տարաներով ջուր են հավաքում, բայց հետո չի դադարեցվում, իրենք ստիպված հավաքած ջուրը, որի համար վճարում են՝ թափում են: Գագիկ Մարգարյանն էլ հաշվարկեց. «Մի 200-300 լիտրանոց տարաներով, վաննայով ջուր հավաքելու դեպքում ամենաշատը 1000 լիտր կարող են պահեստավորել, որի համար 175 դրամ են տալու: Ճիշտն ասած մենք բնակիչներին չենք ասում ջուր հավաքեք, եթե չեն ուզում՝ թող չհավաքեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ