Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փորձառու դիվանագետները Պուտինին առաջարկում են սերտել նախորդների թողած դասերը

Նոյեմբեր 21,2011 12:22

Արեւմտյան երեք փորձառու դիվանագետներ, վերլուծելով Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի, Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի եւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի քաղաքական անցյալը, Ռուսաստանի ներկայիս վարչապետ եւ նախագահի հավակնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել են դասեր քաղել երեք առաջնորդների անցած ուղուց։

Հայաստանում ու Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Վրաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին ու Բելառուսում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Քենեթ Յալովիցը այս հարցի շուրջ ծավալուն հոդված են հրապարակել The New York Times-ում։

Վերլուծելով երեք ղեկավարների անցած ճանապարհը` փորձագետները փաստում են, որ նրանցից յուրաքանչյուրը բավական հզոր է եղել` պատմության ընթացքը փոխելու համար, սակայն ընկրկել է, երբ հասարակությունը երկրում սկսել է փոխվել, զարգանալ ու նոր պահանջներ ներկայացնել։ «Շեւարդնաձեն, ում հետ մենք բավական սերտորեն աշխատել ենք, հաջողությամբ սկսված, սակայն տխուր վերջաբան ունեցող իշխանավարման լավ օրինակ է», – գրում են դիվանագետներն ու առաջարկում Պուտինին այս ամենից մի քանի դաս քաղել։

«Առաջին. լճացման դեմ պայքարելու համար շատ կարեւոր է իրական բարեփոխումներ անցկացնել եւ դրանք մինչեւ վերջ տանել։ Գորբաչովը գնաց այդ ճանապարհով, սակայն նրա ձեռնարկած քայլերը թույլ էին եւ անհետեւողական, Շեւարդնաձեն էլ ընկրկեց, երբ ազատ ընտրությունների արդյունքում իշխանության եկած երիտասարդները մարտահրավեր նետեցին իր իսկ պաշտոնավարմանը։ Մինչդեռ Պուտինը կարող է շարունակել ու մինչեւ վերջ տանել այս ճանապարհը ու դրանով ցրել Ռուսաստանում տիրող հուսալքված ու  հոռետեսական տրամադրությունները», – կարծիք են հայտնում փորձագետները։

Բացի այդ, դիվանագետները խորհուրդ են տալիս Պուտինին ճանապարհ հարթել երիտասարդ առաջնորդների համար։

«Շեւարդնաձեն, օրինակ, բավական տեւական ժամանակ կառչած էր իշխանությունից՝ պատճառաբանելով, թե երիտասարդ սերունդը փորձ չունի, Ելցինը սկզբում որոշակի լիազորություններ տվեց երիտասարդներին, հետո, հանդիպելով խոչընդոտների, միանգամից ետ կանգնեց, մինչդեռ Պուտինը իրենից սպասվող ակնկալիքներն ու հույսերը արդարացնելու համար պետք է մոդեռնիզացնի պետական համակարգը եւ ճանապարհ հարթի առավել երիտասարդ ու դեմոկրատ առաջնորդների համար», – կարծիք են հայտնում դիվանագետները։

«Այո, այսoր Պուտինն իր երկրի ամենամեծ վարկանիշն ունեցող առաջնորդն է, սակայն Ռուսաստանը փոխվում է, քաղաքացիական հասարակությունը, որն այժմ թույլ է, հետզհետե ուժ է հավաքում, եւ օրեցօր ավելի է ահագնանում ընտրազանգվածի դժգոհությունը կոռուպցիայից ու իրական ընտրության պակասից», – փաստում են փորձառու դիվանագետներն ու ընդգծում. – «Ժամանակին փայլուն կարիերա ունեցող Շեւարդնաձեին մարդիկ պաշտոնանկ արեցին, երբ վերջինս չկարողացավ լուծել Վրաստանի խնդիրները։ Պուտինը եւս կարող է այդ ճակատագրին արժանանալ, եթե չսերտի նախորդների թողած դասերը»։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930