Մարդիկ, որոնք նոթբուքից պարբերաբար օգտվում են՝ դնելով այն ծնկներին, կարող են դառնալ, այսպես կոչված, «այրված կաշվի սինդրոմի» զոհեր, երբ մաշկի վրա հայտնվում են բծեր՝ բարձր աստիճանի ջերմության երկարատեւ ներգործության հետեւանքով: Այս մասին հաղորդում է IT trend.am-ը, որ վկայակոչում է Շվեյցարիայի Բազել քաղաքում գտնվող համալսարանական հիվանդանոցի բժիշկներ Անդրեաս Արնոլդի եւ Փիթր Իթինի տեսակետը, թե մարդկանց վրա նոթբուքների վնասակար ազդեցությունը խիստ հազվադեպ կարող է հանգեցնել ծանր դեպքերի, մասնավորապես՝ մաշկի քաղցկեղի: Մասնագետները չեն նշել նման որոշակի դեպքեր, բայց այնուամենայնիվ՝ կոչ են արել նոթբուքը չդնել ծնկներին:
Խնդիրն այն է, որ եթե նոթբուքը մի քանի ժամ է ծնկների վրա եւ աշխատում է միայն մարտկոցով՝ տաքանում է մինչեւ 52 աստիճան ըստ Ցելսիուսի: Այն բծերը, որոնք հայտնվում են մաշկի վրա դրանից հետո, մանրադիտակի ներքո հիշեցնում են հետքեր, որոնք առաջանում են արեւային այրվածքներից:
Բժշկական հանդեսներում վերջին տարիներին նկարագրվել են շատ դեպքեր, որոնք վերաբերում են նոթբուքների գործածմանը: Օրինակ, տասներկու տարեկան տղայի, որն ամիսների ընթացքում օրը մի քանի ժամ շարունակ նոթբուք էր գործածել՝ այն պահելով ծնկների վրա, ազդրերի մաշկի վրա հայտնվել են սպունգանման գունազրկված հատվածներ: