Aravot.am-ը հրապարակել էր հարցազրույց Տարոն Մալակյանի հետ: Ի դեպ, Կիրո Մանոյանը նույն հարցազրույցի մեկնաբանությունների բաժնում առաջարկել էր. «հայերի հայկական անունները հայերէնում չթարգմանել–չտառադարձել օտարալեզու գրուածքից: «Դարոն»ը նոյն Տարօնն է, ոչինչ որ արեւմտահայերէնի հնչիւնաբանութեամբ՝ անգլերէնով այն կը գրուի Daron»: Պարոն Մալակյանը ոչ միայն կարդացել է այդ հարցազրույցը, այլ արձագանքել: Հիշեցնենք, որ հարցազրուցը վարել է ԵՊԼՀ միջազգային լրագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Թամամյանը, որի լրագրության վարպետության առարկայի դասախոսն «Առավոտ» օրաթերթի աշխատակից Մարգարիտ Եսայանն է:
Ներկայացնում ենք պրն Մալակյանի արձագանքն իր հարցազրույցին. «Սեփական հարցազրույցս կարդալու համար ստիպված էի վերհիշել աղքատիկ հայերենս, սակայն, այնուամենայնիվ, այն ինձ համար թարգմանեցին: Հետաքրքիր եւ հաճելի էր, որ ոչինչ չէր փոխվել` չնայած երբեմն օգտագործել էի ոչ գրական բառեր` խոսքս ավելի ազդեցիկ դարձնելու համար: Սա այն քիչ հարցազրույցներից մեկն է, որը բացահայտում է ինձ, իմ ներաշխարհը` իր լավ ու վատ կողմերով: Կային հարցեր, որոնց ես այլ դեպքում չէի պատասխանի:
Կրկին կարդալով` եւս մեկ անգամ հասկանում եմ, որ սա ավելի շատ ընկերական զրույց է երկու գժերի` իմ եւ Աննայի միջեւ, քան պարզապես լրագրողին տված մասնագիտական հարցազրույց: Շատ գոհ էի, որ չհնչեցին արդեն ինձ համար ստանդարտ դարձած հարցեր, ինչպիսին են` Տարոն, իսկ երբևէ մտածո՞ւմ եք համերգ ունենալ Հայաստանում, ի՞նչ կարծիք ունեք եղեռնի ճանաչման խնդրի վերաբերյալ եւ նման շատ ուրիշներ: Հարցերը տրված էին դիպուկ. նրանց հեղինակը, ինձ լավ ճանաչելով, խորամանկությամբ այնպիսի հարցեր էր տալիս, որ ես բռնկվեի եւ սկսեի շատ խոսել:
Հայ լրատվամիջոցներին շատ ծանոթ չեմ, սակայն ինձ ուրախացրեց այն փաստը, որ հարցազրույցս հրապարակած լրատվամիջոցը` Aravot.am-ը դրան ոչ մի քաղաքական երանգ չէր տվել ու տեղադրել էր մշակութային էջում: Սա հուշում է, որ հայ ԶԼՄՆ–երն ինձ եղեռնի ճանաչման համար պայքարողից բացի՝ ընկալում են որպես երաժիշտ, արվեստի եւ ընդհանրապես սովորական մարդ` հայ»:
Աննա Թամամյան
ԵՊԼՀ միջազգային լրագրություն 3-րդ կուրս