Այս շաբաթ բլոգների տեսության համար առանձնացրել ենք երեք բլոգներից մի քանի ուշագրավ հրապարակումներ:
Առաջին մեջբերումը մի բլոգից է, որտեղ վկայակոչելով մեկ այլ բլոգերի հրապարակումը, թե Արամի 30 հասցեում գտնվող եւ լուսանկարում պատկերված շենքը քանդվելու է (եկել է մեկն ու ասել՝ տաս օր ժամանակ ունեք տարածքն ազատելու համար)՝ մեկնաբանում է. «Դե հա, հիմա նորից դեպի պայծառ ապագան նայող ընկերներս կասեն. «Հերիք ա էս հնություններից կախվեք, թողեք թող Երեւանն էլ զարգանա»
Դավայծե, թող զարգանա
Մենակ մի բան եմ խնդրում. էկեք թող քաղաքապետ-գլխավոր ճարտարապետ-վարչապետ-կառուցապատող-նախարար-ճարտարապետներ ու մնացած կապ ունեցող շարիկ գլորողները ազնիվ ու անկեղծ ասեն. «Երեւանի կոնցեպցիան պաշտոնապես փոխում ենք, սրանից հետո գնում ենք Աթենքի ճանապարհով /քանի որ իդեալը Դուբայն ա, որին մեր էշ խելքի պատճառով չենք էլ կարող հասնել/. այսօրվանից ամեն ինչ ամեն տեղ կարելի է, հուշարձան-մուշարձան կամ պատմական քաղաքային միջավայր ..նող չկա, դրանք խոչընդոտ են, դրանցից բեթար մենակ հիմար ծառերն են /օրինակ շատ արաբական քաղաքներում մի հատ ծառ չկա ու մարդիկ նորմալ ապրում են/, ուրեմս, կառուցում ենք էն, ինչ կտեղավորվի ու ընդեղ, ուր բահով մարդ կարա մի կերպ մտնի, ու էն, ինչ կարելի է շուտ ծախել ու թռնել»: Է հա, կասեք դուք, բայց տենց էլ անում են արդեն վաղուց, հա բայց նյութականը առաջ է գնացել մտքից, հիմա էլ պետք է միտքը հասցնել գործին ու բարձրաձայնել պետականորեն եւ ֆիքսել օրենքներում: ՈՒ դրանից հետո թե վրդովվեմ կամ բողոքեմ՝ ամոթ ինձ»:
Երկրորդ մեջբերումն այս բլոգից Է եւ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին հետեւած մեկնաբանություններին. «Վարչապետի ուրախ ելույթին հաջորդած մի քանի օրում պարզ դարձավ, որ Հայաստանում անկախության տարիներին առաջացել է Մարզահամերգային համալիրի ակուստիկայի հարցերում մասնագիտացած փորձագետների մի մեծ խումբ։
Մինչ մենք սատանան գիտի, թե ինչով էինք զբաղված, այդ մարդիկ օրերով դուրս չէին գալիս մարզահամերգային համալիրի դահլիճներից. նրանք ձայներ էին հանում, լսում էին, վերլուծում ու… էլի ձայներ հանում, լսում ու վերլուծում։
Կարդացեք նաև
Եվ դարձան մասնագետ։
Եվ եկավ իրենց աստեղային ժամը»:
Վարչապետի ելույթը եւ շաբաթվա աղմկահարույց այլ իրադարձությունները յուրօրինակ «մուսա» են դարձել հետեւյալ բլոգերի համար, եւ նա գրել է Պապի պատգամը. տաղ ակտուալ և փաստարկված անվանյալ բանաստեղծություն, որում հղումներ կան տեսանյութերի եւ հրապարակումների.
«Պապս կասեր՝ բալաս,
Եթե մի օր խմես,
Լավ է «պրիզնատ» դու գաս,
Ոչ թե խոտան փնտրես:
Պապս կասեր՝ գիտցի՛ր,
Քեզ թե ընկեր գտնես,
Նայիր խմող լինի,
Ոչ թե օյաղ քեզ պես:
Պապս կասեր՝ թառլան,
Բայց լավ է լուրջ լինես,
Քան թե ոմանց նման
Խալխի կնիկ տփես:
Պապս կասեր՝ տղես,
Բայց ինչ էլ որ անես,
Էն ծույլիկների պես
Շարիկ չգլորես:
Պապս կասեր՝ կյանքս,
Չորս բան եմ ասել քեզ:
Երեքն էլ որ լսես՝
Հայտնի մարդ կլինես»: