Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում` Ողջաբերդ գյուղում. դիմակավորված հանցագործները բռնություն են կիրառել թոշակառու ամուսինների նկատմամբ

Նոյեմբեր 21,2011 10:30

Այսօր` նոյեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03.40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ, 74-ամյա Արամայիս Պապիկյանի եւ 71-ամյա Սեդա Պապիկյանի տանը (երկուսն էլ` թոշակառու) տեղի է ունեցել ավազակային հարձակում :

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այնտեղ էր նաեւ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Ալեքսանդր Պապյանը:

Ողջաբերդ գյուղ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 20-ին` ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ, դիմակավորված, ատրճանակներով ու դանակներով զինված երեք անձինք խաբեությամբ մուտք են գործել Պապիկյանների տուն, ատրճանակի եւ դանակի սպառնալիքի տակ բռնություններ կիրառել ծերունի ամուսինների նկատմամբ, այնուհետեւ կպչուն ժապավենով կապկպել են նրանց, ծեծի ենթարկել, ապա գիշերը մոտավորապես  01.50-ին Պապիկյանների տնից հափշտակել են 7,200 ԱՄՆ դոլար, 1 պարկ ընկույզ, «Նաիրի» տեսակի մի քանի շիշ կոնյակ, 1` դույլ նուշ, ու Պապիկյաններին թողնելով անօգնական վիճակում` դիմել են փախուստի:
Արամայիս Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել