Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոսում եմ թափված արցունքներիս համար»

Նոյեմբեր 20,2011 17:42


Նարեկը ծառայում էր բանակում, երբ խանութում հանդիպեց Աննային: Աղջկա տունը զորամասի մոտակայքում էր: Նարեկը Աննայենց հարեւաններից մեկից իմացել էր հեռախոսահամարը եւ անանուն հաղորդագրույուններ ուղարկել: Մի օր էլ մոտեցել եւ ասել էր, որ սիրահարվել է: «Չհասկացա ինչպես` մենք սկսեցինք հաճախակի խոսել, ծառայության պատճառով շատ քիչ էինք հանդիպում, հիմնականում շփվում էինք հեռախոսի միջոցով: Ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները լրջացան»,- պատմում է Աննան:
Աննան Նարեկին վստահելը այսօր համարում է իր կյանքի ամենամեծ սխալը. «Հիմա եմ հասկանում, որ նա պարզապես խաղաց իմ զգացմունքների հետ, օգտվեց իմ միամտությունից ու նվիրվածությունից»: Նարեկը ծառայության ընթացքում հաճախ էր զանգում և գումարներ խնդրում` պատճառաբանելով, որ պարտվել է և անպայման կվերադարձնի: «Ես միշտ ուղարկում էի նրան այդ գումարները: Նա, իհարկե, չէր վերադարձնում, բայց ես ինձ լավ էի զգում, որ դժվար պահերին նրա կողքին եմ լինում: Անգամ չէի էլ կասկածում, որ նա խաբում է ինձ: Չնայած, հիմա, որ մտածում եմ, թե ինչպիսի բաներ չէի նկատում, մեղադրում եմ ինձ, բայց սիրահարված էի: Օրինակ` ասում էր, որ կուբախտ են տանում իրեն, հետո պատահաբար տեսնում էի նրան քաղաքում, բայց նա էլի ժխտում էր ամեն բան»,- հիշում է Աննան:
Այդպես է շարունակվում մի քանի ամիս, մի օր էլ Նարեկը Աննային հայտնում է, որ իրեն մեծ գումար է անհրաժեշտ: «Ես ինձ մոտ գումար ունեի հավաքած` մոտավորապես 40.000 դրամ, ցանկանում էի ինձ համար նոր հեռախոս գնել, դա տվեցի նրան»: Պարզվեց, որ այդքանն էլ քիչ էր . Նարեկը Աննային խնդրում է նրա ոսկյա շղթան: «Ինձ համար դա իմ ամենաթանկ իրն էր, շատ էի սիրում: Տատիկս էր նվիրել ինձ, շատ գեղեցիկ շղթա էր`իր կախազարդով: Չէի համաձայնում, բայց համոզեց: Հիշում եմ` տնից դուրս եկա, գցեցի շղթան գետնին, որ նա գա վերցնի, ու արցունքներն աչքերիս վերադարձա տուն: Ասեց, որ շատ շուտ կվերադարձնի: Այդ դեպքից հետո միշտ անհասանելի էր, հիմա չեմ կարող պատմել թե ինչ էր զգում այդ օրերին»: Որոշ ժամանակ հետո Նարեկը մի օր զանգում է: «Վերցրեցի հեռախոսը: Ասաց, որ ամուսնանում է. Էլ իրեն չանհանգստացնեմ: Ասացի` բարի բախտ ու անջատեցի հեռախոսս: Ես, որ երբեք իմ կյանքում ծնողներիս չէի խաբել, ասացի, որ կորցրել եմ շղթան: Նրա պատճառով ստել եմ: Բարդ է ապրումներս այժմն ներկայացնելը: Վերացել էի, ինձ համար ոչինչ գոյություն չուներ: Իսկապես սիրում էի նրան»:
Աննան խոստովանում է, որ շատ է տանջվել, բայց այդ դեպքից հետո ավելի ուժեղ է դարձել: «Ես իսկապես կարողացա դուրս գալ այդ իրավիճակից, հիմա չեմ վստահում տղաներին: Սա ինձ համար դաժան դաս էր ամբողջ կյանքիս համար: Ափսոսում եմ ոչ թե գումարի կամ շղթայի, այլ իմ ապրումների ու ամիսներ շարունակ թափված արցունքների համար»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930