Եթե անկախ Հայաստանում պետական քաղաքականություն չի իրականացվում մայրենիի անաղարտության համար, ապա Թուրքիան երբեք ռեսուրսներ չի խնայել ոչնչացնելու լեզվական այն հետքերը, որոնք վկայել են հայերի բնիկ լինելը Արևմտյան Հայաստանում: Այսպես է կարծում հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավիկ Մարությանը: Նշում է` 1957 թվականին Թուրքիայում ստեղծվել է անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով, որը մինչև այսօր շարունակում է գործել: Կատարվել է մոտ 30000 անվանափոխում` լեռների, գետերի, գյուղերի, լճերի և առհասարակ այն տարածքների, որոնք հիշեցնում են հայերին: «Մշակված քաղաքականության արդյունքում ոչնչացվել են Մուշի, Կիլիկիայի, Տիգրանակերտի, Վանի բարբառախմբեր, որոնք այսօր կարող էին առատորեն «սնուցել» գրական հայերենը»,- ասում է նա: Կարծում է` պետք է ստեղծել բարբառագիտական ատլասներ, որոնցով հնարավոր կլինի պարզել` բարբառակիր ժողովրդի հեռանալուց հետո այդ բարբառներն ի՞նչ եղան: Ատլասները կդառնան նաև իրավական փաստաթուղթ`Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար: «Մի քանի սերունդ ևս և Արևմտյան Հայաստանի բարբառներով խոսողներ չեն լինի, ուստի անհրաժեշտ է շտապել: Մենք ունենք առանձին բարբառների վերաբերյալ գրականություն, սակայն համահավաք ոչինչ չկա»,- ասում է նա` մտահոգվելով,-մենք ոչ միայն չենք պայքարում այս խնդրի դեմ, այլև հարմարվում ենք Թուրքիայի թելադրած քաղաքականությանը »:
Խոսելով Լեզվի պետական տեսչության գործունեության մասին` պարոն Մարությանը առաջարկում է ստեծել լեզվի դատախազություն. «Պետք է ստեղծել մի հզոր մարմին, որպեսզի լեզվական քաղաքականությունը վերահսկվի և դատի այն խախտողներին»:
Գայանե Աբասյան