Աշխարհում ամենաշատ երկրպագուներ ունեցող իսպանական «Բարսելոնան» Հայաստանում ևս ունեցավ իր ֆան ակումբը: «Մենք նպատակ ունենք մեր Ֆան ակումբը պաշտոնապես գրանցել հենց Բարսելոնայում: «Բարսելոնայի» ֆան ակումբի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է տարեկան վճարել 35.000 դրամ: 6 ամիսը մեկ անգամ մեր մասնակիցների միջև խաղարկում ենք «Բարսելոնայի» խաղի 1 տոմս, ճանապարհածախսն ու բնակության համար անհրաժեշտ գումարը մենք ենք վճարում »,- ասում է «Բարսելոնայի» հայաստանյան ֆան ակումբի նախագահ Հարությունյան
Էդմոնդը: Ակումբը բացվել է այս տարվա հոկտեմբերի 13-ին, անդամների թիվը դեռևս 8-ն է: Մելքումյան Արմենը, ով արդեն 12 տարի է, ինչ երկրպագում է «Բարսելոնային», ներկա է գտնվել իսպանական ֆուտբոլային ակումբի շատ խաղերին հենց մարզադաշտից, ծառայում է բանակում, ծառայության ավարտից հետո մտադիր է միանալ «Բարսելոնայի» հայկական ֆան ակումբին. «Այդպիսի ակումբի ստեղծման ծրագրեր ես ունեի, սակայն բանակում իմացա, որ այն արդեն բացվել է, մեծ սիրով կմիանամ նրանց»,- ասում է նա: «Բարսելոնան» նաև բար-սրճարան է. այստեղ հավաքվում են ակումբի հայ երկրպագուները և միասին դիտում իրենց թիմի խաղերը: Ինչպես «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում նշեց Էդմոնդը` աշխատակիցների մեծ մասը «Բարսելոնայի» երկրպագուներ են, սակայն այստեղ կարող են գալ բոլորը: Հայաստանում քիչ չեն նաև «Ռեալ Մադրիդի» երկրպագուները: Նրանցից ամենաակտիվները 2010 թվականին վերստեղծեցին realmadrid.am կայքը, որն այսօր Հայաստանում ամենից շատ դիտվողներից է: «realmadrid.am-ի նպատակն է ապահովել հայ «մադրիդիստին» իր հարազատ ակումբի մասին տարաբնույթ տեղեկատվությամբ»,- ասում է կայքի հիմնադիրներից Հարություն Իսպիրյանը: Կայքում գրանցված են մոտավորապես 16.000 օգտատեր: Նրանցից ամենաակտիվները` շուրջ 200 հոգի, հաճախակի կազմակերպում են հանդիպումներ, որոնցից ստացված գումարն էլ օգտագործում բարեգործական նպատակներով: «Ռեալ Մադրիդի» հանդիպումները դիտում են միասին: «Խաղից առաջ հավաքվում ենք ու երգելով, «Ռեալի»
շարֆերով, դրոշներով, մարզաշապիկներով գնում ենք միասին խաղին հետևելու, խաղից հետո էլ` հաղթանակի դեպքում, նույն տրամադրությամբ տոնում ենք հաղթանակը»,- պատմում է «Ռեալ Մադրիդի» ֆան ակումբի ներկայացուցիչ Անահիտ Նազարյանը: Ամեն տարի նշում են 2 տոն` «Ռեալ Մադրիդի» և «Ռեալ Մադրիդի» հայկական ֆան ակումբի ծննդյան օրերը: «Հավաքվում ենք, ացկացնում ֆուտբոլային հանդիպում, իսկ հետո` երեկույթ, որի ընթացքում ամենաակտիվ մասնակիցները ստանում են մրցանակներ»,-ասում է Հարությունը: «Ռեալի» հայկական ֆան ակումբը ևս պաշտոնապես գրանցվելու նպատակ ուներ, սակայն իմանալով ներկայացվող պահանջները` (պետք է ունենային Մադրիդում պաշտոնապես գրանցված առնվազն 50 անդամ, որի յուրաքանչյուր տարվա անդամավճարը սկսվում է 40 եվրոյից) հրաժարվեցին այդ մտքից, փոխարենը` շուտով ավարտվում է ֆան ակումբի ` որպես հասարակական կազմակերպության պետական գրանցման գործընթացը: Չնայած աշխարհում «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան» հայտնի են որպես թշնամի ակումբներ, սակայն, ինչպես նշեցին երկու կողմերի հայ երկրպագուները, իրենց միջև թշնամական հարաբերություններ չկան:
Լիլիթ Սարգսյան