Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցիները Բաթումի կհասնեն ավելի կարճ ժամանակում

Նոյեմբեր 19,2011 17:29

Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը: Կողմերը քննարկել են տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի և Վրաստանի միջև միասնական տնտեսական քաղաքականության ներդրմանը, որն իր հերթին թույլ կտա էապես ավելացնել երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը: 

«Ուրախալի է, որ տարեցտարի հարաբերությունները խորանում են ու զարգանում: Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45 տոկոսով»,- ասել է Վրաստանի վարչապետը: Նա նշել է, որ առկա են հայ-վրացական բազմաթիվ ընդհանուր նախագծեր, որոնք վերաբերում են մաքսային կետերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարությանը և այլն:

Նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին պատասխանել է հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաեւ Երևան-Բաթումի չվերթերի հաճախականացման և դրանց սակագների նվազեցման մասին հարցին: «Հայկական և վրացական անցակետերի աշխատանքը դարձնել միասնական: Այդպիսի միասնական վարման մեկ նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, և համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն՝ կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին, և հուսով եմ որքան հնարավոր է շուտ»,- պատասխանել է Վրաստանի վարչապետը: Երեւան-Բաթումի չվերթի հետ կապված էլ նա ասել է. «Երևան-Բաթումի չվերթը շատ շահավետ է մասնավոր ընկերությունների համար: Ավիաընկերություններից ոչ մեկը պետական չէ, բոլորը մասնավոր են, և համապատասխանաբար նրանք որոշ չափով որոշում են այս կամ այն չվերթը շահավետ է, թե ոչ: Ըստ իս՝ պետք է, որ շատ շահավետ լինի: Կոչ եմ անում և՛ հայկական, և՛ վրացական ավիաընկերություններին մտածել Երևան-Բաթումի չվերթի ուղղությամբ: Մենք կառավարությունների մակարդակով ձեռք ենք բերել համաձայնություն բաց երկնքի վերաբերյալ, համապատասխանաբար, ցանկացած ընկերություն կարող է իրականացնել չվերթեր: Դա նրանց համար ձեռնտու պետք է լինի, քանի որ, իսկապես, շատ մեծ է դրանց պահանջարկը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, պատասխանելով Երևան-Բաթում ճանապարհի կառուցման վերաբերյալ հարցին, նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում պետք է ամփոփեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները: Վարչապետ Սարգսյանի համոզմամբ, առաջին անգամ Հայաստանն ունենալու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհ, որի երթևեկության չափանիշներն այնպիսին են, որ մեծ արագությամբ մեքենաները կարող են հատել Հայաստան-Վրաստան սահմանը: Վարչապետը հույս է հայտնել, որ այդ ծրագիրը կխթանի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթումի:

 ՀՀ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930