Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 13-ին և 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց, որից շուրջ 70-ը` «СВД» և «Սև նետ» դիպուկահարային հրացաններից: Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ:
Այսօր` նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: Այս մասին Aravot.am-ին հայտնում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին