Լրահոս
Օրվա լրահոսը

Համքարություններ եւ հստակ խոսք

Նոյեմբեր 19,2011 14:29

Ըստ եգիպտահայ Նաիրի Համբիկյանի՝ սա է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարգավորելու ելքը

Նոյեմբերի 16-18-ը Երեւանում անցկացվել է «Երեւանյան բիենալե 2011» համահայկական ճարտարապետական առաջին մրցույթ-ցուցահանդեսը: Մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Քաթարի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ռուսաստանի եւ այլ երկրների հայ ճարտարապետներ: Այս օրերին Երեւանում էր նաեւ եգիպտահայ ճարտարապետ Նաիրի Համբիկյանը, ում հետ մեր զրույցը միայն ճարտարապետության մասին չէ:

«Եկել եմ այս բիենալեին, մտածեցի, որ լավ կապ ստեղծելու հնարավորություն է սա, աղվոր առիթ է: Ես սովորել են Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում եւ այլուր, 1982-1984-ին վերապատրաստում եմ անցել Երեւանում՝ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի մոտ: Ամեն տարի գալիս եմ Երեւան, կապը սերտ եմ պահում, դա իսկապես ինձ ուժ է տալիս, առանց չակերտների:

Ուզում էի իմ փորձառությունս փոխանցել ու նաեւ ուզում էի մեսիջ ուղարկել բոլորին՝ ընդլայնելու մեր փոխհարաբերությունների ծիրը: Ամեն անգամ, երբ երկու հայ հանդիպեն իրար, պարտադիր չէ, որ միայն հայերեն խոսելով ուրախանան: Ես միշտ նույն օրինակն եմ բերում: Երբ, ասենք, իսպանահայը եւ եգիպտահայը հանդիպում եւ խոսում են հայերեն, շատ աղվոր է, ազգայինով է լիցքավորում, բայց պրոֆեսիոնալ լիցքավորում կա, որ մնում է ետ, ստվերում, դրա համար ժամանակ չի լինում: Եթե ես՝ արաբերեն խոսող հայս, իսպանահայի հետ խոսեմ, օրինակ, արաբերենի լեզվի մասին, սա ավելի լավ կլինի մեզ համար, մեր հարաբերությունների զարգացման համար, քան միայն մեր հայկականի մեջ բանտարկված մնանք»,- ասաց տիկին Համբիկյանը:

Մեր զրուցակիցն ասաց, որ մտածում է շփումները մասնագիտական հարթություն տեղափոխելու մասին: «Ես փորձել եմ պրոֆեսիոնալի մասին էլ մտածել, հավաքել եմ Եգիպտոսի հայ ճարտարապետների մասին տեղեկություններ: Գիրքը սեղանիս վրա է: Գաղութապատկան ճարտարապետների եւ կառույցների մասին է գիրքս, որը հետո ինտերնետում կլինի, ու ես կհամարեմ, որ մի բան արել եմ գաղութի եւ Հայաստանի կապի ամրապնդման համար: Նախընտրելի է հիմա մի բան անել, քանի դեռ հայ կա, ոչ թե Հնդկաստանի նման՝ ուշացած են ուզում մի բան անել»:

Այսօր Եգիպտոսում կա 5000 հայ, հիմնականում արհեստավորներ են, նաեւ վաճառականներ, եկեղեցիներ կան, հայկական սրահներ, բայց Նաիրի Համբիկյանը այս ամենին պայծառ ապագա չի կանխատեսում: «Դժբախտաբար կամ բնականաբար, Եգիպտոսի հայ համայնքն էլ կդառնա պատմություն, ինչպես հնդկահայությունը: Սա հոռետեսություն չէ, սա իրատեսություն է: Տեղի ավանդական կուսակցությունների դերը փոքրացել է սրահներ եւ թերթեր պահելու աստիճանի: Սրանք կարեւոր են, երեխաները գնում են, այնտեղ հայկական ոգի կա, հայ մթնոլորտ: Բայց թերթերի որակը այն չէ, կարող եք տեսնել եւ հասկանալ: Որակը գեշ է, վատանում է նաեւ դպրոցների որակը: Չեն ուզում մի այլ ձեւով վերակենդանանալ: Հայրս ասում էր՝ գնի հայկական թերթը, որ օգնած լինես: Չգիտեմ ինչու»:

Տիկին Համբիկյանն ասաց, որ Եգիպտոսի հայերի եւ գաղութի վրա Մուբարաքի տապալումը ոչ մի բացասական ազդեցություն չի ունեցել: Արաբների ներքին հարցերին հայերը չեն խառնվում, չեզոքություն են պահպանում, ու դա գնահատվում է. «Բայց չգիտեմ, թե քիչ հետո, ոչ հեռու ապագայում ինչ է լինելու»: Եգիպտոսի հայերը արաբական այլ երկրների հայերի հետ մշտական շփում չունեն:

5000 հոգանոց համայնքում հայկական ավանդական երեք կուսակցությունների կառույցներն էլ կան: Համբիկյանը, սակայն, որ ընտանեկան կապեր ունի այս կամ այն կուսակցության այս կամ այն անդամի հետ՝ ինքը անկուսակցական է: «Իմաստ չունի Եգիպտոսում դառնալ այս կուսակցություններից մեկի անդամ, այն կուսակցությունների, որ ստեղծվել են ուրիշ պատճառներից ելնելով, մերժում եմ այդ առաջարկները: Այս կուսակցությունների պայքարի մղումները չկան այլեւս: Կուսակցությունները իրենց դերը ունեն, քաղաքավարի են իրար հետ, որովհետեւ քանակը քիչ է: Բայց Հայաստան-Սփյուռք կապերի ձեւավորված հարցում իրենց դերը շատ ձախող է: Փաստ՝ շատ քիչ մարդ Հայաստան վերադարձավ, երբ Հայաստանը անկախացավ: Տարիներով այդ կուսակցությունները քարոզում էին Հայաստան, ու այդ քարոզչությունը ձախողվեց»:

Ճարտարապետ Համբիկյանը վստահ է, որ մեզ կարող է միավորել հենց փորձի փոխանակումի, մասնագիտական հարթություններում շփումների ակտիվացումն ու կապերի ընդլայնումը: «Դրսում աշխատող ճարտարապետ եմ եւ ունեմ իսլամական, փարավոնական ճարտարապետական արժեքների իմ արած վերականգնման աշխատանքների ամբողջ փաթեթը, կապեր ունեմ Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ կարեւոր հաստատությունների հետ: Բայց այս տեղեկությանը մենք չենք անդրադառնում, մեզ ավելի ուժ եւ տաքություն են տալիս հայկական հարցերը: Ես վերաշինություններով զբաղվող ճարտարապետ եմ եւ ուզում եմ ներդրում ունենալ: Այսօր Հայաստանի հուշարձանների վրա վերաշինությունները աններելի են եւ անտեղի: Վերաշինությունը գիտական հիմքով ընդամենը 100 տարեկան է: Պետք չունենք հետ գնալ 100 տարի եւ նորից նույն ճանապարհը անցնել. հայը խելացի, շուտ ըմբռնող եւ առաջ տանող ժողովուրդ է: Սփյուռքահայ ճարտարապետներս շատ խոսք ունենք ասելու մեր ճարտարապետության մեջ: Այն, ինչ չէր կառուցվում այստեղ խորհրդային տարիներին, կառուցվում էր սփյուռքում՝ պատմության շատ կարեւոր մի մաս: Չեմ ուզում նսեմացնել այսօրը, բայց ես ուրիշ բանի կարոտ ունեմ, ուրիշ բան ավելի կարեւոր է Հայաստանում. պրոֆեսիոնալ օտարներին այստեղ բերել: Օտարները պետք է խենթանան, որ 10-րդ դարի հայկական եկեղեցու հոտը միայն առնեն: Օտարները ստեղծել են գործիքները, որ կարողանան մոտենալ այս հուշարձաններին, բայց հուշարձաններ չունեն: Մենք ունենք հուշարձաններ, բայց չունենք գործիքներ: Այսօր մենք այլ կերպ ենք հարցը դնում. վայ, տեսեք, Եգիպտոսում ինչ գեղեցիկ հայկական եկեղեցի կա, ու վերջ»:

Մասնագիտական շփումները գերակա համարող սփյուռքահային դուր են գալիս ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած մասնագիտական համաժողովները. «Մասնագիտական համաժողովները, որ անում է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ շատ լավ է: Երբ Էդուարդ Նալբանդյանն էր Եգիպտոսում ՀՀ դեսպանը, ասում էի իրեն, որ պետք է վերականգնել հին համքարությունները, որ հայերը չխոսեն միայն հայ լեզվի եւ հայ հոգու մասին: Հասկանալի է գաղութների նկատմամբ Հայաստանի այս հետաքրքրությունը, բայց արժե՞ արդյոք միայն դրա համար շփվել: Լավ, ասացինք որտեղ քանի հայ կա, ինչով է զբաղվում՝ հետո՞, նորից պիտի կրկնենք նո՞ւյնը… Հայաստան-Սփյուռք հարաբերությունը պետք է կառուցել միայն պրոֆեսիոնալ հիմքի վրա: Շիտակ եւ հստակ լինենք: Օրինակ, մեկը եկավ Հայաստան՝ լահմաջոն բերեց, պահանջարկը կար, ու հաջողեց: Ճարտարապետության կամ այլ պարագային այլ բնագավառներում քիչ ավելի դժվար է, օրենքների տարբերություն կա: Մեր ավանդական կուսակցությունների պահվածքի տկար կետը այն է, որ իրենց գլուխները զատած են շատ հարգելի մարդկանցից ու այդ պրոֆեսիոնալ շփման պակաս ունեն: Եթե դրսում ապրող հայ ես եւ, ասենք, աթոռ շինող ես, գործդ ավարտում ես ու կեսօրից հետո զբաղվում հայկական հարցերով, ուրեմն այս երկրորդը դարձավ հոբբի: Բայց եթե համահայկական շփումներում ասես՝ այս մեխը ոնց են մեխում, ոնց անեն, որ աթոռը երկար դիմանա, չճոճվի՝ ավելի մեծ օգուտ կտաս Հայաստանին»:

Պարզվում է, սակայն, որ սա անելը դյուրին գործ չէ. «Հայաստանում եղավ Լրագրողների համահայկական համաժողով: Եգիպտոսից եկան ամենավատ մակարդակի լրագրողները եւ չեկան այն հայ լրագրողները, որ աշխատում են արաբական թերթերում, եւ որոնց կապը Հայաստանի հետ շատ ավելի կարեւոր է, քան այն, որ հայ լրագրողը հայերեն խոսի: Պրոֆեսիոնալ լրագրողները դուրս էին այս ծիրեն: Սա կուսակցական կապերով եղավ, խորհրդային տարիներին գործած Սփյուռքահայերի հետ կապերի կոմիտեից դեռ պահպանված կապեր կային, որոնք շարունակում են իրենց կապերը: Այս հարթությունում ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱ չի եղել, Հայաստանի անկախություն էլ չի եղել: Շփումներում բառամթերքն է անգամ նույնը: Նույն անձն է շարունակում, լեզուն մի քիչ փոխել է, եւ վերջ»:

Թե Եգիպտոսում, թե այլ երկրներում կան հայերեն չխոսող հայեր, հայերի ուծացումը ու ձուլումը լուրջ մարտահրավեր է բոլոր գաղութների համար: Նաիրի Համբիկյանի խոսքով՝ Եգիպտոսում օտար լեզվով խոսող հայերը մի տեսակ լուսանցքում են, անտեսված: «Լեզուն սրահներից ներս է կիրառվում: Ինքնաբերաբար, օտար լեզվով խոսող հայերը քիչ-քիչ անհետանում են այն կադրի միջից, որի անունն է գաղութ: Նրանք իրենց հայ են համարում, ամուսնացել են, հայի ազգանուն չունեն, բայց իրենք հայ են, հիշում են՝ ում մայրը կամ տատը որ ճաշը ինչպես էր պատրաստում: Մի առիթով Հրանուշ Հակոբյանը ասաց՝ այլ նախարարներ աշխատում են հրամաններով՝ հրամայում են այս կամ այն աշխատողին, եւ գործը արվում է, ասաց՝ իմ աշխատողը սփյուռքահայերն են ու հայկական գաղութները, ում ես չեմ կարող հրամայել: Համաձայն եմ իր հետ ու այսօր ես մեղադրում եմ գաղութներին եւ ոչ՝ Հայաստանին»:

Վերջում տիկին Համբիկյանը բանաձեւեց այս ամենից ելքի իր պատկերացումը. «Սփյուռքն ինքզինքը պիտի կարգավորի-կարգադրի: Այսքան շատ չսիրեն Հայաստանը՝ սփյուռքին եւ սփյուռքը՝ Հայաստանին: Թող մեկը մյուսին քննադատի, որ նորմալ հարաբերություններ սկսեն ձեւավորվել: Պետք չունենք իրար հայհոյելու, պետք չունենք մեր աղտոտ լվացքը հրապարակային անելու, բայց աշխատասենյակներում կարելի է բաց-հրապարակային, հանգիստ խոսել, անել այդ լվացքը: Այսպես քաղաքավարի եւ երկար տարիների այս ընտելացումը, որ մանր շահերի հետեւանք է, չի կարելի շարունակել»:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930