Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳ ԵՐԳՈՑ

Նոյեմբեր 19,2011 14:21

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ ութերորդ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

Եվ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «որ խնդրենք, մի հատ չես երգի՞, Էնրիկո», եւ Վերժինեն ասաց՝ «Հենրիկի տրամադրությունը որ տեղն ա լինում, առանց խնդրելու էլ ա երգում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «դե թող առանց խնդրելու երգի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Վերժինեին նայելով ասաց՝ «որ առանց խնդրելու երգում եմ, հետեւիցս  հազար ու մի բան են խոսում», եւ Հրանտը հարցրեց՝ «ո՞վ ա խոսում», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «տիկին Վերժինեն», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ խոսել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անցած ըլնի», եւ Վերժինեն  վրդովված ասաց՝ «որ խոսակցությունը բացել ես, պիտի լրիվ ասես», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով Վերժինեին հարցրեց՝ «էն մի հոգավորի քառսունքին որ երգեցի, Կատյային ի՞նչ էիր ասել», եւ Վերժինեն անակնկալի գալով հարցրեց՝ «ո՞ր Կատյային», եւ Սիրավը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «տիկնոջս», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «տիկնոջդ ասել եմ, որ քառսունքի սեղանին չի կարելի երգել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ընտանիքը դեռ սգի մեջ էր», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Էնրիկոն մի քանի բաժակ բան էր խմել, չդիմացավ՝ երգեց», եւ Վերժինեն ասաց՝ «անտեղի երգեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հեչ տեղին չէր», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «լափ էլ տեղին եմ երգել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ երգն էդ մարդկանց սգին լավ էլ համահունչ էր», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ո՞նց էր համահունչ», եւ Սիրավը փռթկացնելով ասաց՝ «էդ երգը կակռազ կյանքի ու մահվան մասին ա», եւ Վերժինեն ծիծաղելով ասաց՝ «դու իտալերեն էիր երգում. էդ խեղճերը ո՞նց պիտի հասկանային, որ կյանքի ու մահվան մասին ա», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «Էնրիկոն մեղավոր չի, որ էդ մարդիկ իտալերեն չգիտեն», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս քաղաքում  մենակ Գագոն իտալերեն գիտի», եւ Սիրավը ժպտալով հարցրեց՝ «իտալացի Գագո՞ն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հեչ մտքովս չէր անցնի, որ Արիսի ընկեր Գագոն կարող ա իտալերեն իմանա», եւ Հրանտը ծիծաղելով Սիրավին ասաց՝ «որ հանկարծ Գագոյի ներկայությամբ երգես, բոլոր սխալներդ կբռնի», եւ Հենրիկը հարցրեց՝ «որ ի՞նչ երգեմ», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «կյանքի ու մահվան մասին», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞ր սխալներս պիտի բռնի», եւ Հրանտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «քերականական ու ուղղախոսական», եւ Սիրավը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «վարիանտ չկա, որ որեւէ սխալ բռնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես Կարուզոյի արիաները մեկին մեկ եմ երգում», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «Հենրիկոն Էնրիկոյին զուբրիտ ա անում», եւ Սիրավը մի  քիչ մտածեց ու ասաց՝ «ասում են, որ շատ տոչնի եմ երգում. համ բառերի իմաստով, համ՝ երաժշտության», եւ Հրանտը փռթկացնելով հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ Սիրավը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «մասնագետները», եւ Հրանտը փռթկացնելով հարցրեց՝ «օրինակ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «օրինակ՝ Տիկոն», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ Տիկո», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «Գոհար Գասպարյանի կողակից Տիգրան Լեւոնյանը»,  եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համարյա Տիկոյի պես երգում ես», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «ո՞ր Տիկոյի», եւ Հրանտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «Գոհար Գասպարյանի կողակից Տիկոյի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին հարցրեց՝ «բա Գոհար Գասպարյա՞նն  ինչ կարծիքի ա», եւ Սիրավը հարցրեց՝ «ինչի՞ մասին», եւ Հրանտն ասաց՝ «քո երգեցողության», եւ Սիրավը կարմրելով ասաց՝ «Գոհարի մոտ ռիսկ չեմ արել երգեմ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «շատ իզուր», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իմ երգեցողությունն ամենից շատ վարպետն էր հավանում», եւ Հրանտը հարցրեց՝ «ո՞ր վարպետը», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «Մարտիրոս Սերգեյիչը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Մարտիրոս Սերգեյիչն իտալական  օպերաների խոշոր գիտակ էր», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտակը գիտակ չէր, բայց ինքը մեծություն էր ու ամեն ինչ հասկանում էր», եւ Հրանտը ժպտալով Հենրիկին հարցրեց՝ «վարպետը երգեցողությանդ մասին ի՞նչ էր ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում էր՝ հոգուդ խորքից ես երգում, Հենրիկ ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի անգամ էլ ասեց՝ իզուր էլ երգիչ չես դառել, Հենրիկ ջան»,  եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վարպետը շատ սուր խոսք ուներ», եւ Սիրավը հարցրեց՝ «հետը շփվել ես, չէ՞», եւ Հրանտն ասաց՝ «մի քանի անգամ բախտ ունեցել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Բիտովի հետ որ գնացել էինք, մոտը շատ երկար նստեցինք», եւ Սիրավն ասաց՝ «Բիտովը վարպետի մասին շատ ուժեղ ա գրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի ուժեղ էր գրել, բայց գլավլիտն ահագին կրճատեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ իրիկուն Սարյանն ամբողջովին տարերքի մեջ էր. բերանից ուղղակի մարգարիտներ էին թափվում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ինձ բախտավոր եմ համարում, որ Սարյանի հետ շփվել եմ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ինքը բոլոր ժամանակների մեր լավագույն գեղանկարիչն ա», եւ Վերժինեն ծիծաղելով Սիրավին ասաց՝ «համ բոլոր ժամանակների լավագույն նկարչի հետ ես շփվել, համ էլ՝ արձակագրի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ինձ բախտավոր մարդ եմ համարում, տիկին Վերժուկ», եւ Հրանտը ժպտալով Վերժինեին ասաց՝ «Համո Սահակիչի էդ ասածը դուրդ շատ ա էկել», եւ Վերժինեն հարցրեց՝ «ո՞ր ասածը», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «էդ բոլոր ժամանակներինը», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Համո Սահակիչը նորություն չի ասել. էդ նույն բանն իրանից առաջ Մատվեյիչն ա ասել», եւ Սիրավը հարցրեց՝ «Մատվեյիչն ի՞նչ ա ասել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասել ա, որ Հրանտը բոլոր ժամանակների լավագույն արձակագիրն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Վերժինեին ասաց՝ «իբր իրենք քիչ են ուռճացնում, մի բան էլ դու ես ավելացնում», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ավելացրել» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «բառ անգամ չեմ ավելացնում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ավելի ճիշտ՝ ոչ թե ավելացնում ես, այլ պակասեցնում ես. կարեւորագույն բառը սղում ես», եւ Վերժինեն հարցրեց՝ «կարեւորագույն բառը ո՞րն ա», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեր-ը» եւ ժպտալով ավելացրեց՝ «Հրանտը ոչ թե բոլոր ժամանակների լավագույն արձակագիրն ա, այլ՝ բոլոր ժամանակների մե՛ր լավագույն արձակագիրն ա», եւ Վերժինեն տհաճությամբ նայեց Հրանտին ու ասաց՝ «շա՜տ քթի մազն ես, հա՜» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «իբր գոհ չես, որ էդ բառը պակասեցնում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «շա՜տ կերազեիր», եւ Սիրավը Վերժինեին հարցրեց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ Վերժինեն հարցրեց՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «բառը պակասացնում ես, բայց իմաստն ավելանում ա. մեր լավագույն արձակագիրը միանգամից դառնում ա բոլորի՛ լավագույն արձակագիրը», եւ Վերժինեն թարս նայեց Սիրավին ու հարցրեց՝ «գոհ չե՞ս, որ բոլորինն ա դառնում», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «ես շատ գոհ եմ,  բայց Հրանտոն ա դժգոհ», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Հրանտը ձեւեր ա անում, թե դժգոհ ա», եւ Հրանտը ժպտալով Վերժինեին ասաց՝ «հայոց լեզվի  դասատու ես. մեր լեզվի հետ շա՜տ զգույշ պիտի վարվես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարեւորագույն բառերը սղելու իրավունք չունես», եւ Սիրավը ժպտալով Հրանտին ասաց՝ «բայց մարդիկ Վերժուկի դերն էլ են շատ բարձր գնահատում», եւ Վերժուկը Սիրավին հարցրեց՝ «այսինքն, ո՞նց են բարձր գնահատում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասում են՝ եթե Վերժուկը չլիներ, Հրանտոն դժվար թե մեծ գրող դառնար», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրանով ոչ թե ինձ են բարձրացնում, այլ Հրանտին են գցում» եւ մի քիչ մտածեց ու Սիրավին հարցրեց՝ «ո՞վ ա էդպես ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նույն Համո Սահակիչը», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «իրան էլ Սվետիկն ա մեծ բանաստեղծ դարձրել», եւ Հրանտը քմծիծաղով ասաց՝ «ինքը նախքան Սվետիկն ա մեծ բանաստեղծ էղել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու Սիրավին ասաց՝ «Համոյին կասես, որ մեծ գրող չեն դառնում. մեծ գրող ծնվում են», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «մյուս շաբաթ որ հիվանդատես գնանք, անպայման կասենք», եւ Վերժինեն Սիրավին հարցրեց՝ «մյուս շաբաթ Ահնիձոր չե՞նք գնալու», եւ Սիրավը մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «մյուս շաբաթ համ Ահնիձոր կգնանք, համ էլ էդ կարեւորագույն բանը Համո Սահակիչին  կասենք», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «Համոն էլ ա՞ հետներս Ահնիձոր գալու», եւ Հրանտը Վերժինեին ասաց՝ «ինքը հիվանդ պառկած ա. ո՞նց հետներս Ահնիձոր կգա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ առողջ էլ լիներ, էլի հետներս չէինք կարա տանեինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե Վերժուկն ու Կատյան գալիս են, մեքենայի մեջ տեղ չի մնում», եւ Հրանտը նայեց ինձ, հետո Սիրավին ասաց՝ «մի տեղ մնում ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ինձ նայելով Հրանտին ասաց՝ «նեղվածք կլինի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ իմաստով «Նիվան» շատ անհարմար մեքենա ա», եւ Հրանտն ասաց՝ «բայց գյուղական ճանապարհների իմաստով «Նիվան» շատ հարմար ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թե չէ՝ ես էլ շատ կուզեի, որ Արմենչոն հետներս գար», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Արմենչոյին որ հետներս  տանենք, հետո գալու ա՝ հազար ու մի սուտ բաներ հնարելով փչի», եւ Վերժինեն ասաց՝ «ձեր խոսացածներից մարդ բան չի հասկանում», եւ Հրանտը Վերժինեին ասաց՝ «ի՞նչը չես հասկանում. արդեն քանի ամիս ա՝ Համո Սահակիչը հիվանդ ա. կարող ա՞ քեզ չեմ ասել», եւ Վերժինեն զարմացած ասաց՝ «հետո՞ ինչ, որ  ասել ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի հատ կասեիր՝ գնանք էդ մարդուն հիվանդատես», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «էդ դո՛ւ պիտի ինձ ասեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «դու ասել ես գնանք, ես չեմ էկե՞լ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «ուրիշ ժամանակ դու ես նախաձեռնող լինում», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս էդ դեպքը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս դեպքում դո՛ւ պիտի նախաձեռնող լինեիր», եւ Սիրավը միջամտելով ասաց՝ «ի՞նչ եք իրար խառնվել. հենց հիմի էլ կարանք գնանք՝ Համո Սահակիչին տեսնենք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էկող շաբաթ կգնանք», եւ Վերժինեն հարցրեց՝ «էկող շաբաթ Ահնիձոր չե՞նք գնալու», եւ Սիրավն ասաց՝ «մեկը մյուսին չի խանգարում», եւ Հրանտն ասաց՝ «Ահնիձոր մի շաբաթ չենք մնալու», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի շաբաթ մնանք՝ աշխարհը չի քանդվի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «հիմա էսպես ես ասում, բայց հենց հասանք Ահնիձոր, հավարը գցելու ես թե՝ հետ գնանք Երեւան», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կտեսնենք՝ ով ա հավարը գցելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամբողջ կյանքում Ահնիձորի մասին ես գրել, բայց գոնե մի շաբաթով Ահնիձոր գնացած չկաս», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամուսնությունիցս հետո», եւ Սիրավն ասաց՝ «աշխարհում ոչ ոք Հրանտոյի չափ Ահնիձորը չի սիրում», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը իրա գրած Ահնիձորն ա սիրում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհը  Հրանտոյի շնորհիվ Ահնիձորը գիտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե Հրանտոն չգրեր, նույնիսկ հայերս չէինք իմանա, որ աշխարհում Ահնիձոր գոյություն ունի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե Մալյանը չնկարեր, ոչ ոք էլ չէր իմանա, որ աշխարհում Ահնիձոր գոյություն ունի», եւ ես ժպտալով Հրանտին ասացի՝ «բայց էդ ֆիլմը Աթանում են նկարել», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «էդ ֆիլմի որոշ հատվածներն են Աթանում նկարել», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Աթան» եւ մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «Աթանը ձեր կողքի գյուղը չի՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ մտանք՝ մածուն առանք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Սիրավին ասաց՝ «լավ չես հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ մածնի տերը մեզ խնամի էր գալիս. ինչ արինք՝ փողը չվերցրեց», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուք որ առաջ ընկաք, ես էդ բիձու ջեբը մի հատ հինգանոց մտցրի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ ես տվել», եւ Սիրավն ասաց՝ «իրանից ահագին էլ պանիր վերցրինք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկ ա՝ շատ ես տվել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «բայց Աթանը ձեր ֆիլմի հետ ի՞նչ կապ ունի», եւ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «էդ արդեն Արմենին պիտի հարցնես», եւ Սիրավը զարմացած նախ ինձ նայեց, հետո Հրանտին հարցրեց՝ «Արմե՞նն ինչ կապ ունի», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «համ Արմենը կապ ունի, համ էլ՝ Արիսն ու Գագոն», եւ Սիրավը ժպտալով հարցրեց՝ «իտալացի Գագո՞ն», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Գագոն արտաքինից էլ ա որոշ չափով իտալացու նման», եւ Հրանտն ասաց՝ «բայց իտալերենից թարգմանելու համար են իտալացի  ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա Աթանի հե՞տ ինչ կապ ունի», եւ Հրանտը ծիծաղելով  պատասխանեց ու ասաց՝ «միանգամայն ուղղակի կապ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու թախանձագին խնդրեց՝ «բացատրեք՝ բան հասկանանք», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «մինչեւ Արմենչոն չպատմի, բան չես հասկանա», եւ Սիրավն ինձ խնդրեց՝ «էն մի պատմությունը չպատմեցիր, գոնե էս մեկը պատմի», եւ Վերժինեն ծիծաղելով Սիրավին ասաց՝ «էդ նույն պատմությունն ա», եւ Սիրավը թախանձագին ինձ նայելով ասաց՝ «առավել եւս», ու ես նոր խնդրանքների չսպասելով՝ սկսեցի պատմել էն պատմությունը, որ էս վեպիս մեջ արդեն երկարբարակ ու ամենայն մանրամասնությամբ պատմել եմ, եւ չնայած Հրանտին ու Վերժինեին էլ էի էդ պատմությունը երկարբարակ ու ամենայն մանրամասնությամբ պատմել, երկուսն էլ Սիրավից պակաս հետաքրքրությամբ չէին լսում, որովհետեւ Հրանտին ու Վերժինեին էդ նույն պատմությունը երկրորդ անգամ պատմելով՝ ես նորանոր դրվագներ ու մանրամասներ էի ավելացնում՝ ոչ թե տեղում ինձանից բստրելով, այլ կենտրոնանալով եւ առավել հստակ ու մանրամասն վերհիշելով այն՝ ինչն ընդամենը մի անգամ եղել եւ իմ բերանով բազմիցս սրան ու նրան պատմվել էր, եւ չնայած Հրանտն ու Վերժինեն էդ պատմությունն ինձանից մի անգամ արդեն ծայրեծայր ու ամենայն մանրամասնությամբ լսել էին, ահա՝ երկրորդ անգամ էլ էին Սիրավի ընկերակցությամբ անձանձիր ու հետաքրքրությամբ լսում, որովհետեւ էդ պատմությունն ինչքան որ Արիսին ու Գագոյին էր վերաբերում, նույնքան ու առավել վերաբերում էր Հրանտին, եւ չնայած Հրանտն էդ  պատմության  անմիջական մասնակիցը չէր, էդ պատմության միջով ծայրեծայր կարմիր թելի պես անցնում էր Հրանտ Մաթեւոսյան  գրողը՝ իր կյանքով ու գրողական իր կենսագրությամբ, եւ երբ պատմությունս պատմեցի պրծա, տեւական լռություն տիրեց, բայց դա չափազանց  խոսուն լռություն էր, որովհետեւ երեքն էլ հիացմունքով էին ինձ նայում, եւ երբ էդ  տեւական լռությունն ավարտվեց, Սիրավյան Հենրիկն անմիջապես իր ձայնին ազատություն տվեց, ավելի ճիշտ՝ Սիրավյան Հենրիկն իր երգն սկսելով եւ իր ձայնին բացարձակ ազատություն տալով՝ ազդարարեց էդ, ուրեմն, տեւական լռության ավարտը, եւ տեւական էդ լռության ավարտին էնքան հանկարծակի հաջորդեց Սիրավի երգը, որ սկզբում չհասկացա թե՝ ինչ սկսվեց տեւական լռության ավարտից անմիջապես հետո, բայց քանի որ Սիրավի երգեցողության մասին բազմիցս ու շատերից էի լսել, անմիջապես հասկացա, որ Սիրավի երգն արդեն սկսվել ու բարեհաջող շարունակվում է, եւ երբ ուշադրությունս լարեցի ու հնարավորինս կենտրոնացա, շուտով հասկացա, որ գեղանկարիչ Սիրավյան Հենրիկի կատարմամբ ըմբոշխնում եմ ութսունականների կեսերի էն նույն երգը, որն Աստծո ամեն առավոտ ձայնասկավառակիցս ինձ էր հրամցնում անձամբ Լուչանո Պավարոտին, եւ ամենահետաքրքիրն էն էր, որ Սիրավի երգածը բացարձակապես չէր զիջում ութսունականների կեսերի իմ ամեն առավոտվա լսածին, եւ չնայած Սիրավի երգածն իմ ամեն առավոտվա  լսածն էր, այնուամենայնիվ, որոշ ու որոշակի տարբերություն կար, ու ես Սիրավի էդ երկարուձիգ կատարումն ըմբոշխնելով՝ զուգահեռաբար մտածում ու ենթադրում էի, որ Սիրավն էդ  արիան մեկին մեկ Պավարոտիից է նմանակելով սերտել, բայց Պավարոտիին նմանակելով ու սերտելով, այնուամենայնիվ, իրենից որոշ խաղեր ու նրբերանգներ էր ավելացնելով գումարել Պավարոտիի տարբերակին, ու ես էդ իրիկուն Հրանտենց տանը գեղանկարիչ Սիրավյան Հենրիկի էդ անզուգական կատարումն ըմբոշխնելով՝ զուգահեռաբար մտածում ու ենթադրում էի, որ Սիրավն էնքան է խորացել Պավարոտիի ու իտալացիների էդ հիասքանչ արիայի մեջ, որ արդեն միանգամայն ինքնուրույն է վերաբերվում էդ, ուրեմն, ստեղծագործությանը. այսինքն, գեղանկարիչ Սիրավյան Հենրիկն էդ  իրիկուն Հրանտի ու Վերժինեի հյուրընկալ օջախում գրեթե մեկին մեկ կրկնելով Լուչանո Պավարոտիին՝ միեւնույն ժամանակ որոշակի ու նկատելի իմպրովիզացիոն ակնհայտ հակում ու շնորհք էր հանդես բերում. այսինքն, գեղանկարիչ Սիրավյան Հենրիկն էդ իրիկուն Պավարոտիի տարբերակից որոշակիորեն շեղվելով՝ ոչ թե փչացնում էր Պավարոտիի տարբերակը, այլ, ընդհակառակը, որոշակի դրական ու էական ելեւէջներ էր ավելացնելով գումարում Պավարոտիի տարբերակին, եւ երբ Սիրավը ձայնը մեղրի պես ծորացնելով ձգեց, ձգելով  շարունակեց ու նախորոշված պահին երգն ավարտեց, երեքս էլ հիացմունքից համրացած՝ ահագին ժամանակ հիացմունքով Սիրավին էինք նայում, եւ մանավանդ ես էի Սիրավի երգեցողությամբ հիացած, որովհետեւ առաջին անգամ էի իր երգեցողությունը լսում, եւ չնայած գեղանկարիչ Սիրավյան Հենրիկի երգեցողության մասին բազմիցս էի լսել, էդ իրիկուն Հրանտի ու Վերժինեի հյուրընկալ օջախում լսածս բազմապատիկ գերազանցում էր իր երգեցողության մասին լսածներս, եւ չնայած Հրանտն ու Վերժինեն Սիրավի անզուգական կատարումները բազմիցս էին լսել, էդ իրիկուն իրենց իսկ հյուրընկալ օջախում ինձնից պակաս չէին ապշած, եւ, հիշում եմ, երբ Սիրավն էդ իրիկվա  իր անզուգական երգեցողությունն ավարտեց, բավական երկար լռությունից հետո Հրանտը հիացմունքով  Սիրավին նայելով արտահայտվեց ու ասաց՝ «ամեն անգամ տարբեր ես կատարում» եւ մի քիչ մտածեց ու հիացմունքով ավելացրեց՝ «կարծես առաջին անգամ էի լսում», եւ Սիրավը կարմրելով ասաց՝ «Արմենն առաջին անգամ էր լսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հատուկ իրա համար երգեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը որ էդ սքանչելի պատմությունն իմ համար պատմեց, ես էլ իրա համար երգեցի», եւ Հրանտը հիացած ասաց՝ «սքանչելի երգ ա» եւ մի քիչ մտածեց ու հիացմունքով ավելացրեց՝ «Սիրավն էլ  չտեսնված ա կատարում», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «Արմենի պատվին կատարեցի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Արմենի պատմածն էլ էր չտեսնված», եւ Հրանտը  ժպտալով Սիրավին ասաց՝ «քո կատարումով Արմենի կատարումը  մոռացնել տվիր», եւ Վերժինեն ասաց՝ «արվեստը մնում ա արվեստ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Արմենչոյի պատմությունն էլ էր արվեստի գործ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ որ՝ ինքը չտեսնված ա պատմում», եւ ես համեստորեն ասացի՝ «չտեսնվածը քո երգն էր», եւ Վերժինեն քամահրանքով ինձ հարցրեց՝ «էդ երգից բան հասկացա՞ր», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ կար չհասկանալու», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն մարդ դասական երաժշտություն չի հասկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ երգն իմ ամենասիրած երգն ա», եւ Վերժինեն զարմացած ինձ հարցրեց՝ «էս երգն էլի էի՞ր լսել», եւ ես ժպտալով ասացի՝ «մի ժամանակ ամեն օր լսում էի», եւ Վերժինեն ավելի զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ էիր լսում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մեր տանը», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ հասարակ. պլաստինկեն դնում էի՝  երգում էր», եւ Սիրավը հիացմունքով նայեց ինձ ու հարցրեց՝ «ո՞վ էր երգում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Պավարոտին», եւ Սիրավը զարմացած նայեց ինձ ու հիասթափված ասաց՝ «կարաս հաշվես, որ էս երգն ընդհանրապես չես լսել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս երգը Կարուզոյի կատարմամբ  պիտի լսես», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «կամ էլ՝ Սիրավի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Պավարոտիի տարբերակը հաշիվ չի», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ես Պավարոտիի տարբերակը շատ եմ սիրում», եւ Սիրավը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «որովհետեւ Կարուզոյի տարբերակը չես լսել», եւ Հրանտը ժպտալով ինձ ասաց՝ «բայց Սիրավի տարբերակն արդեն լսել ես», եւ Վերժինեն փռթկացնելով ասաց՝ «բայց Սիրավն էս երգն ամենից լավ էդ քառսունքի ժամանակ կատարեց», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ  էս երգը կյանքի ու մահվան մասին ա»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930