Օրերս Երեւանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում Փոփոխությունների թատրոնը դոկտոր Կաղամբի եւ պարոն Մահի կողմից պատրաստել էր ինքնատիպ ներկայացում՝ նվիրված աշխարհի բնակչության կարեւորագույն հիմնահարցերին:
«Մեր թատրոնը երիտասարդ եռանդուն արտիստներից բաղկացած մշակութային հասարակական կազմակերպություն է: Լինելով զվարճալի եւ ժամանցային՝ մեր ներկայացումները միեւնույն ժամանակ հորդորում են մտորել, խորհել եւ կշռադատել: Մեր թատրոնն անտեսում ու վերացնում է հանդիսասրահ-բեմ անջրպետը՝ դիտորդի պասիվ վիճակում գտնվող հանդիսականներին դարձնելով ցուցադրվող գործողությունների ակտիվ մասնակիցներ»,- բացման խոսքով ներկայացավ Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:
Ինքնատիպ էր դոկտոր Կաղամբի եւ պարոն Մահի բանավեճը: Ներկա լրագրողներից մի քանիսը ակամայից դարձան «Քըխ», «Բացահայտում էրոտիկ ամսագրում», «Ժողովուրդ ջան», «Առավոտ կանուխ», «Տանձենի գյուղատնտեսական» օրաթերթերի ներկայացուցիչներ:
Զրույցի ընթացքում դոկտոր Կաղամբը ներկայացրեց մարդկանց լույս աշխարհ բերելու առավելությունները՝ իր խոսքը հարստացնելով ապրելակերպի մասին պատմող հաճելի տեսանյութով: Այն փաստը, որ Երկիր մոլորակի վրա կա 7 միլիարդ բնակիչ, նվազեցնում է ջրի առկայությունը, առաջացնում սով, համաճարակ եւ աղետներ, մտածելու առիթ ու անհանգստություն էր պատճառում Մահին: Ի վերջո, բանավեճի ընթացքում եկան այն եզրակացության, որ աշխարհում բնակչության թվի ավելացումն օգուտ է միայն մարդկության չվերանալուն:
Կարդացեք նաև
ՄԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ