Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրակարգ կատարումը ազգության հետ կապ չունի

Նոյեմբեր 19,2011 14:12

Սերգեյ Սմբատյանը (ձախից) եւ Նիկոլայ Մադոյանը՝ բեմելից առաջ:

Մեկնաբանում են ճանաչված երիտասարդ երաժիշտները

 

Օրերս հայտնի ջութակահար Վլադիմիր Սպիվակովի տիկնոջ՝ Սաթի Սպիվակովայի մոսկովյան «Կուլտուրա» ալիքով հեռարձակվող հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում խոսակցություն ծավալվեց այն մասին, թե ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները ովքե՞ր են առավել խորը զգում ու մեկնաբանում՝ ռուսնե՞րը, թե՞ այլազգիները: Առաջին հայացքից հարցը փոքր-ինչ անսովոր է, քանի որ երաժշտությունը համամարդկային է, թեեւ բնույթով՝ ազգային: Երբ ստեղծագործությունը կառուցվում է ազգային մեղեդիական լուծումների ու զգացողության վրա, ապա տվյալ ազգի ներկայացուցիչն է այն ուղնուծուծով զգում ու վերարտադրում: Հայտնի է՝ Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Խաչատրյանի եւ համաշխարհային դասական երաժշտության էտալոն հանդիսացող այլ կոմպոզիտորների երկերը, անկախ հեղինակների ազգային պատկանելությունից, հրաշալի են հնչեցրել տարբեր ազգերի երաժիշտներ: Շոպենը հայ չէ, սակայն անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի շոպենիանան դարձել է համամարդկային երեւույթ: Օրինակները շատ են: Իսկ թե ինչպես են վերաբերվում վերոնշյալ թեմային երիտասարդ երաժիշտները, «Առավոտը» նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթից առաջ զրուցեց վերջինիս գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանի հետ, որոնց մեկնաբանմամբ հնչում է Արամ Խաչատրյանի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը: Դիրիժորը նշեց, թե 1940թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում, Դավիդ Օյստրախի մեկնաբանմամբ, ընդամենը երկու ամսում գրված Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին կատարումից հետո այս երկը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում: Մինչ օրս կոնցերտին անդրադարձել են համաշխարհային կատարողական արվեստի իրական աստղեր: Հետո էլ անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ հավելեց. «Օրինակ, Սիբելիուսի Ջութակի կոնցերտի լավագույն կատարողներից է Սերգեյ Խաչատրյանը: Գործընկերներս ինձ հետ համակարծիք կլինեն, որ երիտասարդ ջութակահարը այս կոնցերտի՝ աշխարհին հայտնի լավագույն 5 կատարողներից մեկն է: Վերադառնալով Օյստրախի՝ Խաչատրյանի կոնցերտի կատարմանը, ասեմ, որ հենց ռուս վիրտուոզ ջութակահարի կատարումը որոշեց այս ստեղծագործության նախանձելի բախտը, նրա ժողովրդականությունը սկսեց աճել արտակարգ արագությամբ՝ ձեռք բերելով համաշխարհային ճանաչում…»:

Նիկոլայ Մադոյանն էլ նշեց. «Եթե հանճարեղ Խաչատրյանին չբավարարեր սեփական ստեղծագործության՝ դարձյալ հանճարեղ ռուս ջութակահար Օյստրախի կատարումը, պարզ է, որ հեղինակը պրեմիերան չէր վստահի նրան: Այնպես որ, ցանկացած ստեղծագործության բարձրակարգ կատարումը ազգության հետ կապ չունի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930