Բաց նամակ՝ ՀՀԿ նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին:
Մեծարգո պարոնայք:
Միանգամայն հասկանալի է, որ իշխանությունները որոշել են առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների աշխատանքներում ներգրավել բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր ցանկություն կհայտնեն համագործակցել հանրապետականների հետ: Մենք՝ հանրապետության կոմունիստ քաղաքացիներ Նորիկ Պետրոսյանս եւ Գեղամ Գալստյանս, այդ նախաձեռնությունը համարելով բնական եւ տրամաբանական, մինչեւ իսկ կարեւոր եւ անհրաժեշտ, մեր մտահոգությունն ենք հայտնում ոչ անհայտ Պարույր Հայրիկյանի հավակնությունների նկատմամբ՝ նրա այդ մասին արված հայտարարությունը համարելով չափազանց վտանգավոր եւ պրովոկացիոն: Մենք նկատի ունենք թերթերից մեկի հոկտեմբերի 26-ի համարում տպագրված «ՀՀԿ-ի ծնողը» հոդվածը, որտեղ հատկապես ասված է. «ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, իրենք այդպես են հասկանում, նախկինում ֆաշիստական էին՝ ցեղակրոն, հիմա պահպանողական են: Պահպանողական՝ նշանակում է լինել ավանդական, ավանդապաշտ, պաշտել ծնողներին: Հանրապետականների ծնողը, որպես կուսակցություն եղել է ԱԻՄ-ը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայրիկյանը: Նա նաեւ հայտնեց, որ ՀՀԿ-ն խոստացել է առաջիկայում անդրադառնալ իր ծրագրին: Հայրիկյանը նաեւ արձանագրեց, որ խորհրդարանի ընտրություններում ՀՀԿ-ն 51 տոկոս ձայն կարող է ստանալ միայն խախտումներ անելու դեպքում, իսկ նորմալ պայմաններում, այն էլ իշխանական լծակների գործածմամբ, կարող է հավաքել 30-45 տոկոս: Հայրիկյանը ասաց, որ եթե առաջիկայում չլինեն արձագանքներ, նա կհայտարարի ԱԻՄ-ի սառեցման մասին, կվերականգնի Ազգային միացյալ կուսակցությունը, կհայտարարի, որ ՀՀ բոլոր կուսակցությունները աթոռապաշտական են եւ քաղաքացիներին կոչ կանի իրենց ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը:
Մենք այս հայտարարությունը համարում ենք սադրիչ եւ խնդրում պաշտոնական մեկնաբանություն հատկապես այն տեսանկյունից, թե արդյոք երկրի ղեկավար կուսակցությունն իր բազմահազար անդամներով, ինչպես նաեւ երկրի հանրապետական ղեկավարները երբեւէ եղել են ֆաշիստներ եւ այսօր Հայրիկյանի հետ համագործակցելով՝ փորձում են ինքնահաստատման եւ ինքնաապահովման խթանիչներ ստանալ նրանից: Հայտարարության մեջ ակնհայտորեն տեղ են գտել նաեւ այլ կարգի սպառնալիքներ եւ բացահայտ զրպարտանք՝ իրեն անտեսելու դեպքում ընտրություններն անխուսափելիորեն կեղծելու, իր ծրագրով փրկվելու եւ անհրաժեշտ ձայներ ստանալու հավակնություններով: Տարօրինակ է նաեւ միանձնյա կուսակցությունը սառեցնելու եւ իր մահկանացուն կնքած նախկին կուսակցությունը մեկ հարվածով կենդանացնելու եւ ժողովրդական զանգվածներին իր հետեւից դեպի փրկություն տանելու մարմանջը:
Կարդացեք նաև
Մեր այս նամակը խնդրում ենք ընդունել որպես ահազանգ: Մենք սիրով Ձեր պաշտոնական մեկնաբանությունը մամուլի միջոցով կներկայացնենք հանրությանը եւ կբացատրենք, որ մեր երկիրը, մեր երկրի ղեկավար կուսակցության բազմահազար անդամները, երկրի առաջին մեծության պաշտոնատարները չեն եղել ու չեն կարող լինել ֆաշիստներ, թեեւ, հանձինս Հայրիկյանի, երկրում առկան են դրա միտումները: Եվ Հայրիկյանը չէ, որ պետք է «քաղաքացիներին կոչ անի իրենց ճակատագիրը վերցնի իրենց ձեռքը: Հանրապետականների հաջողության դեպքում այլեւս ով կարող է փակել Հայրիկյանի բերանը, որ դա հնարավոր եղավ իր եւ բացառապես իր շնորհիվ:
Մեկնաբանության կարիք ունի նաեւ հետեւյալ՝ «Հայաստանում եղած կիսանախագահական կոչվածը խուժանություն է» արտահայտությունը: Ըստ Հայրիկյանի, մեր երկիրը ղեկավարում են խուժանները «Իրավունք», սեպտեմբեր, 2004 թ./:
Եվ տարօրինակն այն է, որ այս արտահայտություններն արժանի արձագանք չեն ստանում ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ կուսակցությունների ու քաղաքական գործիչների կողմից:
Կից ներկայացնում ենք այդ լրագրական հրապարակումների պատճենները:
Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ,
Գ. ԳԱԼՍՏՅԱՆ
16.11. 2011
«Առավոտ» օրաթերթ