Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստրիպտիզ» հարցազրույցներից մինչեւ «աշխարհի կենտրոն» Հայաստան

Նոյեմբեր 19,2011 13:49

Վահե Մելիքյան-Մովսիսյանի նոր ժողովածուն

Լրագրող, հրապարակախոս, գրող Վահե Մելիքյան-Մովսիսյանի «Աշնանային պարեր», «Մարդը քո կողքին» գրքերին կհաջորդի «Աշխարհի կենտրոն Հայաստանս…», հեղինակի խոսքերով՝ քաղաքական էսսեների, «ստրիպտիզ» հարցազրույցների, էսքիզային դիմանկարների ժողովածուն: Շնորհանդեսն էլ նախատեսված է մինչեւ տարեվերջ:

«Առավոտի» հետ զրույցը Վ. Մելիքյան-Մովսիսյանը սկսեց փոքրիկ «նախերգանքով». «Աշխարհաքաղաքական թոհուբոհի եւ օրավուր խորացող տնտեսական, քաղաքական եւ բարոյական ճգնաժամի պայմաններում օրենքի եւ իրականության անհամատեղելիությունն է, իշխանական խոստումների, սպասելիքների ու մեր միամիտ ապրածի տարաձայնության կռիվը: Անկախության 20 տարի եւ դրան համարժեք 19 հազար 272-ժամյա սպասում, որ բարդակույտերով ծաղկած մեր 8 հազար 30 օրերը ուր որ է կփոխարինվեն լույսի եւ հույսի շիթահեղեղով: Բայց իրարից չտարբերվող օրերն ու ժամերը նորից ստիպում են լցվել դիմակայելու անվերջանալի ցանկությամբ ու համբերությամբ: Երկրի նախագահ, թե նախրապահ, բարեգործ, թե հանցագործ, պատգամավոր, թե դատավոր փոխվում, ձեռք են բերում նոր, բայց հնամաշ մասնագիտություն. հաշվո՜ւմ են ու հաշվո՜ւմ իրենց պարտավորություններն ու պարտականությունները, ունեցած-չունեցածը, վայելածն ու վատնածը, թալանածն ու տանուլ տվածը, կուտակածն ու պարտքերը…»:

Հեղինակի խոսքերով՝ իր նպատակն է ընթերցողին ճիշտ եւ ճիշտ ներկայացնել իրական Հայաստանը եւ որ ընթերցողը ըմբռնի ասելիքը, դրանում չտեսնելով նենգություն, չարություն, այս կամ այն չինովնիկին, նախարարին, պատգամավորին կամ պետական պաշտոնյային մերկացնելու միտում: Դիտարկմանը, թե ժողովածուի վերնագիրը կարծես հակասում է ենթաբաժինների խորագրերին՝ «Ախպերության երկիր Հայաստանս», «Աբսուրդի երկիր Հայաստանս», «Զոռբայության երկիր Հայաստանս», «Քաղաքական անձեռոցիկներ» եւ այլն, մեր զրուցակիցն ասաց, թե ժողովածուի վերնագիրը բարի ցանկություն է, հետո էլ ավելացրեց. «Բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք հաճախ բարեկեցիկ կյանքի իմիտացիա են ստեղծում, նույնիսկ հայտարարում, թե ճգնաժամից էլ կարող են օգուտներ քաղել, անգամ շահեկան վիճակում հայտնվել»: Հեղինակը հարցադրում է անում. օրինակ, արտերկրում կայացած ո՞ր հաջողակը, կայացած գործարարը կթողնի իր բիզնեսն ու կվերադառնա հայրենիք, վիճակագրությունը մինչեւ հիմա ի՞նչ է փաստում. ավելի շատ գնո՞ւմ են Հայաստանից, թե՞…

Վ. Մելիքյան-Մովսիսյանը որոշ պաշտոնյաների, գործարարների, օլիգարխների եւ այլոց ներկայացնում է «ստրիպտիզ հարցազրույցների» միջոցով: Մշակութային աբսուրդների շարքում նա հարցադրում է անում. Հովիկի մատո՞ւռը, Ջիվանի արձա՞նը, թե՞ Շարլի տուն-թանգարանը. «Մտահոգությունս ներդրված ֆինանսական միջոցների անտեղի ու անիմաստ վատնումն է: Օրինակ, ինչո՞ւ անհրաժեշտություն դարձավ ԱԺ-ի այգում մատուռ կառուցել, որ պատգամավորը կոճակ սեղմելուց հետո մեղքերին թողությո՞ւն խնդրի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930