Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական ձեռքը կամ քարտերը թույլ են»

Նոյեմբեր 19,2011 13:48

Անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի ներկայացուցչությունները դրսում պասիվ են, իսկ Հայաստանը դեռ պետք է համոզի հզորներին, որ իր բարգավաճ լինելը ձեռնտու է ոչ միայն հայերին:

Այսօր ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին նվիրված դասախոսություն կարդաց Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը: Դասախոսությունից առաջ պրոֆեսորը հարցազրույց տվեց «Առավոտին»: «Վիլսոնը իրոք հայասեր էր, բայց եւ խաբվեցավ, մեծ քաղաքական սխալներ գործեց, որը ի նպաստ չէր հայ ժողովրդին»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա ձեւակերպմամբ, եվրոպացիները խուսափելով պատասխանատվությունից, խաղ խաղացին՝ «վճիռը ձգելով Վիլսոնի վրա, որպեսզի իրենք ազատվին Հայկական հարցեն»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ վերջին նախագահներին, Ռ. Հովհաննիսյանը նշում է. «ԱՄՆ վերջին պրեզիդենտները թեկնածու եղած ժամանակը միշտ կխոստանան ճանչնալ Հայկական ցեղասպանությունը, հետո հետ կդառնան»: Պատմաբանն ասում է, որ «գենոցիդ» բառը մեզ համար յուրօրինակ սիմվոլ է. «Մինչեւ վերջին տարիները հայերը ցեղասպանություն բառը չէին գործածեր, եւ հայերեն, եւ անգլերեն գործածած են՝ Եղեռն, Մեծ ոճիր եւ կամ՝ Հայկական ջարդեր: Քանի որ հատկապես հրեաներուն Հոլոքոստը ճանչվեցավ իբրեւ ցեղասպանություն, հայերն ալ կուզեն, որ անպայման հենց այդ բառը գործածվի… Օրինակ, եթե կարդանք Բարաք Օբամայի խոսքերը ապրիլ 24-ի առիթով, ամեն ինչ կըսե, բայցի այդ բառը, ուրեմն դա դարձած է ինչ-որ չափանիշ, որ լրիվ ճանաչում պետք է, չնայած թուրքերը գոհ չեն իր ապրիլ 24-ի հայտարարությամբ… Մյուս կողմեն պետք չէ զարմանալ շատ, եթե հավատանք, որ միայն փոքր մասով քաղաքականությունը հիմնված է բարոյականի վրա եւ մեծ մասով՝ քաղաքական, տնտեսական, ռազմավարական ասպեկտներով կամ մոտեցումով պայմանավորված: Հայկական ձեռքը կամ քարտերը շատ թույլ են այս պարագայում, չնայած ունինք բավական ուժեղ սփյուռք, որ իր թիվի հետ համեմատած՝ շատ բան ըրած է այդ ուղղությամբ: Մյուս կողմեն էլ հայերս մեծ նշանակություն չունինք, երբ որ հաշվի կառնվի գլոբալ քաղաքականությունը: Մեր հարեւան պետությունը այստեղ ունի ոչ միայն ստրատեջիկ, այլեւ տնտեսական, ռազմական նշանակություն՝ Արեւմուտքի համար, եւ հենց այստեղ է, որ բարոյականը տեղի կուտա: Դա նոր բան չէ, իբրեւ Առաջին հանրապետության պատմաբան, փաստենք, որ այդ հանրապետությունը չգոյատեւեց, որովհետեւ մյուս հաշիվները մեջտեղ եկան, թուրք-ռուս հարաբերությունները վերամշակվեցան, սովետները լրիվ խաբվեցան քեալիստներու կողմեն, եւ Հայաստանը զոհ գնաց… Մենք իբրեւ ժողովուրդ պետք է մտածենք՝ ինչպե՞ս հասկցնել եւ համոզել աշխարհի ուժեղներուն, որ մեր գոյությունը, մեր բարգավաճ դառնալը, ապահովությունը ոչ միայն հայ ժողովուրդի համար է, այլեւ իրենց շահերու»,- կարծում է պատմաբանը: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը՝ անգամ այդ երկրների դեսպանատների մակարդակով: «Ամբողջ Արեւմուտք Ազերբայջան բառը չէր լսած մինչեւ վերջերս, իհարկե իրենց մեծ եղբոր միջոցավ եւ հմտությամբ այն մեջտեղ եկած է, ամեն տեղ ակտիվորեն համալսարանները կմտնեն, դասախոսություններ կկարդան, իրենց կայքէջերը կզարգացնեն, իսկ հայկական դեսպանատան կայքէջը բանանք՝ ոչինչ կգտնենք այնտեղ կամ շատ քիչ բան: Գուցե Հայաստանի կառավարության կամ արտաքին գործոց նախարարության ռազմավարությո՞ւնն է, ես չգիտեմ այդ բանը, համենայնդեպս՝ ջղայնացուցիչ է: Որոշ բացառություններով մենք պասիվ ներկայացուցչություններ ունինք ամեն տեղ: Օրինակ՝ ես չգիտեմ, Ազերբայջանը դարձավ ՄԱԿ-ի խորհրդի անդամ, հայկական կողմը ի՞նչ քայլեր ըրավ, որպեսի այդ չհաջողվի, գուցե եղա՞ն, բայց ես լուր չունեմ: Դատելով անցյալի վրա հայկական ներկայացուցիչներու գործունեությունից, պետք է ասել, որ բավարար չէ, շատ ակտիվ պետք է դառնալ»,- մտահոգվում է Ռիչարդ Հովհաննիսյանը: Իսկ մեր այն դիտարկմանը, թե որոշ առաջադեմ թուրքեր սկսել են բարձրաձայնել Ցեղասպանության եւ Թուրքիայի ապաշխարելու մասին, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր կանխատեսումներով դա երկար տարիներ կպահանջի, որովհետեւ Հայոց ցեղասպանության մասին խոսող թուրքերը ընդամենը 1%-ից էլ պակաս են, 99%-ը հակառակ կողմում է. «Ամենավտանգավորն այն է, որ իրենք հիմա կարողացած են շարք մը օտար գիտնականներ գրավել իրենց կողմը եւ կշեշտեն, թե չեք կարող փաստել, որ նպատակադրված են սպանել մարդկանց»:

Ռիչարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիքի է թոռան՝ Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» ինքնատիպ ու ԱՄՆ-ում եւ Հայաստանում արդեն հայտնի գրքի մասին, որը Հովհաննիսյան գերդաստանի պատմությունն է՝ բանաստեղծական քնարականությամբ: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ անգլերեն տարբերակն է կարդացել ու այն իրեն դուր է եկել. նախ մի շնչով է կարդացվում, երկրորդ՝ Կարինը հրաշալի է աշխատել նյութի հետ ու լուրջ ուսումնասիրություն իրականացրել: Մեր զրուցակիցը կես կատակ-կես լուրջ հավելում է. «Մի քիչ անհարմար կզգամ, կկարծեի՝ որոշ բաներ լավ էր չգրեր, մեր ընտանիքի գաղտնիքները չի թաքցուց բնավ, բայց պետք է ըսեմ, որ շատ շնորհալի գրող է, բանաստեղծական գործով գրած է: Իսկապես ինձի կթվի, որ ապագա ունի իբրեւ գրող: Ինչպես արդեն ասեցի՝ մեկ կողմեն անհարմար կզգամ, մյուս կողմեն գոհացուցիչ է: Ինձ հաճախ կըսեն՝ ինչո՞ւ ինքնակենսագրական գիրք չես գրեր, շատ բաներ ըրած ես, շատ տեղեր գնացած ես, պայքարներ տարած ես, նստիր եւ գրե, ինչպես շատերը կգրեն իրենց հուշերը: Ես շատ բաներ չեմ ըներ, ու Կարինը որոշ չափով կլցնե այդ բացը: Այն, ինչ ես իբր հուշ չեմ գրած, թոռնիկս կարողացած է հավաքել եւ ոչ միայն իմ, այլեւ հորս պարագային, որ շատ քիչ բան կխոսեր ցեղասպանության մասին, իր ապրումներու մասին: Տղան ամեն տեղ գնաց, իր ծանոթներու հետ խոսելով, արխիվներու մեջ մտնելով: Ես, օրինակ, չէի գիտեր, թե հայրս ո՞ր նավով Ամերիկա հասած է 1920 թվականին»: Ռ. Հովհաննիսյանը փաստում է, որ այսօրվա երիտասարդ սերունդը, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, մի կողմից ձերբազատվել է զոհի եւ ցեղասպանվածի բարդույթից, մյուս կողմից՝ անտարբեր է դարձել «հայկական» խնդիրների հանդեպ: Դրա լուծումը, ըստ պատմաբանի, հետեւյալն է. «Երիտասարդները գիրք չեն կարդում, պիտի ուժ տանք մեդիային, աչքի եւ ականջի ծրագիրները ավելի պիտի զարգանան, ինձ կթվա, որ հետ մնացած ենք այդ ասպարեզում»: Նա բերում է հանրահայտ System Of A Down-ի օրինակը՝ միլիոնավոր մարդիկ գնում են խմբի հետեւից, չնայած՝ պրոֆեսորին նրա երաժշտությունը վայրի է թվում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930