Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ներդրողին խաբելը՝ պետական քաղաքականություն

Նոյեմբեր 19,2011 13:45

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Հայաստանի եւ սփյուռքի հայերի բիզնես հարաբերությունների կամ փողային գործարքների կնճիռներին. «Սփյուռքհայերին բերում ենք, որ թալանե՞նք» , «Հայը եւ սփյուռքահայը» եւ այլն: Եվ ահա, ինչպես երեկ տեղեկացրել ենք առցանց «Առավոտում», ստեղծվում է սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Երեկ պարզվեց, որ մեր վատ տեսակը սփյուռքում ապրող տեսակին քցելու հարցում օրիգինալ չէ: Օրինակ՝ ամերիկահայ Էդմոն Խուդյանին քցել է Վլադիսլավ Մանգասարյանը, ում հետ Խուդյանը ծանոթացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոնի միջոցով: Իրավապահներն էլ Վլադիսլավ Մանգասարյանին չեն անհանգստացնում, փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա, իսկ Մանգասարյանին անգամ չեն հարցաքննել:

«Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, շատ ավելի հստակ էր. խնդիրը համակարգային է, Հայաստանում քրեական մտածողությամբ պաշտոնյաները համառորեն «քցում» են սփյուռքահայ ներդրողներին: Այս կարծիքին է նաեւ «քցված» սփյուռքահայ Էդմոն Խուդյանը:

Նույն Էդմոն Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ այս կամ այն երկրի քաղաքացի հայերը դիմում են ոչ միայն Հայաստանի իրավապահներին, այլեւ իրենց դեսպանատներ: Խուդյանը ԱՄՆ քաղաքացի է, եւ դեսպանատունը ծանոթ է խնդրին ու աջակցում է: «Դեսպանատունը չի կարող միջամտել քրեական արդարադատությանը եւ դատաքննությանը, բայց մեզանից մշտապես տեղեկություններ է խնդրում եւ ստանում: Ցավալի է դեպքը, եթե նման դեպք չլիներ, մեզ համար ավելի շահավետ վիճակ կլիներ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հայաստանում կան սփյուռքահայ ներդրողներ՝ Էռնեկյան, Թուֆենկյան եւ այլք, որոնց համար պետությունը հատուկ հարկային կամ այլ արտոնություններ է սահմանել: «Առավոտը» փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ եթե իսկապես պետական պաշտոնյաների հովանավորությամբ են յուրացնում սփյուռքահայ ներդրողի փողերը, ինչպե՞ս են որոշում՝ ում խաբել, պաշտոնյան մտքում թի՞վ պահած ունի, որից քիչ ներդրողին պետք է խաբել, շատ ներդրողին՝ չի կարելի: «Ես չեմ մտածում, որ բոլոր ներդրողներին են քցում, կա մի արտոնյալ խավ, որ հանրապետության նախագահի վերահսկողության տակ է: Հիշեցնեմ, որ Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը դժգոհել է ներդրողների հանդեպ վերաբերմունքից եւ հայտարարել, որ առաջին բանը, որ արել է՝ փաստաբանի դիմելն է եղել»:

Ա. Զ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930