Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծակախառն» մաքսանենգություն

Նոյեմբեր 19,2011 13:19

Հայերը հաշվի էին առել Եվրոպայի Ինտերպոլի հնարավորությունները

Քրեական գործ է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Արմեն Սարգսյանը Երեւանում պատահաբար հանդիպեց ԱՄՆ-ում բնակվող իր ծանոթին՝ Արման Գեւորգյանին (հայտնի է «Ծիծակ» մականունով): Վերջինից նա ստացավ առաջարկ՝ թանկարժեք ավտոմեքենաներ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ:

Մեքենաները ԱՄՆ-ից Վրաստան, ապա Հայաստան պետք է տեղափոխվեին: Սարգսյանը համաձայնում է՝ ստանձնելով հայ-վրացական սահմանագծում այդ ավտոմեքենաներն անձամբ դիմավորելու, մաքսային կեղծ փաստաթղթերը օգտագործելու միջոցով ՀՀ տարբեր քաղաքացիների անվամբ մաքսային ձեւակերպման եւ հաշվառման ներկայացնելու գործընթացը: Ծրագրվել էր իրացումից հետո ստացված գումարը փոխանցել Արման Գեւորգյանին:

Ըստ իրավապահ մարմինների տեղեկատվության, Արման Գեւորգյանը ԱՄՆ-ում ձեռնամուխ էր եղել ավտոմեքենաներն ապօրինի ձեռք բերելուն եւ ՀՀ առաքելուն՝ «համոզված լինելով, որ ԱՄՆ-ում գողացված ավտոմեքենաները ՀՀ-ում հաշվառման ընթացքում գողության եւ մաքսանենգության փաստը բացահայտվել չի կարող, քանի որ ԱՄՆ Ինտերոպոլի մարմինների կողմից Եվրոպայի Ինտերպոլի մարմիններին հափշտակված ավտոմեքենաների վերաբերյալ տվյալներ չեն տրամադրվել, իսկ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից պատշաճ ստուգումները կատարվել են Եվրոպայի Ինտերպոլի հնարավորություններով»։

2010թ. նոյեմբերից 2011թ. մարտը ԱՄՆ-ում վարկային միջոցներով, հիմնականում ազգությամբ հայ քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացի Սամվել Ստեփանյանի անվամբ ձեւակերպվում են 24 ավտոմեքենա ստանալու վերաբերյալ փաստաթղթերը: Դրանք տարբեր ընկերությունների կողմից տրամադրվել են քաղաքացիներին՝ սահմանված ժամանակացույցով վարկային գումարները մարելու եւ առանց պատշաճ թույլտվության ԱՄՆ-ից չարտահանելու նախապայմանով։

Արմեն Սարգսյանը ձեռք է բերում ՀՀ քաղաքացիներ՝ Զոհրաբ Թարվերդյանի, Կարեն Մխիթարյանի, Էրիկ Ներսիսյանի, Գեւորգ Հովհաննիսյանի, Արսեն Խաչատրյանի, Սերոբ Դավթյանի, Մանուկ Պողոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Անդրեյ Ժուչյոնկովի, Սեդրակ Հովհաննիսյանի եւ Օնիկ Հովհաննիսյանի անձնագրերի լուսապատճենները, դրանք ուղարկում է ԱՄՆ՝ Արման Գեւորգյանին, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխելու համար անհրաժեշտ կեղծ փաստաթղթերը կազմվեն նրանց անվամբ։

Ավտոմեքենաները 9 կոնտեյներներում եւ նավով առաքվել են Վրաստան, իսկ այնտեղից էլ «Կավկազտրանս Էքսպրես» տրանսպորտային ընկերության միջոցով՝ Հայաստան։

Արման Գեւորգյանից եւ «Կավկազտրանս Էքսպրես» տրանսպորտային ընկերության ներկայացուցչից Արմեն Սարգսյանը նախապես ճշտելով կոնտեյներների ՀՀ ժամանելու օրն ու ժամը, կեղծ արտահանման տեխնիկական անձնագրերը (ԱՄՆ-ի եւ Վրաստանի տարածքում օգտագործված այլ ավտոմեքենաների տվյալներով) փոխարինել է կոնտեյներներում փաստացի առկա ավտոմեքենաների տվյալներով կազմված, սակայն վերոհիշյալ կեղծ փաստաթղթերով եւ դրանք տրամադրել է մաքսավորներին՝ ավտոմեքենաների մուտքը ՀՀ ձեւակերպելու եւ հետագայում մաքսազերծելու համար։

Արդեն ՀՀ-ում մաքսային ձեւակերպման է ներկայացվում խոշոր չափերի ՝ 548. 350. 000 ՀՀ դրամ արժեքով 24 ավտոմեքենա: Մինչեւ մաքսազերծման ներկայացնելը, 24 ավտոմեքենայից 4-ը հայտնաբերվում է մաքսանենգության փորձ կատարելիս՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ ԳՏՄ Բագրատաշենի մաքսակետում, իսկ 3 ավտոմեքենայի համար կազմվում է փոխադրման ամփոփագիր. դրանք Բագրատաշենի մաքսակետից տեղափոխվել են Երեւան: Սակայն ձախորդությանը հաջորդում է ծիծակախառն մեկ այլ պատմություն. ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատանը չեն մաքսազերծվում, քանի որ հանցագործության փաստը բացահայտվում է իրավապահ մարմնի կողմից: Մնացած 17 ավտոմեքենան մաքսազերծվել եւ հաշվառվել է: Վերոհիշյալ 24 ավտոմեքենայից նախաքննության ընթացքում հայտնաբերվում է 18-ը, իսկ 90. 600. 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 6 ավտոմեքենա առ այսօր չի հայտնաբերվել։

Խոսքը «Volkswagen cc», «Lexus» «Certificate of title», «Ranqe rover sport», «Lend rover range» մակնիշների ավտոմեքենաների մասին է:

Ներկայացնենք դրվագներից միայն մեկը: «SAAB» մակնիշի, VIN YS3GR4BJ4A4002399 նույնացման համարով, 2010թ. արտադրության ավտոմեքենան, որը Հայաստան է տեղափոխվել «SAAB» մակնիշի 2006թ. VIN YS3FH41U761146113 նույնացման համարով ավտոմեքենայի անվան տակ, ՀՀ-ում մաքսազերծվել է մաքսային կեղծ փաստաթղթեր հանդիսացող՝ 12. 01. 2011թ. հաշիվ-բեռնագրով, «Certificate of title» գրառմամբ «CA 67622816» սերիա/ համարի փաստաթղթով եւ 25. 08.10թ. թիվ 1897 հաշիվ-ապրանքագրով (Invoice): Դրանց ձեւաթղթերի տպագրությունը կատարվել է գունավոր շիթային տպիչ սարքով, իրենց տպագրության եղանակով եւ պաշտպանական հատկանիշների բացակայությամբ չեն համապատասխանում ավտոմեքենաների արտահանման տեխնիկական անձնագրերի տպագրության եղանակին եւ պաշտպանական հատկանիշներին: Բացի այդ, պաշտպանական հատկանիշների բացակայությամբ, նույնաբովանդակ գրառումների տեղակայմամբ եւ այլ հատկանիշներով համապատասխանում են մյուս ավտոմեքենաների փաստաթղթերի ձեւաթղթերին։

Ամբաստանյալ Ա. Ժուչյոնկովը 18.750.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան վաճառել էր 1. 000.000 ՀՀ դրամով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930