Մանկապարտեզներում ջեռուցման համար դրամահավաքի եւ կրթական լրացուցիչ ծառայությունների մասին «Առավոտի» 15.11.2011 թ. լույս տեսած «Ամեն կոպեկն էլ օգուտ է» հրապարակման մեջ ծնողները դժգոհել էին, որ թիվ 91 մանկապարտեզում նկարչության, անգլերենի, ռուսերենի խմբակների համար, օրվա հացի խնդիրը թողած՝ ստիպված 1000-1500 դրամ վճարումներ են կատարում: Ավելին՝ ծնողն ասել էր, որ ինքը «մի 3 ամսվա պարտք ունի»:
Երեկ այդ մանկապարտեզի տնօրեն Նելլի Ոսկանյանից ճշտեցինք, որ կրթական լրացուցիչ ծառայություններ իրենք սկսել են մատուցել նոյեմբերի 1-ից, ուստի ծնողները չէին կարող 3 ամսվա պարտք ունենալ: Բացի այդ, մանկապարտեզում այդ խմբակներ հաճախող երեխաներին չեն առանձնացնում մյուսներից: Մանկավարժն էլ վստահեցրեց, որ ինքը չգիտի՝ որ երեխան է վճարել, որը՝ ոչ, բոլորի հետ պարապում ու բոլորին սովորեցնում են հավասարապես, ու ո՛չ երեխաներին, ո՛չ ծնողներին թույլ չեն տալիս հոգեբանորեն ճնշվել: Ն. Ոսկանյանի խոսքերով՝ «Յուրաքանչյուր դասընթացի համար վարձը 1000 դրամ է, ծնողներն իրենք են դիմում գրում ու խնդրում ընդգրկել երեխային այդ խմբակներում, եւ նրանց պարտադրելու խնդիր չկա»: Թիվ 97 մանկապարտեզի տնօրեն Կարինե Խանգելդյանն էլ ջեռուցման դրամահավաքի մասին մեր թերթի հարցին ի պատասխան՝ ասել էր, որ «եթե ծնողները ցանկություն հայտնում են, ես տալիս եմ հաշվեհամարները՝ իրենք փոխանցում են», եւ որ «ամեն կոպեկն էլ օգուտ է»: Տիկին Խանգելդյանի պարզաբանմամբ՝ «Խոսքը «ognirmankapartezid.am» կայքում ծնողների փոխանցումների մասին է եղել, ինքը հատուկ ջեռուցման համար գումար չի հավաքել, պարզապես կոչ է արել օգնել մանկապարտեզին, իսկ այդ օգնությունը հետագայում կարող է եւ ծախսվել ջեռուցման կամ այլ խնդրի համար»:
Նախօրեին մեր եւ մանկապարտեզների տնօրենների հետ հանդիպմանը մասնակցում էին նաեւ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կրթության բաժնի տեսուչները, որոնք պատրաստակամ էին պատժելու բոլոր այն տնօրեններին, որոնք որեւէ անօրինական դրամահավաք կիրականացնեն: Տեսուչները խնդրեցին ծնողներին վստահեցնել, որ եթե որեւէ մանկապարտեզում ջեռուցման համար գումար ուզեն՝ դիմեն իրենց, իրենք կապահովեն նաեւ անձի գաղտնիությունը եւ համապատասխան պատժամիջոցներ կկիրառեն:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ