Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի հատ կոճակ են սեղմում ու սաղ ավերում»

Նոյեմբեր 19,2011 13:14

Ատոմակայանի հատկապես թունավոր արտադրամասի աշխատակիցները պետք է արտոնյալ պայմաններով թոշակ ստանային, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո նրանք էլ կստանան սովորական քաղաքացու պես: 

Ձեռքի մի թեթեւ շարժումով, մի քվեարկությամբ, ինչպես Մեծամորի ատոմակայանի հատկապես վտանգավոր արտադրամասի աշխատակիցներն են ասում՝ պատգամավորները նրանց զրկել են նորմալ ապրելու հնարավորությունից: Բանն այն է, որ դեռեւս 2003 թվականին Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով վերացվել են ԱԷԿ-ի հատուկ վտանգավոր արտադրամասի աշխատակիցների արտոնյալ կենսաթոշակները: Խորհրդային տարիներին նրանց աշխատանքային մեկ տարվա ստաժը հաշվարկվել է 1 տարի 6 ամիս, ըստ որի էլ ստացել են կենսաթոշակ: Ատոմակայանի աշխատակիցների խոսքերով. «Այդ ամենն այսօր քաղցր հուշ է դարձել»:

«Առավոտի» հետ զրույցում ԱԷԿ-ի աշխատակից Ֆելիքս Մարտիրոսյանն ասաց, որ առանց այդ էլ հատկապես վտանգավոր արտադրամասի աշխատակիցները թոշակի անցնելուց հետո երկար չեն ապրում, քանի որ թունավորման աստիճանն այդ արտադրամասում, մյուսների համեմատ, բարձր է. «Մեր ցեխի աշխատողները թոշակի անցնելուց հետո միանգամից գերեզման են փորում: Մինչեւ 60 տարեկան չեն հասցնում ապրել: Ոմանք անգամ թոշակի գնալուց մի քանի ամիս հետո սրտի կաթված են ստանում: Այդ օրենքն ընդունեցին ու մեր առողջության հաշվին վաստակած կոպեկներից էլ զրկեցին»:

Ֆելիքս Մարտիրոսյանը մոտ 30 տարի աշխատել է ակտիվազերծող արտադրամասում եւ ստանում է ընդամենը 36 հազար դրամ թոշակ, իսկ հին օրենքով թոշակի սահմանը կհաշվարկվեր գոնե 45 տարվա ստաժով: Հովհաննես Սարգսյանն էլ մոտ 24 տարի տարբեր ժամանակահատվածով աշխատել է հատուկ թունավոր եւ հատկապես թունավոր արտադրամասերում եւ ներկայումս ստանում է 29 հազար դրամ թոշակ. «Սեմուշկա ծախողի թոշակ է, էլի: Նախկին ձեւով որ հաշվարկվեր, գոնե մի 40 հազար կստանայի, ինչն էլ, սակայն, շատ քիչ է, որովհետեւ մենք տարիներ շարունակ բարձր ճառագայթման տակ ենք աշխատել: Իսկ կոմունիստների ժամանակ 50 տարին լրացած ու 10 տարվա ստաժով արդեն անցնում էին արտոնյալ թոշակի: Սրանք՝ էս իշխանավորները, անկախության շունչը շնչեցին, մեր շունչն էլ կտրեցին»:

Մեզ հետ զրուցած ԱԷԿ-ի աշխատակիցները, հաշվի առնելով, որ նախընտրական տարի է, եւ որոշ թեկնածուներ, թեկուզ նախընտրական նկատառումներով, կփորձեն ուշադրություն դարձնել իրենց նման մարդկանց խնդրին, պատգամավորներին կոչ արեցին ուշադրություն սեւեռել այս հարցի վրա, եւ եթե հին օրենքն ամբողջությամբ չեն կարող վերականգնել, ապա գոնե այն տարիներին աշխատած մարդկանց թոշակները հաշվարկեն մեկուկես տարով: Նրանց մեկնաբանմամբ՝ խոսքը այն մարդկանց մասին է, որոնք աշխատել են մինչեւ 2003 թվականը, այսինքն՝ օրենքն ընդունելու տարին:

«Թե չէ՝ աշխատում-աշխատում ես, հույս ունենալով, որ կյանքիդ վերջին օրերին մի 2 կոպեկ փոխհատուցում կստանաս էդ թունավորման դիմաց, մեկ էլ՝ դեպուտատները մի հատ կոճակ են սեղմում ու սաղ ավերում: Էդ ինչո՞ւ իրենց ու դատավորների աշխատավարձերն էդպես խանդավառված բարձրացրին, իսկ մեզ ավելի 10-15 հազարից զրկեցին»,- դժգոհեցին ԱԷԿ-ի աշխատակիցները: Նրանց ներկայացմամբ՝ եթե ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության որոշ բաժինների աշխատողների թոշակները հաշվարկվում է աշխատավարձի 75%-ի չափով, ապա ինչո՞ւ իրենք չեն կարող արտոնյալ թոշակ ստանալ. «Մենք իրենցից վտանգավոր աշխատանք ենք կատարում»:

ԱԷԿ-ի մոտ 1000 աշխատակիցներ նամակ են գրել «Ժառանգություն» խմբակցությանը, որպեսզի այս կարեւոր խնդիրը նույնպես բարձրացվի Ազգային ժողովում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930