Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի իշխանությունները չկտրվեն իրականությունից»

Նոյեմբեր 19,2011 13:09

Սպասվո՞ւմ են արդյոք պաշտոնանկություններ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներսում

Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե հայրաբար հայտարարել է, որ Տարոնը «լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ «Մարգարյան» անվան հանդեպ: Տարո՛ն, դու մեզ ու քո բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունե՛ս: Մենք բոլորս քո կողքին կանգնած ենք եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժանդակելու եւ սատարելու: Բայց, ինչպես հայտնի է, օժանդակությունն ու աջակցությունը շատ լավ բաներ են, սակայն յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքը պետք է կռի իր ճակատագիրը, ինքը պետք է լավ աշխատի: Անհրաժեշտ է ձեւավորել համախոհների մեծ թիմ եւ շարունակել լուծել Երեւանի առջեւ ծառացած բոլոր ժամանակների համար ամենակարեւոր խնդիրը՝ թեթեւացնել երեւանցիների հոգսերը եւ Երեւանը դարձնել ավելի հարմարավետ երեւանցիների եւ մեր հնագույն մայրաքաղաքի հյուրերի համար: Մեր առջեւում կարեւոր ժամանակաշրջան է: Շատերը, եթե ոչ՝ բոլորը, խոսելու են միասնության մասին: Դա, իհարկե, շատ ճիշտ եւ ողջունելի մոտեցում է: Սակայն պարտադիր է հստակեցնել՝ այդ միասնությունը ինչի շուրջ է պետք կառուցել: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է՝ միասնությունը պետք է կառուցել արժեհամակարգի, արժեքների եւ օրենքների շուրջ: Այս արժեհամակարգին պատկանող յուրաքանչյուր անհատ մեր համախոհն է, մեր բնական դաշնակիցը»: Երկրի նախագահը նաեւ հայտարարել է, որ քաղաքապետը, ավագանու անդամները եւ քաղաքապետարանի անձնակազմը «պետք է մշտապես կապ պահեն բնակչության հետ, որպեսզի քաղաքի իշխանությունները չկտրվեն իրականությունից»:

ՀՀ նախագահի այս եւ դրան նախորդող շրջանի այլ հայտարարությունները, հրաժարականները, պաշտոնանկությունները եւ տեղափոխությունները բավականին ակտիվացրել են ներքաղաքական իրավիճակը եւ ակնհայտ են դարձրել մի բան՝ ընդդիմությունը կարծես հանգիստ պատրաստվում է ձմեռելու, իսկ իշխանությունը կատարում է մեկը մյուսից զարմանալի եւ հարցեր ծնող քայլեր: Առայժմ այդպես կտրուկ եւ հրապարակային գործում է կոալիցիայի անդամներից միայն մեկը՝ Հանրապետական կուսակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները կարծես հանդարտ սպասումների մեջ են: Թվում էր, թե Հանրապետականին պատած հրաժարականների շղթան ի վերջո կհասնի եւ ԲՀԿ, եւ ՕԵԿ, բայց տեւական ժամանակ անցավ, եւ կոալիցիայի այս երկու անդամները կարծես չեն պատրաստվում իրենց շարքերը եւս վերանայել եւ ուղղումներ ու տեղափոխություններ կատարել:

Երեկ մենք փորձեցինք ԲՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչներից պարզել՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում իրենք եւս որոշ փոփոխություններ կատարեն իրենց պետական-չինովնիկական դասում եւ տեղափոխություններ կատարեն որոշ պաշտոններում: Ի պատասխան մեր այդ հարցի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն ասաց. «Այն, որ Հանրապետականում դա տեղի է ունենում, չի նշանակում, որ շղթայական ռեակցիայով պետք է տարածվի նաեւ մյուս կուսակցությունների վրա: Այս պահին ԲՀԿ-ում նման քննարկումներ չկան»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լսելով մեր հարցը՝ ասաց. «Հանրապետական կուսակցությունը ամենամեծ քաղաքական ուժն է, եւ իր կողմից կատարվող ցանկացած փոփոխություն, բնականաբար, գրավում է բոլորի ուշադրությունը: Ես գտնում եմ, որ սա տեղավորվում է նախընտրական ներքին կուսակցական վերադասավորումների տրամաբանության մեջ: «Օրինաց երկիրը» այս պահին դեռ նման խնդիրներ առաջ չի քաշել, որեւէ նոր փոփոխություն, առաջադրում կամ այլ խնդիրներ այս պահին չեմ տեսնում, եթե հետո կառաջանան, մինչեւ ընտրություններ, կարծում եմ՝ հանրությունը կտեղեկացվի»: Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ վերջին շրջանի իրադարձությունները պայմանավորված են նախընտրական շրջանի համար յուրահատուկ ներկուսակցական վերադասավորումներով եւ բնական են այս պահի համար:

Օրերս գործընկերներիցս մեկը կատակեց, թե Իտալիայում եւս հայկական քաղաքականությանը հատուկ բաներ են կատարվում, եւ օրինակ՝ Սիլվիո Բեռլուսկոնին, որը տարիներ շարունակ հրաժարվում էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից, ի վերջո հեռացավ, սակայն, ի տարբերություն մերոնց, ովքեր խիզախորեն դեռ շարունակում են մնալ քաղաքական գործընթացների մեջ, Իտալիայի արդեն նախկին վարչապետը գնաց ոչ թե դեպի քաղաքականություն, այլ դեպի մշակույթ: Իտալիայի նախկին վարչապետը պատրաստվում է սիրային երգերի եւ բալլադների ձայնասկավառակ թողարկել: Ընդ որում՝ երգերը գրել է հենց ինքը՝ Սիլվիո Բեռլուսկոնին, ձայնասկավառակը կանվանվի «Իսկական սեր»: Երգերը կատարելու է ոչ թե հեղինակը, այլ նրա մտերիմ ընկերը՝ պրոֆեսիոնալ երգիչ Մարիանո Ալիչելլեին:

Մերոնցից ոչ ոք դեռ երգելու կամ երգ գրելու մասին քաղաքական հայտարարություն չի արել:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930