Մի քանի խորհուրդ նոր ոստիկանապետին
«Երբ ես նոր էի նշանակվել ՆԳՆ գլխավոր վարչության պետ, ինքը Վանո Սիրադեղյանի օգնականն էր, ռեֆերենտն էր… ինքը շատ լավ գիտի իմ մոտեցումները, գնահատականները: Կոռեկտ չեմ համարում ավելին ասել, բայց ինքն այդ բոլորին դեռ չի տիրապետում»,- երեկ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելը, եւ նկատի ունենալով այն, որ վերջինս համակարգում նոր մարդ չէ՝ համակարգում դրական փոփոխությունների ակնկալիքներ կարելի՞ է փայփայել, ասաց ուժային համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Գառնիկ Մարգարյանը: Մեր զրուցակիցը սոլիդ չհամարեց հրապարակայնորեն խոսել Վլադիմիր Գասպարյանի դրական եւ բացասական հատկանիշների մասին: Ասաց, որ ինքը բազմաթիվ անգամ Վլադիմիր Գասպարյանին ասել է եւ անհրաժեշտության դեպքում «տետատետ» նորից կասի այդ մասին: Ամեն դեպքում, Մարգարյանը դրական է համարում այն, որ այս 20 տարիների ընթացքում Գասպարյանը համակարգում մեծ դպրոց է անցել. «Նա պետք է զերծ մնա ծայրահեղություններից եւ ապօրինի հրամաններ կատարելուց: Կառաջարկեի, որ առանձին չինովնիկների պատվեր չկատարի: Մենք ո՞նց չկատարեցինք: Ինքը կրթված է՝ ի տարբերություն շատերի, եւ շարքայինից սկսել ու հասել է այդ պաշտոնին: Նա պետք է մտածի, որ այս երկրի մարդ է, այս քաղաքում ծնված-մեծացած եւ շարունակելու է այստեղ ապրել. այնպես անի, որ երբ ծառայությունը ավարտի՝ համարձակ փողոց դուրս գա, արժանապատիվ ապրի եւ վայելի»:
Պարոն Մարգարյանին խնդրեցինք նաեւ, որ որակական, մասնագիտական առումով վերլուծի նաեւ մասնավորաբար ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող պաշտոնափոխությունները: Վերջինս գերադասեց մանր-մունր փոփոխությունների փոխարեն խոսել համակարգում առկա գլոբալ խնդիրների մասին: «Ես ունեմ իմ հիմնավորումները եւ պատրաստ եմ յուրաքանչյուր օպոնենտի հետ բանավիճել՝ փոփոխությունները ոստիկանությունում նախ՝ պետք է սկսել օրենքից: Գործող օրենքով չի լուծվում համակարգի կառուցվածքային կազմը: Վարչատարածքային նախկին բաժանումը չկա, բայց ներքին գործերի նախկին կառույցները գործում են, ու չգիտենք՝ որպես ի՞նչ: Կա նաեւ պրոցեսուալ նորմերի լուրջ խախտում՝ չկա նախկին շրջանը, բայց կա ոստիկանության բաժին, եւ այն սպասարկում է նախկին շրջանի բնակավայրերը, թող սպասարկի, բայց ներքին գործերի բաժնի պետը եւ բաժինը նյութեր էին ստեղծում, հանցագործություններ կանխում եւ բացահայտում, գործեր էին հարուցում, քննչական մարմիններին կամ դատախազությանն էին տալիս: Հիմա եթե չկա շրջանը, եւ տվյալ վայրում չկա հսկող դատախազը կամ դատարանը, ապա հակասություններ են առաջանում»,- ասում է մեր զրուցակիցը: Գառնիկ Մարգարյանը վերապահում ունի նաեւ անվանման վերաբերյալ եւ անթույլատրելի է համարում «ոստիկանություն» անվանումը, քանի որ պատմությունից հայտնի է, որ ոստիկաններ 6-7-րդ դարերում կոչվել են արաբ զավթիչները: Հայաստանում այդ անունը «կպցնել» մի ուժային կառույցի, որը պետք է կոչված լինի մարդու ու նրա իրավունքների պաշտպանությանը, նախկին բարձրաստիճան սպան անթույլատրելի է համարում եւ առաջարկում է ոստիկանությունը վերանվանել միլիցիա, որը ոչ թե ԽՍՀՄ-ից է գալիս, այլ դրանք իտալական զինված բանվորական ջոկատներն էին, ովքեր հասարակական կարգ էին պահպանում. «Կառույցի գործունեության տրամաբանությունը հենց անվանումից պետք է հստակեցնել: Ի՞նչ ենք ուզում՝ վախի մթնոլորտ ստեղծե՞լ, թե՞ հասարակական կարգ պահպանել, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանել, եթե վերջինս օրինապահ է: Խորհրդային համակարգի փլուզումից հետո ոստիկանությունը վեր է ածվել ռեժիմի, քաղաքական խունտայի պահապանի, որը ժողովրդի դեմ օգտագործում է մահակ, զենք, անգամ փողոցում խաղաղ ցույց անելիս: Էդպիսի օրինակներ, ցավոք, տասնյակներով ունենք: Բերեք 180 աստիճանով փոխենք այս կառույցի գործունեության տրամաբանությունը՝ հետո մտածենք մյուս խնդիրների մասին: Սա է առաջինը»: Նրա կարծիքով՝ գործող օրենքում լուծված չեն նաեւ համակարգի ծառայողների սոցիալական խնդիրները, ինչը ոչ պակաս կարեւոր է. «Շատ լավ է, որ դատախազության քննիչը կամ դատախազը բարձր աշխատավարձ եւ կենսաթոշակ են ստանում, բայց ներքին գործերի աշխատակիցները նրանցից երեք անգամ ցածր են ստանում: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը»:
Նախկին բարձրաստիճան սպան դժգոհ է նաեւ համակարգի ներկայիս կրթական ցենզից. «Փողոցում պատահականության սկզբունքով ընտրենք ներքին գործերի 10 աշխատակցի՝ նրանցից ոչ մեկը, վստահ եմ, չի իմանում օրենքը: Էլ չեմ ասում քրեական-պրոցեսուալ նորմերի եւ դրանց էլեմենտների մասին, իրենց իրավունքների ու պարտականությունների, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների մասին: Այն կառույցները, որոնք կոչված են պրոֆեսիոնալ պատրաստականության համար, թերի են աշխատում»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ