Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնարավորի արվեստ

Նոյեմբեր 19,2011 12:49

Քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորի արվեստ է: Այս պահին հնարավոր չէ կազմաքանդել ավազակապետությունը կամ սահմանադրական կարգ հաստատել: Հնարավոր չէ, որովհետեւ ավազակապետության առկայությունը եւ սահմանադրական կարգի բացակայությունը պայմանավորված են ոչ այսօրվա իշխանությունների կամ այսօրվա ամբողջ քաղաքական վերնախավի բացասական հատկանիշներով, ոչ էլ նույնիսկ գոյություն ունեցող քաղաքական եւ տնտեսական համակարգով: Դրանք ածանցյալ են մեր հասարակության արատներից, որոնց հիմքը դրվել է ոչ այս 20 տարում, ոչ էլ 20-րդ դարում: Դրանց մասին շատ ենք խոսել, եւ դեռ բազմաթիվ առիթներ կլինեն՝ անդրադառնալու: Բայց հիմա արձանագրենք, թե ինչ էր հնարավոր բարեփոխել քաղաքական համակարգում հիմա՝ հենց այս տարվա ընթացքում:

Այս տարի՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը, հնարավոր էր հասնել առնվազն երկու բանի. 1/ Փոփոխություններ մտցնել «Ընտրական օրենսգրքում», որպեսզի ընտրությունները լինեին 100 տոկոսով համամասնական՝ այդպիսով ազատվելով խորհրդարանում առավել օդիոզ «տեղական իշխանիկներից»: 2/ Ներմուծել մատը թանաքոտելու նորմը՝ այդպիսով հնարավորինս խուսափելով կրկնակի քվեարկությունից: Մանրուքներ են, դուք կասեք, միեւնույն է՝ դրանով արդար ընտրությունների հնարավոր չէ հասնել: Միանգամայն ճիշտ է: Բայց եկեք համաձայնենք. եթե դու քո առաջ դնում ես առավելապաշտական, անիրագործելի խնդիրներ, իսկ մնացածը անվանում ես մանրուք եւ կոսմետիկա, ապա այդ խնդիրները չիրագործելուց հետո հասարակության հիասթափությունը շատ խորն է լինում՝ մարդիկ սկսում են մտածել, որ ոչ մի բան էլ հնարավոր չէ փոխել: Եվ հակառակը. եթե քաղաքացիներին ցույց ես տալիս թեկուզ փոքր առաջընթացի մի օրինակ, նրանք զգում են, որ դեռ ամեն ինչ չէ, որ կորած է:

ՀԱԿ-ը երկխոսություն սկսեց՝ «իշխանությունը հանձնեք մեզ» օրակարգով: Թեեւ ձեւակերպումն այդպիսին չէր, բայց էությունը հենց դա էր: Ցանկացած այլ թեմա համարվում է ընդդիմության հավակնություններին անհամապատասխան: Իշխանությունն առաջարկում էր այլ օրակարգ՝ ազատ, արդար ընտրություններ: Պարզ է, որ նա չէր պատրաստվում ու չի պատրաստվում նման ընտրություններ անցկացնել: Բայց երկխոսության ընթացքում, փողոցում ունենալով գոնե 10 հազար մարդ, հնարավոր էր որոշակի զիջումներ կորզել, մասնավորապես՝ իմ հիշատակած երկուսը: Կլիներ շոշափելի արդյունք, որը գուցե կոգեւորեր հասարակությանը՝ հետագա պահանջներն առաջ քաշելու համար: Դրան գումարենք նաեւ այն, որ իրատեսական պահանջների շուրջ հնարավոր էր համախմբել մյուս ընդդիմադիր ուժերի՝ Դաշնակցության եւ «Ժառանգության» կողմնակիցներին: Այդ համագործակցությունը չի ստացվում նախեւառաջ ՀԱԿ-ի լիդերների մեծամտության պատճառով:

Իհարկե, իդեալական կլիներ, եթե մեր կյանքում չլիներ ազատությունը սահմանափակող որեւէ ցանկապատ: Բայց եթե այն հնարավոր չէ վերացնել, կարելի է այդ ցանկապատը քաշել մի քանի մետր առաջ: Պահանջելով ամեն ինչ՝ սովորաբար ոչինչ էլ չես ստանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930