Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծո շաղ տված թաշկինակները

Նոյեմբեր 19,2011 11:12

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

/Հատվածներ վեպից/

 Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:
                                                                                                                     Լոգաու

Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:
                                                                                                                                        Ջոն Դոն 

 Ու կռվի թեժ պահին, կրակահերթերի ու գոռում-գոչյունի արանքում, երբ Բորիկն իր ջոկատով արդեն թուրքի հիվանդանոց-հոգեբուժարանին էր հասել ու «մի շնչով տալիս-անցնում էր նրա պատերի տակով», մի պահ տեսնում է, մի պահ տեսնում է, թե` Գենիկն ինչպես է   հիվանդանոցի աջակողմյան, կենտրոնական մուտքի պատի տակ, հիվանդի զոլավոր շորերը հագին, մոտ 40-45 տարեկան, թուրքի հոգեկան հիվանդներից մեկի՝ չոր-նիհարոտ ու ջլուտ, սպիտակամազ-աստվածային դեմքով ու աշխարհից վերացած հայացքով հոգեկան հիվանդներից մեկի օձիքից պինդ բռնած, դեպի պատի հետեւը քարշ տալիս սեղմած ատամներով ու արյունով լցված կատաղածի արյունռուշտ աչքերով: Եւ «մի արանքում», նրանց կողքով «թոափի տակ» ու դեպի դիմադրող թուրքերն ուղղված ձեռքի գնդացրի կրակահերթերով-շնչակտուր անցնելիս, նաեւ «նկատում»-տեսնում է, անցողակի, լավ ուշադրություն չդարձնելու-չսեւեռվելու նման, տեսնում-«նկատում է», որ թուրքի հոգեկան հիվանդը, ոչ էլ հոգեկան հիվանդի նման է ու, որ հոգեկան հիվանդի անտարբերությամբ չէր  դիմավորում իր նկատմամբ Գենիկի արված բռնարարքին, այլ, որ Գենիկի նման ատամները սեղմած ու շփոթահար-այլայլված, առողջ դատողությամբ տղամարդու կտրուկ-պաշտպանական շարժուձեւերով եւ գործողություններով, իրեն թափ տալիս ու օձիքն ազատել է փորձում Գենիկի աքցանի նման սեղմած մատներով ձեռքերից: Օձիքն ազատել է ուզում Գենիկի ձեռքերից շփոթահար-այլայլված հայացքով: Եվ անցողակի կարծես, թե լսեց ու նաեւ կարծես, թե լսեց պաշտպանական գործողությունների արանքում կցկտուր ասված ու  հնչեցրած նրա խոսքերն ու կարծես, թե հայերեն էր ասված, եւ թուրքի հոգեկան հիվանդը շփոթահար հայացքով օձիքը թափ տալիս ու Գենիկին հայերենով հանդիմանում էր առանց թուրքի առոգանության եւ կցկտուր խոսքերի արանքում, Բորիկի համար շատ լավ լսելի էր թուրքի հիվանդի ասածն, ու նա Գենիկին հանդիմանում-ասում էր, ասում-հանդիմանում էր` արա՛, ես հա՛յ եմ, արա՛, դու հայ չե՞ս, դու հայ չե՞ս, արա՛: Ու Բորիկը մի պահ գնդացիրն իջեցրեց ու «ոտքը կախ» գցեց եւ էդ տեսարանով զարմացած, ուզում էր նրանց մոտենալ կռվի արանքում, բայց էդ արանքում, կռվի պահին, մեկ էլ` որտեղից-որտեղ, նույն «գժի» զոլավոր շորերով մի կին դուրս թռավ հիվանդանոցից դուրս եւ, նույնպես, այլայլված էր, ու վախ կար հայացքում, սակայն «անվախի» պահվածքով եւ ուղիղ-դիմահար դեպի Բորիկն ու արդեն պատրաստ-պահված նրա գնդացրի «բացված-լայնաբերան» փողն էր գալիս ու «անվախ-քայլածքի» հետ միասին, նաեւ իրեն գժի տեղ էր դնում ու գժի տեղ դրած, դեպի Բորիկը դիմահար քայլելով, դիմահար ասաց` սան` դալի, ման` դալի…գարդա՛շ, սան` դալի, ման` դալի… Ու ոլոր-մոլոր  դեպի Բորիկն էր քայլում եւ նորից կրկնեց ու նորից թուրքերեն ասաց` եղբա՛յր, դու` գիժ, ես` գիժ: Դու` գիժ, ես` գիժ: Եվ Բորիկը հասկացավ ու նա հասկացավ, որ «էս կինը» հոգեբուժարանի բուժքույրերից կամ բժշկուհիներից է ու, որ հոգեկան-հիվանդի զոլավոր շորերը հագել ու երեւի, մի առժամանակ տղաների կողմից պալատներում հավաքված հոգեկան հիվանդների հետ կուչ եկած, իրեն հոգեկան հիվանդ ձեւացրած-տապըռ արած մնացել է, բայց ընդհանուր լարվածությանն ու վախին չի դիմացել եւ ընդհանուր լարվածությունից ու վախից իրեն «պալատից» ու հիվանդանոցից դուրս գցել ու հիմա էլ Բորիկի ու նրա գնդացրի փողի դեմ նույն վախից ու լարվածությունից, իրեն գժի տեղ դրած, կյանքն է փորձում փրկել: Կյանքն է փորձում փրկել հոգեկան հիվանդ ձեւանալով: Ու Բորիկի աչքին մի պահ, իր քույրն ու մայրն էր սրա օրին եւ խղճահարված-ցավով ասաց, ասաց` բաջի` գաչ` քույրիկ փախիր, ու մատը մեկնելով դեպի թուրքի խաղողի այգիները եւ թրքուհուն ցույց տալով, թե դեպի ուր փախչի, նորից թուրքերեն ասաց` քույրիկ, փախիր, մի վախեցիր` չեմ կրակելու, փախի՛ր: Բայց թրքուհին դերի մեջ էր մտել ու գժավարի ծամածռվեց ու վախից անկապ գժի շարժումներ էր նմանակում եվ գժի նման լեզու հանեց ու նորից ծամածռվեց Բորիկին ու երեւի կարծում էր, որ եթե եւս մի անգամ` դալի-գիժ բառը շեշտի բարձրաձայն, ապա Բորիկը հավատալու է, հավատալու է, որ նա գիժ է, ու ծամածռվելուց-լեզու ցույց տալուց հետո նորից ծամածռվեց ու ասաց` գարդա՛շ, սան` դալի, ման` դալի, սան` դալի, ման` դալի… Ու Բորիկը հոգնած-խղճահարված գնդացրի փողն ուղղեց հիվանդանոցի պատին ու կրակահերթ արձակեց ու շրջվեց ու հոգնած նայում էր թրքուհուն, եւ սա գժի բոլոր հնարքներն ու ծամածռությունները թողած, Բորիկի կողմից պատին արված գնդացրի կրակահերթից սփրթնեց ու չոքեց, եւ երկու ձեռքը տարավ ու գլուխը բռնեց, ու վախ չուներ արդեն, եւ հոգնած-կուչ եկած ասաց` երեխեք ունեմ, մի սպանիր, խնդրում եմ, երեխեք ունեմ: Ու Բորիկը խղճահարված գնաց-բարձրացրեց թրքուհուն ու խղճահարված ասաց` բաջի, մի վախեցիր, մի վախեցիր, աա՜յ, էն խաղողի այգիների տակի ճանապարհը, որ տեսնում ես` ուղիղ Բաքու է տանում, փախիր, մի վախեցիր, ես գնդացիրս ձեռքիս կանգնելու-սպասելու եմ` քեզ կպնող չի լինելու, փախիր…Ու հետո, կռվի արանքում ու կռվի կարճ պահերին, Բորիկը տեսավ, թե թրքուհին զոլավոր շորերը փռփռացնելով ու եղնիկի նման խաղողի վազերի, դեմը հառնած ամեն մի արգելք-խոչընդոտների վրայով թռվռալով ինչպես է հաղթահարել այդ արդեն անվնաս ահագին հեռավորությունը, ու «այդ ահագին հեռավորությունը» հաղթահարած, դեպի Բաքու տանող ճանապարհին կանգնած, ձեռքը տղամարդու նման օդ բարձրացրած, «այդ ահագին-անվնաս հեռավորությունից» իր շնորհակալությունն է հայտնում Բորիկին բաց ու խուփ արվող, բայց հեռավորության համար եւ հեռավորությունից թելադրված ներելի պատճառով Բորիկին անլսելի բառերով, եւ կռվի արանքում ու կռվի կարճ պահերին, Բորիկն-ինքն-իրեն մտածեց, ինքն-իրեն մտածեց, որ երեւի թրքուհին ասում է` գարդա՜շ, սաղօլ, գարդաա՜շ… եղբա՜յր, շնորհակալություն, եղբա՜յր…  Ու կռվի կարճ պահերին ու կրակահերթերի արանքում, նա մի պահ նորից տեսավ, նա նորից տեսավ,  թե Գենիկն ինչպես է  զոլավոր շորերը հագին հայերեն խոսող-հանդիմանող թուրքի հիվանդին պատի հետեւը քարշ տված, դանակը թեթեւ բռնած, թեթեւ կտրարտում հիվանդի ականջները: Ու նաեւ հետո տեսավ, թե դանակը թեթեւ բռնած, ինչպես կոխեց արդեն մի քանի տեղից վիրավոր ու արյուն ծորացող ու ցավից մռնչացող հիվանդի աչքը, ու հարվածի հետ` հիվանդի աչքը դուրս հանեց բնից ու բնից դուրս հանված աչքը թելիկով մինչեւ այտը-ծնոտը կախվել էր ու շուրջանակի գնում գալիս էր վատ ժամացույցի սլաքի նման: Ու նա կռվի ու կրակահերթերի արանքում տեսավ, նա տեսավ, թե` երկուսն էլ` Գենիկն ու հիվանդը, այլայլված-ծանր-անխոս չարագուշակ լռությամբ ու հեւոց-խռնչոցներով, ինչպես են իրարից ծանր կախված պարկերի նման ծանր պտույտներ գործում, ու թե ինչպես է Գենիկը խուլ մռնչոցներով ու դանակի թեթեւ շարժումներով, ոչխար քերթելու պես, սովոր շարժում-հարվածներով ծվատում հիվանդի շորերն, ու նա տեսավ, թե ինչպես հիվանդին տկլորացրեց մի ակնթարթում, ու սրա այտի վրա կախված աչքն այտից հեռանում ու նորից այտին էր խփվում զանգի լեզվակի պես: Եվ Բորիկն առաջ պիտի գնար, գնդացիրն իր ձեռքին էր, ու տղերքը հիվանդանոցի պատերի տակ շարված ու թուրքի խաղողի այգիների սկզբնամասում դիրք գրաված-լռված` իր առաջ գնալուն են սպասում, եւ մի երկու կրակահերթ տվեց թուրքի խաղողի այգիներում պատսպարված դեպի թուրքերն ու թուրքի դիրքերն ու ասաց` գնում ենք, տղերք, գնում ենք,  էդ երկու դիրքն էլ գրավենք ու առաջներս բաց է, վախենայու բան չկա` մինչեւ Միրբաշիր առաջներս բաց է: Ասաց` առաջներս բաց է, վախենալու բան չկա, բայց` «մտքերով, ուղեղով խառնված էր», ու այդ հետո էր ամեն-ինչը հիշելուց` զզվանքով կողքի թքելու ու «սաղ մարմնով փշաքաղվելու»: «Սաղ մարմնով փշաքաղվելու էր» հետո հիշելուց էդ ամեն-ինչը, բայց հիմա վազքի հետ աչքի պոչով  նայում էր, ու աչքի պոչով նայում-տեսնում էր, նայում-տեսնում  է, թե Գենիկը ոչխար քերթելու նման ինչպես է՝ սուր, շատ սուր շեղբ ունեցող դանակով քերթելու համար իրեն անհրաժեշտ բացվածքներն անում ցավից ոռնացող-բառաչող ու վերքերից արյուն ծորացող հիվանդի տկլոր մարմնի վրա ձեռքում թեթեւ բռնած այդ նույն դանակի թեթեւ հարվածներով, ու նաեւ մտքերով խառնված, նա տեսնում էր, անցողակի նկատում-տեսնում էր, թե ինչպես է ու ինչպես է հիվանդի կտրտվող-քերթվող մորթին նախ սպիտակում  վատ դաբաղած կաշվի նման ու հետո, միայն հետո, մի քանի ակնթարթ հետո էր կարմրում-արյունոտվում: Ու կռվի արանքում եւ կրակահերթերի արանքում, Բորիկը անցողակի, վազքի մեջ ու աչքի պոչով տեսավ, նա տեսավ, թե ինչպես մեկեն գիժը ցավից եւ այս կյանքը կորցնելու վախից ոռնաց սովորական մահկանացու-առողջ տղամարդու նման, ցավից-վախից բառաչ-ոռնոցի հետ միասին, նաեւ ամբողջ մարմնով արյունոտված-ամբողջ մարմնով դողում էր ու արյուն ծորալու հետ միասին, բնից դուրս պրծած աչքերով, քոքերից կտրտված ականջներով պաշտպանվում էր, ակտիվ պաշտպանվում էր ակամա: Եվ նա տեսավ, նա տեսավ, թե ինչպես Գենիկը դանակը թողեց ու պատի տակ ընկած ինքնաձիգը ձեռքն առնելով` ինքնաձիգի խզակոթով մի երկու անգամ-արագ ու շեշտակի խփեց սրա գլխին ու սա թուլացավ մի պահ ու թուլացած-Գենիկից կախվել էր մի պահ, ու Գենիկը նորից դանակն ձեռքն առավ ու դանակը ձեռքն առած` արագ-արագ ու խուլ մռնչոցով քերթում էր խուլ մռնչացող գժին, քերթում էր խուլ մռնչացող գժին արյունռուշտի խուլ մռնչոցով: Ու Բորիկը գնդացիրը ձեռքին-կրակահերթերով  առաջ էր վազում, առաջ էր վազում կրակահերթերով, ու վազքի հետ անտարբեր գոռաց ու ասաց` դրա վախտը չի` առաջ ենք գնում, ու ասաց` ինքնաձիգդ վերցրու-հետս վազի, առաջ ենք գնում` դրա վախտը չի: Ու Բորիկը` Գենիկի` ծուռ, այլայլված, անխոս, բութ-հայվանի հայացքն էր հիշում հետո իր վրա հառած: Նրա` բութ, հայվանի հայացքն էր հիշում իր վրա ծուռ ուղղված:  Եվ այդպիսի` բութ, անտարբեր, հայվանի հայացքով իրեն նայում ու հիվանդ-գժի արյունածոր մարմնի վրա կռացած, ժամանակ չկորցնելու նման, արագ-արագ քերթում էր, քերթում էր եւ ծուռ ժպտում էր ինքն-իրեն քերթելու հետ միասին: Ծուռ ժպտում էր քերթելու հետ միասին ու՝ արագ-արագ, Բորիկին չնայելով  ու կողքի նայելով, ծուռ ժպիտով ու երգեցիկ ասաց` պրծնեմ-գամ: Ու ծուռ նայելով նորից, ինքն-իր համար ասաց` պրծնեմ-գամ: Եւ Բորիկն արդեն ահագին հեռացել էր ու կռանալով-բարձրանալով, վազքի հետ կրակահերթ ու թանչին տալով առաջ էր գնում, առաջ էր գնում, եւ անտարբեր, անցողակի, վազքի մեջ ու կրակահերթերի արանքում մտքերի մեջ,  ատամների արանքից շպրտեց ու ասաց` ա՛յ հայվան, հո անասուն չե՞ս, հո անասուն չե՞ս: Որ սաղ մնացիր, բա գիշերները ո՞նց ես քնելու: Բա ո՞նց ես գիշերները քնելու: Ու Գենիկը Բորիկի խոսքի վրա զգաստ կանգնեց, ու դանակի կոթը լրիվ արյունոտված էր, ու` ձեռքերը, շորերը, հիվանդանոցի պատի տակ ընկած ինքնաձիգը լրիվ արյուն էր, ու ձեռքում բռնած-կախ գցած դանակի շեղբից արյունը կաթկթում-ծորում էր, եւ ցավից խուլ մռնչացող-գետնին գալարվող, կիսաքերթված-արյան մեջ շաղախված-կիսամեռ-հիվանդ գժին էր նայում ծուռ-ծուռ ու ատելությամբ ու նույն ատելությամբ, ծուռ-ծուռ Բորիկին նայելով, ասաց, ասաց` բա իրենք գիշերները ո՞նց են հանգիստ քնում: Իրենք գիշերները ո՞նց են հանգիստ քնում: Ես` անասուն-հայվան եմ, իսկ իրենք էլ մարդ ե՞ն: Իրենք անասուն չեն ու մարդ ե՞ն: Թե՞ ես եմ մեր գյուղի հուշարձանի տակ պապիկիս փորը խանչալով բացել, հուշարձանին թիկն տվել-հուշարձանի տակ նստեցրել ու սպանված-հոշոտված տատիկիս գլուխը` պապիկիս փորը մտցրել: Ես անասուն եմ, իրենք մարդ ե՞ն: Թե՞, ես ու դու չէինք, որ գիշերով թաղեցինք պապիկիս ու տատիկիս: Գիշերով, թաքուն, անլաց, պատահական մի թաքուն տեղ թաղեցինք-հողին հանձնեցինք: Ես ու դու: Թաքուն ու գիշերով: Գերեզմանոցից դուրս, անկապ-թաքուն մի տեղ: Որովհետեւ, իրենք մեր գյուղում նստոտած էին արդեն: Մենք, մեր տներում ու մեր օջախներում մեզ համար-խաղաղ քնած, իրենք գիշերով բորենիների ու չախկալների նման վրա տվել մեր խաղաղ գյուղի վրա, մեր գյուղը գրավել ու մեր ծերունիներին մորթոտել ու մեր գյուղում նստոտել են արդեն: Իրենք թուրք հալով, թուրք հալով, ի՞նչ քաք են ուտում մեր հայի գյուղում: Ի՞նչ քաք են ուտում մեր հայի գյուղում նստոտած: Ու սենց եմ անելու, ձեռս ընկածին սենց եմ անելու: Առողջ լինի, թե գիժ լինի` սենց եմ անելու: Իմ խաղաղ քնած, գիշերով տեղաշորից հանված ու թուրքավարի հոշոտված իմ պապիկի ու տատիկի մուռն եմ հանելու: Մեր սպանված ու հոշոտված գյուղացիների, մեր բոլո՜ր սպանված ու հոշոտված, թուրքի կողմից մեր բոլո՜ր սպանված ու հոշոտված հայերի մուռն եմ հանելու: Նրանց մուռն եմ հանելու, մենակ, թե թուրք լինի. գիժ կլինի՞, թե` առողջ: Ու նա ծուռ-ծուռ նայելով ասաց ու պրծավ ու Բորիկի հետ ունեցած «գործը» պրծած համարեց, եւ նորից կռացավ… ու արագ-արագ, շնչասպառ քերթում էր, ու հետո տղերքն «իրենց աչքերով» իրենց տեսածն իրար պատմելուց, ասում էին` «մաշկում էր», ու հետո իրար պատմելուց իրար ասացին` մենք էլ էինք տեսել ու մենք էլ էինք տեսնում, բայց ժամանակ չկար ու ժամանակը չէր ներում` առաջ պիտի գնայինք ու առաջ էինք գնում` ժամանակ չկար հետ դառնայինք ու քացու տակ գցեինք էդ արնախում Տափուկին: Ու նաեւ ասում էին` ժամանակ չկար հետ դառնայինք ու իրա ականջներն էլ կտրեինք, կտրեինք ու չոբանի-անականջ-կատաղած շուն դարձնեինք… Ու Բորիկը վազքի մեջ ու կրակահերթերի արանքում ասաց` անասու՛ն, գնդակահարիր, թող հանգստանա, ինքը չէր, ինքը հոգեբուժարանի հիվանդա, ինքն Աստծո անմեղ գառա, անասու՛ն, գնդակահարիր, թող մեռնի-հանգստանա, դրա ապրած ցավերը վրեդ է քաշվելու, անասու՛ն, Աստծո մեղքը վրեդ մի վերցրու, այ անասու՛ն:

Եւ Գենիկը «դրանից հետո» գիշերները, խրամատում քնած, խորը-ծանր երազներով ու հեվոց-թառաչանքներով ուղեկցվող քնի մեջ շան նման կատաղի հաչում էր: Շան նման կատաղի, բարձրաձայն ու խուլ-ոռնացող հաչում էր քնի մեջ գիշերները: Եւ գիշերվա մեջ ու քնի մեջ խրամատում պառկած տղաները Գենիկի` խուլ, կատաղի, ոռնոցով ուղեկցվող շան հաչոցներից քնաթաթախ վեր էին թռչում գիշերվա կեսին: Վեր էին թռչում գիշերվա կեսին վախեցած: Ու խրամատում պառկած, գիշերները մի պահ նինջ դրած-դանթող, «մի քիչ» հանգստանալ փորձող տղաներին «խանգարում էր» Գենիկն իր հաչոցներով: Խանգարում էր: Ու նաեւ զզված-արհամարհական ընկրկում էին նրանից եւ, արդեն նրան խեթ-խեթ նայում ու ղասաբ էին ասում, ղասաբ էին ասում արդեն նրան: Եվ Գենիկն արդեն իր հաչոցների ձենից գիշերվա կեսին քնից արթնանում ու տղերքի խեթ-խեթ արվող հայացքների տակ գետինն էր մտնում ամոթից: Ամոթից գետինն էր մտնում արդեն: Եւ, մի օր էլ քնի մեջ արված շան հաչոցների իր ձենից արթնացավ ու խրամատում կիսանստած լացում էր ամոթով: Ու քնի մեջ, երազի մեջ իր տեսածների մասին տղերքի արվող հարցումներին չէր պատասխանում ամոթից: Ամոթից երկար ժամանակ տղաներին չէր պատմում քնի մեջ իր տեսածը: Ու տղաների արված հարցումներին անկապ-ամոթով թոթվում էր ուսերը, ու ասաց,  տղերքին ծուռ  նայելով եւ գետնաքարշ հայացքը խրամատի պատերին ծուռ հածելով ասաց` բան չեմ տեսնում, ուրիշ բան չկա, մենակ թե քնից արթնանալուց հետո, իմ հաչոցներից ու իմ հաչոցների ձենից արթնանալուց հետո, «ուժեղ» ամոթով եմ լցվում ու ամոթից լացս գալիս է: Եվ անկախ ինձնից, ամոթից լացս գալիս է: Եվ մի անգամ ասաց` ու տատս մի անգամ երազիս եկավ ու խրատում էր ինձ՝ մեղմ, բարի, բայց չոր-սառը ձենով, ու ասաց` ցավդ տանեմ, մատաղ ինիմ, դու ինչո՞ւ հավասարվեցիր դրանց: Ինչո՞ւ դու դրանց հավասարվեցիր: էդ նզովքն ու խարանն ինչո՞ւ մեր գերդաստանի վզին փաթաթեցիր: Ու տատս նաեւ ասաց` որ խաղաղություն լինի ու խաղաղություն ընկնի, շատ ծախս պետք չէ, շատ ծախսի տակ չընկնես, փողերդ պահիր, որ ամուսնանաս, շատ ծախսի կարիքը չկա. ձորակ տեղ ես թաղել,  ընկերոջդ հետ`  ձորակ տեղ եք թաղել՝ ջուրը տակներս լփլփում է, ստեղից կհանես ու մեր գերեզմանոցը կտեղափոխես: Շատ բաների հետեւից չընկնես ու շատ ծախսեր չանես, մի երկու   տախտակ է, իրար կմեխես ու մեզ մեջը կլցնես ու մեզ` ինձ ու պապիկիդ` մեջը կլցնես ու մեր պապական գերեզմանոցը կտեղափոխես ու մի երկու մոմ կվառես մեր շիրիմներին` խաղաղ հոգով-հանգիստ հեռանանք էս աշխարհից: Խաղաղ հոգով-հանգիստ հեռանանք էս աշխարհից: Ու նաեւ ասաց` նայի, չվռազես, մատաղ ինիմ, ու գիշերով-միշերով բաներ չանես քեզ վտանգի ենթարկես: Մեռած-պրծած ենք: Ես էլ, պապդ էլ` մեռած-պրծած ենք: Որ խաղաղություն լինի ու խաղաղություն ընկնի` նոր: Եւ Գենիկը ծուռ-ծուռ տղաներին նայելով, կարծես արդեն մոռացել էր հենց նոր ասվածի մասին ու կարծես մի նոր հայտնագործություն էր արել եւ հայտնագործություն արածի նման, ոգեւորված,  խրամատի պատերին ծուռ-ծուռ հածող-գետնաքարշ հայացքով ասաց` բայց կռիվը մենք ենք հաղթելու, տղերք: Կռիվը մենք ենք հաղթելու: Այլապես, երազիս եկած տատս ի՞նչ գիտի` խաղաղությունից հետո մեր սահմանային գյուղը թուրքերից ազատված է: Ի՞նչ գիտի: Երազում ասում է` չվռազես` խաղաղությունից հետո մեզ կտեղափոխես մեր պապական գերեզմանոցը: Խաղաղությունից հետո: Ուրեմն, թուրքերին քշելու ենք, չէ՞, մեր գյուղից: Թուրքերին մեր սահմանային գյուղից քշելու ենք, չէ՞, որ տատս ինձ երազի մեջ առաջարկում է իրենց դիակները մեր գյուղի պապական գերեզմանոցում վերաթաղել: Ու Լյովան չդիմացավ Գենիկի արված ու ասված եզրակացություններին եւ ասաց` փաստորեն, արտաշիրմում ե՞նք անելու: Եվ Գենիկը խոսքը դեռ չէր վերջացրել եւ վզում ծռմռվելով ու գետնաքարշ հայացքը խրամատի պատերին ծուռ-ծուռ հածելով նոր մի բան էր ուզում ասել ու պատմել, բայց Լյովան չթողեց ու ասաց` փաստորեն, արտաշիրմում պիտի անե՛նք: ՈՒ խրամատի պատերին հածող Գենիկի հայացքն ու աչքերը «զոռով իր աչքերին բռնեցնելով», ասաց՝  արտաշիրմու՛մ: Լյովան դիմահար ասել ու տղաների մեջտեղը կանգնած, դիմահար Գենիկին էր նայում խեթ-խեթ-կծող հայացքով, եւ ի պատասխան, Գենիկը ծուռ-ծուռ նայելով շփոթահար ճպճպացրեց աչքերն, եւ տղաներն էլ նկատեցին ու տեսան, որ սա արտաշիրմում բառը չի հասկացել, սակայն եւ ներքին զգացողությամբ հասկացել է, հասկացել-գիտակցել է, որ Լյովան խեթ-խեթ արված հայացքով ու իրեն անհասանելի ու իր կողմից չհասկացվող  բառերով արված արտահայտություններով ձեռ է առնում իրեն ինչպես միշտ, եւ նորից փորձող, շփոթահար ու գետնաքարշ հայացքով Լյովային էր նայում ծուռ-ծուռ, ու Լյովան շարունակեց ու ձայնին` մեզնից շուտ ու մեզնից անժամանակ հեռացած, մեր մեջ իրենց հարգանքը թողած մեծերի մասին արվող ակնածանքի երանգ ու հարգանքի վեհերոտություն տալով, արտիստիկ-անտարբեր լրջությամբ ասաց` բերանները ոսկե ատամ-մատամ թողել ե՞ս…ոսկի ատամ թողել ե՞ս բերանները, թե՞` ոսկիները հանել, մենակ բուլատներն ես մեզ թողել: Ու նաեւ սրտնեղած ասաց` ա՛ խոխա, ա՛ լակուտ, հարցրածս մի մե՜ծ բան չի, հարցրածս մի շատ պարզ բանա, մի շատ պարզ բանա` մինչեւ թաղելդ, մինչեւ նրանց թաղելը, ատամ-մատամ սրբել ե՞ս բերաններից, ոսկե ատամները հանել-վերցրել ե՞ս, ասում եմ, ասում եմ, արժե՞` չարչարվենք, նորից փոսը քանդենք-նրանց թրջված-ճրիպաղաղ հանենք թաց շորերով: Ասում եմ` մեզ մի բան կմնա՞ էդ ամեն-ինչից: Ա՛ խոխա, հո դու բութ չե՞ս, ի՞նչ ես գլուխդ շշմած տմտմբացնում, ասում եմ` մեր քյարը որնա՞: Որ չարչարվեցինք-փոսը քանդեցինք-փորեցինք- նորից հանեցինք,  մեզ մարդա մի երկու ոսկի ատամ կտա՞ս` ասում եմ…Ա՛ խոխա, դժվարա՞` պատասխանես, կա՛մ ասա` հա՛, կա՛մ ասա` չէ՛: Ու Գենիկը ճմլկոտում էր սրտնեղված ու սրտնեղված ուզում էր Լյովայի մեջ խղճմտանք առաջացնել թուրքի կողմից հոշոտված դեպի իր տատիկն ու պապիկը եւ սրտնեղված ասաց` խի՞ ես տենց բաներ ասում իմ տատիկի-պապիկի մասին, բայց ուրիշ բան էր ուզում ասել եւ ուրիշ ձեւի էր ուզում ասել ու սրտնեղված եւ բառերը հատ-հատ շեշտելով ու նաեւ Լյովային «մարդավարի» բան հասկացնելու ու նաեւ իր տատիկի ու պապիկի, թուրքի կողմից հոշոտված իր տատիկի ու պապիկի ապրած ցավերը ու նրանց ապրած ցավերից իր ցավ-ապրումները տղաներին տեսանելի ու հասկանաի դարձնելու համար եւ նաեւ իր տատիկի ու պապիկի հասցեին եւ նրանց վերաբերյալ արված նրա ափեղ-ցփեղ արտահայտություններին վերջ տալու համար, չոր ու սրտնեղած ասաց` չէ՛, թուրքերը մինչեւ պապիկիս փորը բացել ու տատիկիս գլուխը խանչալով բացված փորն են կոխել, նախ, ատամներն են հանել, թուրքերը սկզբից, հենց ատամներն են հանել: Ու Գենիկը` ծուռ-ծուռ, չոր-չոր հայացքով կողքանց Լյովային էր նայում հանդիմանելու նման, ու Լյովան չդիմացավ նրա խոսքերին ու ծուռ հայացքին, եւ ասաց` դու էլ ի՞նչ ես… թուրքը՜, խանչալը՜, մորթեե՜ց, հոշոտեե՜ց, փորը բացեե՜ց… Պա՜հ, ի՜նչ զարմացնել ես մեզ զարմացնում, չորս-հինգ տարի է` պատերազմ է, կռիվ է, թուրքի դեմ ենք, լլկանք է, հեծեծանք է, հառաչանք է, կորուստ է, ալան-թալան է, անմեր-անհեր որբեր են, գազան ենք դարձել, գազան ենք դարձել ու գազան-արյունախում դառած ենք ապրում, քնում, ման գալիս… ահել-ջահել սպիտակել եք… Ի՜նչ ես հիմա` թուրքը՜, խանչալը՜… Էդ թուրքն է, էդ թուրքն է, իսկ խանչալը քո ձեռքին էր, եվ խանչալը քո ձեռքին ի՞նչ էր անում, արյուն ծորացող խանչալը քո ձեռքին ի՞նչ էր անում գժանոցի պատի տակ, ա՛յ անասուն, ա՛յ անասուն, բայց չէ ո՞ր դու հայ ես: Դու հայ ես, ա՛յ անասուն: Բայց Լյովան չերկարացրեց ու չծանրացրեց խոսակցությունն ու ինչպես ինքն էր ասում` եթե գեթ մի րոպե լրջանա ու լուրջ մտածի էս ամեն տեսածի, ամեն ապրածի համար, ապա ինքն էլ հիմա գժված կլիներ ու խայտառակ բան կլիներ, տղերքն ինքնաձիգները ձեռքերին գալու էին-տեսնեին ինքն էլ թուրքի հոգեբուժարանի պալատներից մեկում զոլավոր-հիվանդի շորերը հագին պատերի վրայով ման է գալիս, եւ նա չծանրացրեց խոսակցությունն ու, ընդհանրապես, նա հեռու էր մնում «լուրջ դեմքերով» արվող ու արված ամեն-մի «լուրջ» դատողություններից ու քննարկումներից եւ շատ լավ հասկանում էր, շատ լավ հասկանում էր, որ երկրիս վրա բոլոր դատարկություններն ուրիշներին զարմացնել փորձող բոլոր «լրջմիտ-դատարկամիտներից» է գալիս, ու նույն կերպարի մեջ մտած՝ կողքանց ազդրին խփեց ու Գենիկին նայելով հարց տվեց, ասաց` ուրեմն, բոլոր ատամները տարե՞լ են թուրքերը, սաղ ոսկե ատամները տարե՞լ են պապիկիդ-տատիկիդ, ու ասաց` վա՜յ քու հա՛, ամե՜ն տեղ, ամե՜ն տեղ թուրքը մեզնից մի ոտ առաջ է` բուլատ էլ չեն թողե՞լ… Ու հետո Գենիկին նայելով նորից ասաց` ձեռդ մի լավ գցել ու պապիկիդ փորը ստուգել ե՞ս, կարողա՞` տատիկիդ ոսկե պրոթեզը պապիկիդ խանչալով բացված փորում ես թողել-մոռացել, թե մոռացել ես` թափ տանք-լվանանք-փայլեցնենք-ոսկու տեր դառնանք. թուրքի ինչն եմ ասել, որ շան բախտ ու գելի հոտառություն  ունի եւ միշտ մի ոտ առաջ է մեզանից, միշտ մի ոտ առաջ է մեզանից: Եւ հետո էլ թե` ուշ է քնից վեր կացել ու ուշ է իր պետությունն ու ազգը եւ պատմությունը ստեղծել ու սարքել: Ուշ է ազգի ու պետության եւ ժողովրդի ու պատմության տեր դարձել թառերը ձեռքին «սեփական ծոցից ելած» ու սեփականացրած քյորօղլիների գովքն անող աշուղների միջոցով, բայց մինաիսկատելները ձեռքին ու գելի հոտառությամբ` որտեղ նավթ կա` ձեռքը վրեն է, որտեղ մի  ազգի անունով հերոս ու բանաստեղծ կա` իրենն է, որ մի ժողովուրդը մի հին պատմություն ունի` վրայի խաչքարը ջարդում ու հողի տակ պարտակում եւ այդ հողն իր պատմությամբ` իրենով է անում: Ու Լյովան ասաց` թուրքի ինչն եմ ասել, որ մորեխի նման տարածվում ու գելի հոտառությամբ մինաիսկատելը ձեռքին, գիշերով ու թաքուն մեր հայկական գյուղերը գաղտագողի ու չախկալի նման մտնում, եւ ինչքա՜ն տեղաշորերում գամված հիվանդ մարդ ու ծերունի ու քայլել չիմացող հաշմանդամ կա, իր մեջն ամբարած գազանի փորձություններն է նրանց գլխներին փորձում: Իր մեջն ամբարած գազանի այլանդակություններն է նրանց վրա փորձում: Ու Լյովան ասաց` ղասաբ են, ղասաբ: Եւ Լյովան շրջվեց ու Գենիկին ասաց, հաշտարար տոնով ասաց` մենակ, թե շուտ կպատասխանես, չձգձգես ու գլուխդ գետնին հառած շուռումուռ չտաս` ասում ես` տատդ երազիդ ի՞նչ է ասել, խաղաղություն ընկնի` նո՞ր…Քնել ե՞ս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930