Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագը ԵԽԽՎ-ից պահանջում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Նոյեմբեր 19,2011 09:26

 

 

«Ազգը», անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի պահանջին, գրում է. «Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից ակնկալում է ստանձնած պարտավորությունների կատարում, նաեւ համագործակցություն լիազորված զեկուցողների հետ: Ակնհայտորեն եւ ուղղակիորեն Բունդեսթագի այս պահանջը, որ ձեւակերպված է նոյեմբերի 9-ին նշված հանձնաժողովի ընդունած բանաձեւում, ցցուն մատնանշում է Ադրբեջանի ուղղությամբ:

Բանաձեւին կողմ են քվեարկել Քրիստոնեա-ժողովրդավարական միությունը (CDU), Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (FDP), Գերմանիայի սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը (SPD), Կանաչները (Die GrՖnen), իսկ Ձախերը (Die Linke) ձեռնպահ են մնացել: Բանաձեւում նշվում է, որ Ադրբեջանը 2001-ից Եվրոպայի խորհրդի անդամ է, 2002-ի ապրիլին էլ ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, բայց չի կատարում ստանձնած պարտավորությունները: «Այդ պարտավորությունները Ադրբեջանը ստանձնել է ինքնակամ ու պարտավորվել կատարել», նշվում է բանաձեւում, հիշեցմամբ, որ 2009-ի մարտին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող է նշանակվել Քրիստոֆ Շթրեսերը, բայց նրան տրված մանդատով կալանավայրեր այցելելու ազատությանն անգամ գործը չի հասնում, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է նրան մուտքի արտոնագիր տրամադրել: Բանաձեւը նշում է. «Միաժամանակ քաղբանտարկյալների վիճակն այդ պետությունում մտահոգության տեղիք է տալիս: Ընդդիմադիրները, լրագրողները եւ բլոգերները ահաբեկման են ենթարկվում եւ բանտարկվում: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհուրդն իր զեկուցողի միջոցով պատկերացում կազմի, թե ինչքանով են պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներն Ադրբեջանում»:

Բունդեսթագը բանաձեւով ակնկալում է ոչ միայն զեկուցողի հետ համագործակցություն, այլեւ պահանջում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Շթրեսերին մուտք գործել իր երկիր: Այս պահանջին ԵԽԽՎ-ն ամենայն հավանականությամբ կարող է անդրադառնալ, բայց, միայն 2012-ի հունվարից հետո, երբ կավարտվի ԵԽԽՎ ներկայիս նախագահ Մեւլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930