Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաֆիտին պահի տակ ստեղծվող արվեստ է

Նոյեմբեր 18,2011 22:07

 

Երիտասարդ նկարիչ  Հայկ Հակոբյանը կարծում է, որ գրաֆիտին ինքնաբուխ, պահի տակ ստեղծվող արվեստ: Նա սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայում, իսկ  2001թ-ից սկսած՝  լուրջ հետաքրքրվել է փողոցային արվեստով`  «Գրաֆիտի»-ով և այժմ էլ շարունակում է նկարել այդ ոճի մեջ:

«Տեսահոլովակների մեջ տեսել էի, թե ինչպես են նկարում և սկսել էր լուրջ հետաքրքրվել այդ արվեստով, ուստի որոշեցի ես էլ փորձել և, ի զարմանս ինձ, ստացվեց: Ճիշտ է, սկզբում շատ պրիմիտիվ պատկերներ էի նկարում, բայց ժամանակի ընթացքում կոփվեցի և հասկացա, թե ինչ է իսկական գրաֆիտին»,-ասաց նա` հավելելով, որ իր նկարների մեծամասնության մեջ հիմնականում սև, մուգ, մռայլ գույներն են «թագավոր»:

Ըստ Հակոբյանի` նշված գույներով փորձում է ներկայացնել մարդկային վատ կողմերը, որոնք գերիշխում են մեր հասարակության մեջ: «Մուգ գույնը խորհրդանշում է հեղինակություն` առաջացնելով բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության և վտանգի հետ. բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Մուգ գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ վախեցնում»,-հավաստիարեց նա` հավելելով, որ վառ գույներով էլ է նկարում, բայց մուգ գույնն իրեն ավելի հոգեհարազատ է :

Երիտասարդ նկարչի խոսքերով՝ համագործակցում է այլ արվեստագետների հետ, բայց հիմնակնում նախընտրում է միայնակ աշխատել, քանի որ իր ոճը երբեմն չի համապատասխանում կոլեգաների ոճին:  Միևնույն ժամանակ չի կարող չհամաձայնվել, որ Հայաստանում կան շատ գրաֆիտի նկարողներ, որոնց աշխատանքները ուղղակի հիացմունք են առաջացնում: Հակոբյանը համոզված է նաև, որ յուրաքանչյուր գրաֆիտի անող պետք է իմանա, թե որտեղ է նկարում և արդյոք նախընտրած վայրում թույլատրվում է այդ գործով զբաղվել: «Համաձայն եմ, որ հաճախ ոմանք չափն անցնում են ու նկարում այն պատերի վրա, որոնք քաղաքի ներկայանալի դիմագիծն են: Օրինակ՝ ինչպես կարելի է նկարել Մատենադարանի վրա, այն մեր պատմական կենտրոններից է և մենք, որպես հայ, իրավունք չունենք հաշվի չառնել դա»,-ասաց Հայկը` համոզված լինելով, որ այսօր գրաֆիտին զարգացման փուլում է, և այդ ազատ վիճակը շատերին է սկսել հետաքրքրել և դուր գալ. շատերն են ձգտում անել այն, ինչը դեպի զարգացում կտանի:

Պերճուհի Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930