Հաաաաաաաաաա~, փսի…
Առողջություն
Երևի արդեն հասկացաք, որ ես քիթն եմ` մարդու ամենակարևոր օրգաններից մեկը: Բոլորիդ կյանքում շատ մեծ նշանակություն ունեմ, բայց չգիտեմ` ինչու ինձ հետ միշտ վարվում եք շատ կոպիտ ու, կներեք, անտաշ: Ես, երևի, ի ծնե եմ տուժած, Աստված ինձ ստեղծել ա էնպիսին, որ մարդ հենց հիվանդանում ա, առաջին նախանշաններն ու ամենազզվելի զանգվածը ինձ ա բաժին ընկնում: Դե արի ու, քիթ ջան, մի բողոքի:
Ամենաշատը վիրավորվում եմ նրանից, որ փողոցով անցնելիս մեկ էլ կլսեմ նման արտահայտություն` «Հըլը սրա քթին նայի, ինչ էլ մեծ ա…»: Ինչու՞ եք վիրավորում, չէ՞ որ ես էլ եմ մարդու օրգան, և այն ինչ բնական է, նաև բարոյական է ու հարգանքի արժանի:
Վիրավորական է ինձ համար նաև այն փաստը, որ շոու-բիզնեսի, այսպես կոչված փայփլուն «աստղիկները», երբ բան ու գործ չեն ունենում անելու, սկսում են վիրահատել, կտրատել ու փոքրացնել ինձ: Ու մարդիկ էլ, տեսնելով այն «աստղիկներին», ովքեր պլաստիկ վիրահատության են ենթարկել ինձ, ասում են` «Օ~, քիթը կտրելուց հետո ինչքա~ն ա սիրունացել»: Բայց ինչու՞ եք այդքան համոզված ու վստահ ասում, որ ինձ փոքրացնելով սիրունացել ա: Ինչու՞ էդ «աստղի» արտաքնի մեջ մենակ ես էի գեշ, ես էի խանգարում: Հըլը մի հատ ուշադիր նայեք, կարողա հակառակն ա, ամենասիրունը ես եմ: Չնայած, եթե իսկապես տգեղ էլ եմ, ապա հաստատ իրենց «հրաշք» ձայներից սիրուն եմ:
Մարդիկ անընդհատ իրենց տգեղության կամ կոմպլեքսավորման պատճառը փորձում են բարդել ինձ վրա՝ ասելով, որ ես մեծ ու խորդուբորդ եմ ու որ աղջիկները կամ տղաները իրենց չեն սիրում իմ պատճառով: Է~, ինչ արած, պիտի դիմանամ:
Վերջերս իմ պատվին մրցանակաբաշխություն էին կազմակերպել ու փնտրում էին Հայաստանի ամենամեծ քիթ ունեցող մարդուն: Ես շատ ուրախացա` մտածելով, որ վերջապես կգնահատեն ինձ իմ ողջ փայլով, բայց… Ուրախությունս շատ շուտ անցավ, երբ իմացա, թե ինչ մրցանակ է սպասվում հաղթողին: Եվ գիտեք` ինչ էր մրցանակը: Իհարկե, քթի պլաստիկ վիրահատություն: Էլի կպան արժանապատվությանս, էլի սկսեցին կտրտել:
Ա~խ, ինչքան կուզեի, որ մի օր ընդհանրապես անհետանային` ինչ գեշ քիթ ունի, ինչ մեծ ա, փող հավաքեմ, որ քիթս վիրահատեմ, ու նման լիքը արտահայտությունները:
Դե հերի’ք էղավ էլի, թողե’ք հանգիստ շնչեմ:
Հերմինե Խլղաթյան