Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներեցեք, Դուք հիմա՞ր եք». մահու չափ ուզում է հարցնել բլոգերը

Նոյեմբեր 18,2011 20:49

Դասախոսը հերթական անգամ  ամոթանք էր տվել. «Լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող եք՝ ո՛չ  բլոգ ունեք, ոչ էլ գիտեք՝ ինչ է»: Նույն կուրսի ուսանողներից Շուշան Շատիկյանն էլ նախկինում միայն «բլոգ» բառը լսած լինելով՝ դասախոսի ամոթանքը միանգամից իր վրա էր վերցրել եւ սկսել իր «փնտրտուքները» ինտերնետում: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում Շուշանը պատմում  է՝ այդ ընթացքում նրան նաեւ հրավիրեցին  բլոգինգի մասին սեմինարի, գնաց, մասնակցեց, որոշեց վարել սեփական բլոգը. «Իմ առաջին քայլերը ժուռնալիստիկայի բնագավառում արել եմ «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրում: Հենց այդ ամսագրի գլխավոր խմբագիր Զառա Բաթոյանի հրավերով էլ մասնակցեցի սեմինարին: Ի դեպ, բլոգս Զառան է իր արդար ձեռքով բացել: Մինչ բլոգ բացելը՝ որևէ մեկի բլոգը չեմ կարդացել երբևէ, երբ սկսեցի սեփական բլոգ վարել, այդ ժամանակ էլ սկսեցի նաև հետևել այլ բլոգերների գրառումներին»,- պատմում է Շուշանը: Ասում է՝ «տարօրինակ զուգադիպությամբ» սեփական բլոգը բացեց 2010 թվականի ապրիլի 7-ին, առաջին գրառումը նույն օրը չեղավ, բայց  այդ օրվա մասին էր: Բլոգն անվանեց «Օրագիր». «Դե, մարդկանց միշտ էլ հետաքրքիր է փորփրել ուրիշի օրագրերը»,- ասում է նա: Շուշան Շատիկյանը նկատել էր՝ սկզբնական շրջանում իր բլոգը կարդում էին «ընկեր-կոլեգաները», հետո այդ շրջանակն ընդլայնվեց. «Այնքան զարմացած էի ու նույնիսկ հուզված, երբ հասկացա, որ բլոգս կարդում են ամենատարբեր տարիքի մարդիկ՝ երիտասարդներ, դեռահասներ ու տարիքով մեծ մարդիկ…Ես իմ ընթերցողների հետ նամակագրական կապը պահպանում եմ, միշտ սիրով եմ պատասխանում իրենց նամակներին»,- ասում է բլոգերը: Բլոգը բացելիս՝ նպատակ էր դրել չգրել շատ քննարկվող թեմանրի մասին, ասում է՝ տեղեկատվություն տարածելու խնդիր չուներ: «Դա անձնական բլոգ էր, որտեղ գրում էի իմ զգացմունքների, ապրումների մասին…,- ասում է նա՝ ավելացնելով,- հետո հասկացա՝ այլևս չեմ կարող անտարբեր լինել շրջապատող երևույթների նկատմամբ, հասկացա, որ մարդկանց հետաքրքիր է նաև իմ կարծիքը. բացի այդ՝ որպես լրագրող՝ երբևէ չեմ կարողացել իմ կարծիքն արտահայտել հոդվածներում, դե ինձ այդպես են մեզ սովորեցրել, իսկ բլոգում՝ այլ է»: Ասում է՝ կյանքում էլ է համարձակ, ինչպես բլոգում, բայց միշտ չէ, որ կարողանում է մարդկանց երեսին ասել այն, ինչ մտածում է. «Պարզապես լռում եմ, երբեմն հարգելով իրենց տարիքը, երբեմն՝ հարգելով ինքս ինձ: Եթե զգում եմ՝ մարդը հիմար է, այլևս չեմ վիճում իր հետ, թեև երբեմն մահու չափ ուզում եմ հարցնել՝ ներեցեք, Դուք հիմա՞ր եք»,- ժպտում է Շուշանը:  Նշում է, որ իրական Շուշանը վիրտուալից շատ չի տարբերվում. «Միշտ էլ ավելի հեշտ է ասել ճշմարտությունը՝ չնայելով մարդկանց աչքերին կամ խոսել քո զգացմունքների մասին՝ առանց ունկնդրի. բայց կոնկրետ ինձ մոտ այդպես չէ. բլոգս իմ ազգանունով է, որը բավականին հազվադեպ հանդիպող ազգանուն է. բոլորը գիտեն՝ ով եմ ես, ինչով եմ զբաղվում, անգամ ինտերնետից դուրս մարդիկ ինձ ճանաչում են, մոտենում են, զրուցում հետս: Տարօրինակ կլիներ, եթե այդքան բացահայտ ներկայանալով հասարակությանը, փորձեի գրել այնպիսի բաներ, որոնք իմ էությանը չեն համապատասխանում, թեպետ՝ եղել են դեպքեր, երբ մոտեցել են, ասել՝ չէինք պատկերացնի, որ Շուշան Շատիկյանը իրականում այսքան համեստ է»: Բլոգերը չի համարում, որ իր բլոգը հեղաշրջում է առաջացրել հայկական բլոգոսֆերայում, բայց փաստում է, որ այն անտարբեր չի թողել բլոգային հասարակությանը.  «Շատերը նյարդայնանում են բլոգիս նյութերն ընթերցելիս, դա զգում եմ իրենց թողած մեկնաբանություններից, բայց, գիտե՞ք ինչ, դա ինձ դուր է գալիս: Եթե կարողանում եմ մարդկանց մի հատվածին լարված պահել կամ ինչ-որ կերպ ազդել իրենց վրա, ուրեմն՝ ինձ մոտ ստացվել է բլոգերությունը,- ծիծաղում է:  Բացասական կարծիքները բլոգի մասին չի հիշում, ասում է դրականներն այնքան շատ են, որ իրավունք չունի բացասականները հիշելու: «Շատ-շատ է եղել, երբ մարդիկ առաջին անգամ ինձ իրական կյանքում տեսնելիս հետո առանձին գրել են, թե՝ չգիտեի, որ դու դու ես: Այսինքն՝ չգիտեին, որ իրենց ճանաչած Շուշանն իրականում Շուշան Շատիկյանն է»,- պատմում է նա: Բոգն էլ մեկ բառով իր  հպարտությունն է: Բլոգի հետ կապված շատ ծրագրեր ունի, ասում է՝ ուզում է իր բլոգը առանձին հասցե ունենա.  «Դա էլ տեխնիկական խնդիրների հետ է կապված…Ես էլ չեմ փայլում տեխնիկական գիտելիքներով, որպեսզի ինքնուրույն կարողանամ լուծել այդ հարցը»,- ասում է նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930