Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ փոշի՝ առկախվելու ճանապարհին

Նոյեմբեր 18,2011 19:17

Քաղաքը անկախացել էր մի քանի տասնյակ տարի առաջ, անկախացել էր ինքն իրենից ու  ինքն իր կամքից անկախ: Թեպետ ոմանք գլուխ են գովում ու խոսում ինչ-որ վերածնունդի, ոգու, զարթոնքի ու անկախության մասին, սակայն իրականում Քաղաքը ինքն իր համար էլ անսպասելի  էր անկախացել: Հանգամանքներն էին այդպես դասավորվել ու դրա դեմ ոչ ոք չէր կանգնել: Կամաց-կամաց փոշին  շատացել էր, փոշին կուլ էր գնացել, քերել էր կոկորդը ու մի թեթեւ փռշտոցից  Քաղաքն անկախացել էր: Ու ոմանց թվում էր, թե մեծ գործ են արել այդ անկախությամբ: Իրենց թվում էր, թե իրենք են հասել դրան, իրենք են հասցրել այդ անկախությանը: Ու հայտնվել էին անկապ վիճակի մեջ: Անկախության ձեռքը կրակն էին ընկել, որովհետեւ նախկին <հեղափոխականները՚> դարձել էին տեր ու տիրական, դարձել էին իշխող, իրենց բաժին հասածից  <հաբռգել՚> էին ու խեղդում էին նորանոր, ուշացած ուրիշ <հեղափոխականների՚>  որոնք, տեսնելով, որ  <հեղափոխական՚> լինելը լավ էլ   շահավետ գործ է, շտապում  էին դառնալ այդպիսին, հույս փայփայելով, թե իրենք էլ առաջին հեղափոխականների պես կհարստանան,  կսեփականաշնորհեն եւ տեր կդառնան: Բայց մոռանում  էին, որ հներն  արդեն վաղուց էին  ամեն ինչ  <անկախացրել՚>  մեջ-մեջ արել,  դարձել անկախության տերը՚ եւ խեղդում էին բոլոր մյուսներին: Իրենք  <առաջին-առաջին՚> էին խաղում, <պերվա՚>:Ու էդ խաղը դարձրել էին ամենօրյա   պոսլե- հեղափոխական զբաղմունք: Շարում էին մնացած բոլորին մի գծի վրա, ետեւից մոտենում էին ու աջ ձեռքի երկու մատներով՝ ցուցամատով եւ դրա կողքի միջնամատով ճլթացնում էին շարքում կանգնածներին: Գլուխները ճլըթում էին, ու ճլըթացնողները հրճվանքի մեջ գոռում էին՝ <պերվա՚> այսինքն՝ առաջին:

Անկախության այս ճլթոցի մեջ բավականին երկար ժամանակ էր անցել, երբ մի օր էլ փողոց մաքրող կինը իր երկար ավելով փոշին էս ու էն կողմ ցրելու պահին հասկացավ, որ փոխվել է քաղաքի աղբ ու փոշու որակը, բաղադրությունը, բուն էությունը: Քաղաքի փոշին ու կեղտը դարձել էր շատ ավելի կեղտոտ, շատ ավելի փոշոտ: Անգամ կեղտը կորցրել էր իր երբեմնի կարգավիճակը: Կեղտն այլեւս առաջվան չէր: Էս նորն ավելի կպչուն էր, ավելի շատ, ավելի երեւացող, <գունավոր՚>:Կինն ամեն առավոտ իր երկարպոչ  ավելով էդ նոր, իր համար դեռ անծանոթ կեղտն էս ու էն կողմ էր քշում, շուռումուռ էր տալիս գույնզգույն, օտարատառ ինչ-որ բանկաներ, թղթեր, ստվարաթղթե տոպրակներ ու քթի տակ ինչ-որ երգ էր դնդնում: Երգը կեղտի մասին էր: Ըստ այդ երգի տողերի՝ գունավոր կեղտը, որ հայտնվել էր քաղաքի փողոցներում, մի տեսակ կպչուն էր, պարտադրող ու համառ: Ավելը չէր օգնում, դույլով ջուրը չէր օգնում, ջղայնությունը չէր օգնում: Ոչինչ չէր օգնում: Նոր կեղտը, որ եկել էր անկախությունից  անմիջապես հետո , շա՛տ էր  գույնզգուն ու կպչուն:

Բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքով   այս նոր որակի կեղտի պատճառը անտառների, ծառ ու ծաղկի բացակայությունն էր: Ամեն օր քաղաքի  կեղտն ավլող կինը գրեթե վստահ էր՝ պատճառն իր ձեռքի  ավելի անզորությունն է՝ հին է,  չորացած եւ անուժ:

Հ.Գ. Ուշադրություն,  Քաղաքը,փոշին, փռշտոցը , գունավոր թղթերը եւ բանկանեը ինչպես նաեւ  մյուս մանրամասները մտացածին են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930