Սպայկա» ՍՊԸ-ի տնօրինությունը տարածել է պարզաբանում «Ա1+»-ի հետեւյալ հրապարակման վերաբերյալ
Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի յուրաքանչյուր ընտանիք մոտ 5 միլիոն դրամի վնաս է կրել: Կաղամբի 6.5 հեկտար ցանքատարածությունները մնացել են ձյան տակ: Նախնական հաշվարկներով փչացել է 500-600 տոննա բերք:
Գյուղացիները կաղամբ են մշակում «Սպայկա» ընկերությանը հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 1 կգ-ը 50 դրամով մթերելու պայմանով: Հավատալով ընկերությանը, որի հետ արդեն մեկ տարի աշխատել էին` դարբասցիները իրենց տների, ունեցվածքի դիմաց վարկ են վերցրել, հող վարձել եւ կաղամբ ցանել: «Անձամբ ինձ ասել են անսահմանափակ ցանի, որքան կարող ես»,- ասում է գյուղացիներից մեկը:
«Սպայկա»-ն բերքը պետք է մթերեր մինչեւ ձյան գալը, սակայն անակնկալ է մատուցել գյուղացիներին, սկսել է սակարկել՝ 1կգ կաղամբի գինը 50 դրամից հասցնելով 15-ի: «Ուզում է 15 դրամով մեզանից գնի, քաղաքում 100 դրամով վաճառի: Իսկ ինչպե՞ս պետք է վերցրած վարկերը վերադարձնենք, վարձակալած հողի, ջրի հարկերը մուծենք»,- բողոքում են փաստի առաջ կանգնած դարբասցիները:
Անորոշության մեջ հայտնված գյուղացիները հրաժարվում են վճարել ոռոգման ջրի, վարձակալությամբ վերցրած հողերի դիմաց:
Նրանց միակ հույսն այն է, որ երկրի ղեկավարը, տեղյակ չէ որ «Սպայկա»-ն իրենց խաբել է. «Մի գուցե քնի զարթնի, մտածի, որ մենք էլ իր ժողովուրդն ենք: Բա գյուղնախարարն էլ ասում էր, թե գյուղացու քրտինքը պիտի հարգենք: Եթե խաբար եք գյուղացու վիճակին, հարգեք: Այսքան վատ վիճակում նույնիսկ պատերազմական տարիներին չէինք հայտնվել»:
Դարբասցիների խոսքերով կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը:
«Սպայկա» ընկերությունից որեւէ ակնկալիք չունեն, նրանց միակ հույսը կառավարության կողմից ինչ-որ չափով փոխհատուցումն է: «Մնացել ենք թեւաթափ: Գոնե մեր վարկերը, սերմնացուի, ջրի գինը փոխհատուցեն, մենք էլ մեր թոշակներով մի կերպ գոյատեւենք: Մենք ինչո՞վ ապրենք»:
Ձյան տակ մնացած կաղամբը այսօր արդեն որպես անասնակեր էլ պիտանի չէ:
Արմեն Հովակիմյան
Սիսիան
Լուսանկարն ուղարկել է «Սպայկա» ՍՊԸ-ն։