Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Դարբաս, Շամբ եւ մի քանի այլ գյուղերում չհավաքված կաղամբի բերքը մնացել է ձյան տակ: Ըստ մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանի, թեեւ ձյան տակ մնացած կաղամբը չի ցրտահարվում, ցրտակայուն բերքն արդեն հավաքվել ու պահեստավորվել է, սակայն այլ խնդիր կա: Մոտ 300 տոննա կաղամբի իրացման հարցն է մտահոգում երկրագործներին:
Գյուղվարչության պետի փոխանցմամբ` պաշտպանության նախարարության միջոցով այս տարվա բերքի մի մասն արդեն իրացվել է, մնացած մասը պետք է վաճառեն գյուղացիները: Կաղամբի բերքն այս տարի առատ էր տարածաշրջանում. մոտ 1000 տոննա կաղամբ են հավաքել գյուղացիները ու վաճառում են կգ-ը 50 դրամով: Երկու տարի առաջ էլ կաղամբագործները առատ բերք ունեին եւ իրացման լուրջ խնդիր: Բերքի մի մասը հաջողվել էր վաճառել, իսկ չիրացված բերքի զգալի մասը փչացել էր: Ուստի գյուղացիները հաջորդ տարի նախընտրեցին կաղամբի քիչ քանակ ցանել: «2011թ.-ին կաղամբը դեֆիցիտ էր, քանի որ գյուղացիները նախորդ տարվա փորձից որոշել էին շատ բերք չցանել եւ այդ տարի կաղամբի գինը բարձրացել էր` հասնելով 100-120 դրամի: Այս տարի էլ, նախորդ տարվա գնից ոգեւորված, որոշել են ավելի ցանել եւ առատ բերք է ստացվել, այժմ կրկին իրացման խնդիր է առաջացել, գինն էլ ընկել է: Այսօր խնդիրը չիրացված 300 տոննա բերքը շուկա հանելն ու վաճառքի կազմակերպումն է», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Թանգյանը:
Տեղում 50 դրամով վաճառվող կաղամբը Կապանում վաճառվում է 70-80 դրամով:
Գրել ենք, որ Սյունիքում ցրտահարվել է արքայանարինջի բերքը.: Այս առթիվ Սամվել Թանգյանն ասաց, որ ահազանգեր չեն ստացել, բայց մասնագետների կանխորոշմամբ՝ արքայանարինջի բերքի մոտ 20 տոկսը ցրտահարվել է:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ