Լրահոս
Օրվա լրահոսը

Ես քո անկեղծ զինվորն եմ, Հայրենիք

Նոյեմբեր 18,2011 16:31

«Գրական թերթի» համարներից մեկում մի հաղորդագրություն կարդացի։ Գրողների միության վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ Զորի Բալայանը կարծիք է հայտնել, թե հայկական բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը չպետք է դառնան հասարակական լայն քննարկման թեմա։ Նիստին մասնակից Կարինե Խոդիկյանն ու այլք հավանություն են տվել այդ կարծիքին։

Չէ, չեք սխալվում։ Խոսքը նույն հասարակության մասին է, ում զավակներն են համալրում Հայոց անկախ բանակի շարքերը։ Եվ բանակում այդ պարզ զինվորի երդմնազանցությունը երկրի ռազմական դատարանի պատժին կարող է արժանանալ։ Իսկ երբ զինվորի հանդեպ պետությունն է դրժում խոստումը, պետք է լռել՝ «չթուլացնելու համար» նախ Արցախը, հետո միայն Հայաստանն ու բանակը։ Ասել կուզի՝ Հայաստանի Սահմանադրությունն անշեղորեն կիրառելու, իրավունքի, օրինապաշտության ու մարդու մարդկային պարզ շահերն իր երկրում ապահովելու պահանջն է թուլացնելու ազատագրված Արցախը, մեր անպարտելի բանակն ու ժողովրդավար Հայաստանը։ Հետեւությունն այս է՝ անօրինականությունն է մեր փրկության ճանապարհը։

Տարօրինակ տրամաբանություն է, չէ՞։

Ահա այս տարակուսելի միտքը եթե շարունակենք, կստացվի, որ հասարակությունը խուլ ու փակ պիտի գտնվի անառակ բարոյազրկության այս գահավեժը տեսնելով, չունենա լուրջ մասնակցության իրավունք՝ իր երկրում տեղի ունեցող գործընթացներին, չահազանգի վերահաս փորձանքը։ Անգամ բանակում իր զավակի եղերական մահառիթը չիմանա։ Մեռելություն պիտի տիրի ամենուր, հասարակությունը պիտի դառնա անկիրք մի շուն, հարկավոր ժամին գործածված ու դեն նետված անպետք մի ապրանք, բուսական կյանքով ապրող գորշ մի զանգված, հեզամիտ մի ստրուկ՝ ձայն ու իրավունքից զրկված։

Իսկ պարտականությո՞ւն։ Օհ, ինչքան ասես։ Սահմանադրությամբ ողջը ամրագրված։

Մի կողմ դնելով այն բնական հարցը, թե այս եղերական խնդիրը հավաքույթի թեմա դարձնելուց առաջ, մեր մշակույթի ապահով երեւելիները արդյո՞ք բանակի ղեկավարներին տվել են «ինչո՞ւ, ինչի՞ համար» պարզունակ հարցը, որի պատասխանն ահա քսան տարի փորձում են ստանալ հայ հասարակությունն ու անկեղծ զինվորի վշտակիր հարազատները։ Փոխարենը, սակայն, զավակի հետ մեկտեղ իրենց չնչին ստացվածքն ու առողջությունն էլ կորցնելով՝ արդարության համար այս անհավասար ու անհույս կռվի մեջ։ Փորձե՞լ են գոնե ներքին սպառման համար տեսնել, վերլուծել բանակում տիրող տագնապալի մթնոլորտը, վուլգար հայրենասիրության կործանարար դասերը՝ գողական աշխարհին միայն հայտնի օրենքներով ու կարգով, որի մեջ է ակամա ներքաշված անկեղծ զինվորը բանակում։ Կամ՝ առաջարկե՞լ են, արդյոք, գրողի իրենց անշահախնդիր օգնությունը՝ այս ծանր վիճակի մեջ անհույս խճճված բանակային հրամանատարության ազնիվ, լուսամիտ ու ինտելիգենտ հատվածին, ով, վստահ եմ, ավելի շատ է, քան տականքը։ Ում ազնիվ ջանքը, սակայն, հասարակության աչքից ստվերում է նենգ խուժանը։

Կասկածում եմ։ Հավես ու ժամանակ չունեն, հեռու անշահավետ գործերից։

Օրերս խանդով ու հիացմունքով հետեւում էինք խոշոր լրատվական ալիքների ուղիղ հեռարձկմանը, թե ինչպես հրեաները պաղեստինցիներին գերի ընկած իրենց մեկ հատիկ զինվոր Գիլադ Շալիթին փոխանակեցին 1027 պաղեստինցու հետ։ Աշխարհին ցույց տալով, որ մեկ հատիկ զինվոր հրեան 1027 արաբ արժե։

Ի՞նչ արժե մեկ հայը, իսկ մանավանդ մեկ հատիկ անկեղծ զինվորը մեր պետության համար։ Համարյա՝ ոչինչ։ Այլապես պատերազմից հետո, խաղաղ ծառայության մեջ երեք հազար գերեզման չեր փորվի՝ հայ ենիչերիների ձեռքով խոշտանգված մեր զավակների համար (փաստում է իրավապաշտպանը)։ Այլ կերպ ասած՝ երեք գունդ անկեղծ զինվոր է սրախողխող արել հայ ենիչերիի յաթաղանը։ Ամեն մեկը մի տան ճրագ, կյանք ու ծնունդ տվող մի գերդաստանի եկող նահապետ, որ պիտի զավակներ ծներ, ազգ շարունակեր, մեր սահմանները պաշտպանող հայրենիքի անկեղծ զինվորը մեծացներ։ Քանի՞ անկեղծ զինվոր չծնվեց։ Հաշվե՞լ ենք։ Չենք հաշվում։ Հաշիվ չկա մեջը։

Մինչդեռ բանակից եկող տագնապախռով լուրերը չեն դադարում։ Մեր անճակատագիր ճրագները, մեր սահմանների վաղվա հերոսները շարունակում են անգութ ու անխնա հնձվել՝ մոլեգին բռնության սեւ մանգաղով։ Ու մենք ջայլամի ու դեզի օրենքով չենք ուզում այլեւս ապրել։ Եթե մտավորական ենք, այլ ոչ ծխական պաշարով թերուս մի վարժապետ։ Ու բնական հարցը, որ առաջանում է ամեն մի մտածող էակի գլխում «ինչու, ինչի համար» հարցն է ու կիսաինտելիգենտ տգետի լկտիությունը զսպելը, որն ասում է, թե այսօրվա բանակը հասարակության հայելին է։ Երեւի ավելի ձեռնտու է անտեր, անպաշտպան հասարակությանը մեղադրելը, քան հանդուգն տականքին պատժելը։ Հանդուգն տականքին թաքցնող զազիր ու խաբեբա պաշտոնյաների հանցանքի թելերը այս կիսագրագետ ինտելիգենտին հաստատ ձեռնտու չեն։ Հաշիվ չկա մեջը։

Պատերազմի ժամանակ էլ հաշիվ չէինք պահում։ Աչք էինք փակում քաղաքում օր օրի ծաղկող սեղանիկների ետեւում կանգնած առողջ երիտասարդների վրա։ Հարց չէինք տալիս, ինչո՞ւ սրանք չեն գնում ճակատ։ Արտոնյալ դասալիքնե՞ր են։ Արցախին վնաս է, ասում էին, մի հարցրեք, սուս կացեք։ Ու սուս մնացինք։ Ազնվական գեղջուկի անկեղծ զինվորը կռվեց, զոհվեց սեղանիկների փոխարեն։ Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա իր զավակի սեւ թուղթը չառավ։ Պաշտպանված էին։ Մի օր էլ, սովի տարին անսպասելի կշտացած ու ապարանքներ կառուցող հայոց հաղթած բանակի թալանչի գեներալի թիկնապահ թափթփուկը, կնոջ ու հասարակության աչքի առաջ սապոգի տակ տրորեց հայ հայտնի գիտնական- դիվանագետի որդուն՝ նույնպես հայտնի դիվանագետին, որը համարձակվել էր փողոցն անցնել թափթփուկից առաջ։ Ահաբեկված սուս մնացինք։ Առաջին նախագահն էր լռել, մենք ո՞վ էինք։ Բա Արցա՞խը, ի՞նչ կասեր թշնամին։

Մի օր էլ, պատերազմի թալանից առողջ վերադարձած նույն տականքի հետ, մեր հաղթած բանակի ղեկավարը, կերուխումից հղփացած ,«մեր դեմ խաղ չկա» բանաձեւեց կորուստներից ու վերքերից դեռ չբուժված, Արցախին մատաղ տված սեւսիրտ հասարակությանը։ Վախից ջուր կտրած լռեցինք. կատակ բան չէր։ Հաղթած բանակի ղեկավար էր դիմացը։ Երկրի աթոռները գրաված չորս հզորներով էին։ Թալան թմբիրի մեջ, երեք մատի կոմբինացիա ցույց տալով, էջմիածինցի հայտնի գեներալի խնջույքին տեսախցիկի առաջ շախով պարո՜ւմ էին։ Ի՞նչ հասարակություն։ Ի՞նչ իրավունք։ Նրանց դեմ խաղ կա՞ր։ Այդ տեսաերիզից ահաբեկված, արեւմուտքը շատ ընտանիքների ապաստան տվեց էդ թվին։ Ես էլ եմ տեսել։

Լռեցինք։ Այնքան, որ այդ տականքն ու նրան սերտաճած կիսակիրթ ինտելիգենտը, տարիներ անց օլիգարխ կոչվեց։ Ու հիմա էլ, կռվից քսան տարի անց, խաղաղության մեջ նույն տականքի դանակից մորթվող մեր մատաղացուների ու նրանց դառնաղետ կորուստը ողբացող մայրերի վրա է թափ տալիս՝ սուս մնացեք, Արցախին վնաս է։ Ի՞նչ կասի թշնամին։

Իսկ ի՞նչ կասի մայր Արցախին անկեղծ թիկունք մայր Հայաստանը, ի՞նչ կասի բանակին անկեղծ զինվոր տված հայ հասարակությունը։ Ի՞նչ կասի հոգեվարքի մեջ մեռնող մեր Հայրենիքը։ Արդեն գրոշ չարժե։ Կարեւորն Արցախն է։ Ի՞նչ կասի թշնամին։ Սա է մոտավորապես կիսագրագետ ինտելիգենտի տրամաբանությունը։ Իսկ թե ինչ կարժենա Արցախին ու Հայաստանին անկեղծ զինվոր տված, Արցախի իրական պատվար համբերահատ ժողովրդի արդար ընդվզումը, կիսակիրթ ինտելիգենտի կարճառոտ միտքը չի գուշակում։ Չի հասկանում, որ իմ խոշտանգված որդին իմ Հայրենիքն է։ Ով սպանել է իմ որդուն, իմ Հայրենիքն է սպանել։ Հայրենիքն իմ մեջ սպանողը, անքննելիորեն ինքն էլ պիտի սպանվի նույն օրենքով։ Քանզի Հայրենիքից թանկ արժեք ինձ համար չկա ու չի կարող լինել։ Միայն այս թանկ արժեքն իր հոգու մեջ կրող հայրենիքի անկեղծ զինվորը վերադարձրեց Արցախը։ Ուրեմն չի կարող բանակն այսօր այդ անկեղծ զինվորը ծնած հասարակության հայելին լինել։

Բանակն այսօր անաստված պաշտոնյաների, պետական անիրավ, անպատժելի իրավակարգի հայելին է։ Գեթ մեկ անգամ տեսե՞լ եք ռազմական ոստիկանության հաստափոր ծառայողին, ով անշնորհք վազքով հետապնդում է վաշտը երեւի լքած, ահաբեկ զինվորիկին։ Թե ի՜նչ երկսեռ բավարարություն է ցոլում այդ ոստիկանի աչքերում։ Ու ոչ երբեք ափսոսանք ու կարեկցություն։ Նույն ոստիկանը, սակայն, վախից հավ դառած դուրս չի գալիս շենքից, երբ դիմացի մայթի ,«Պիրամիդա» գիշերային ակումբից դուրս պրծած կովաբույծը, հարս ու աղջիկ փչացնելու թամաշան լուսադեմին շարունակում է Սայաթ- Նովայի փողոցի բանուկ մասում՝ քեֆն ուզածին չափ արգելափակելով ողջ երթեւեկությունը քնահարամ մայրաքաղաքի սրտում։ Ում է պատկանում էդ ,«օբեկտը», լավ գիտեն բանակի ղեկավարությունն էլ, ոստիկանությունն էլ, հասարակությունն էլ։ Թե որ դեմները խաղ կա, թող բողոքեն։

Բանակն այս բանաձեւումի ետեւում կանգնած, նման շատ պիրամիդաներ պահող բանակային տականքի հայելին է։ Վախկոտ ու անարգ տականքների, ովքեր ազգություն ու հայրենիք չունեն։

Հայելին։ Միայն եւ ընդամենը։

Բայց ոչ երբեք սեփականությունը։

Բանակը երկրին անկեղծ զինվոր տված հայ ազնվական հասարակության սեփականությունն է։ Եվ այն պետք է վերադարձնել իր տիրոջը։ Քանզի բանակի ստեղծման դժվար ուղին անցել է այդ ազնվական հասարակության մեկ կաթիլ քրտինքի, նրա մեկ հատիկ զավակի արյան կածաններով։ Իր անկեղծ զինվորին պապենական մոսինը ու փամփուշտ հասցնող նվիրյալների եռանդով։ Ինքնաշեն նռնակներին զոհ գնացած մեր ճրագների կյանքով։ Սարերում կռվող մեր անհաց ու տկլոր կամավորների անսասան հավատով։ Ճրագի տակ գուլպա գործող մեր մայրերի դառը մրմունջներով։ Առագաստից զինվոր ճամփած տղացկանի արցունք աղոթքներով։ Լեգենդ դարձած մեր հրամանատարների հերոսության առասպելներով։

Եվ ուրեմն, բանակի թեմայով նավամատույցում սպասող ուղեւորի տրամաբանությամբ խորիմաստ եզրահանգումներ անելուց առաջ, սրտի ու արյան միջով նախ անցկացնել է պետք հայ ենիչերիի ձեռքով խոշտանգված զավակի հոգեկան խեղումը, սպանվողի մարմնական կտտանքի արնածոր ցավը։ Բառեր չկան։ Միայն զավակ ունեցող անապահովը կզգա։

Բանակն այսօր ստույգ վտանգի մեջ է։ Եվ չունի ոչ մի արդարացում այն պնդումը, թե վերջին տարիներին կրճատվել է հայ ենիչերիների ձեռքով սպանված անկեղծ զինվորների թիվը բանակում։ Ապշելու հանգստություն էր պահպանում բանակի ղեկավարն այս կոպիտ թվաբանությունն անելիս։ Սեւազգեստ, անտեր ու մոլորված մայրերի աչքերին նայելով։ Երեւի ինքն էլ էր մոլորված։ Ասելիք չուներ երեւի։

Բանակին անկեղծ զինվոր տված հայ հասարակությունը պետք է իր ձեռքը վերցնի իր զինվոր զավակի ճակատագիրը։ Տերը լինի Հայոց բանակի՝ իր այս աղետալի հոգսի ժամին, ինչպես պատերազմի ժամանակ, երբ վատ էր Արցախի համար։ Սատար կանգնի այդ հրեշավոր վտանգը դիմակայող հայրենասեր, պարկեշտ ու առաքինի հրամանատարության առողջ հատվածին։ Ամեն օր, ամեն ժամ հսկի, որ սեղանիկի փչացած ստամբակը չարատավորի այսօր Հայոց բանակի վսեմ անունն ու անհաշիվ թանկ մահերի գնով վերագտնված մեր հպարտությունը։ Ետ բերի բանակին անկեղծ զինվոր տված հայ ազնվական հասարակության նահանջող հավատն առ Հայրենիք, առ իր մարդկային իրավունք իր երկրում։ Մահվան սպառնալիքով, եթե պետք է, անգամ իր ներքին ռազմական խղճի դատաստանով պատժի հայրենադավ հայ ենիչերի տականքին։ Միայն հասարակության արթուն աչքն ու բանակային հրամանատարության ազնիվ հատվածի երկաթե բռունցքը, այս երկուսի ամենօրյա, միասնական ու չերկնչող կռիվը կձախողի չարի հաղթանակը մեր երկրում։

Այլապես կկորցնենք մեր հավատը։

Մեր երկիրն ու բանակը կկորցնենք։

Այս դեպքում արդեն, Արցախին, իսկապես վատ կլինի։

 

Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ

Պրահա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թորոս Ալեքսանյան says:

    հետաքրքիր է Կարինե Խոդիկյանի երեխաները կամ հարազատների երեխաները բանակում ծառայել են կամ ծառայում են? թէ Զորի Բալայաններին ինքը շատ մատ է կանգնած, հետևաբար իր երեխաներին բանակում հայտնվելու վտանգը չի սպառնում?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930