Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հովհաննիսյան. «Քաղաքականությունը միայն փոքր մասով հիմնված է բարոյականի վրա» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 18,2011 15:50

Այսօր ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին նվիրված դասախոսություն  կարդաց Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը: Դասախոսությունից առաջ «Առավոտին» տված հարցազրույցում պարոն Հովհաննիսյանը նշեց. « Վիլսոնն իրոք հայասեր էր, բայց եւ խաբվեցավ,  մեծ քաղաքական սխալներ գործեց, որը ի նպաստ չէր հայ ժողովրդին»: Պատմաբանի խոսքով, եվրոպացիները ժամանակին խուսափելով պատասխանատվությունից, «խաղ խաղացին՝ վճիռը ձգելով Վիլսոնի վրա եւ խուսափելով Հայկական հարցից», որովհետեւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առաջնահերթը գերտերությունների շահերն են. «Քաղաքականությունը միայն փոքր մասով հիմնված է բարոյականի վրա եւ մեծ մասով՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական, ռազմավարական  ասպեկտներով կամ մոտեցումով, իսկ այս պարագային հայկական ձեռքը կամ քարտերը շատ թույլ են: Մենք ունինք բավական ուժեղ Սփյուռք, որ իր  թվի հետ համեմատած շատ բան ըրած է այդ (Ցեղասպանության ճանաչման գործընթացի- Գ. Հ) ուղղությամբ, բայց  մյուս կողմից՝ հայերս մեծ նշանակություն չունինք, երբ որ հաշվի կառնվի գլոբալ քաղաքականությունը:  Մեր հարեւան պետությունը այստեղ ունի ոչ միայն ստրատեջիկ, այլեւ տնտեսական, ռազմական նշանակություն Արեւմուտքի համար, եւ հենց այստեղ է, որ բարոյականը տեղի  կուտա»: 

Ռ. Հովհաննիսյանը փաստում է, որ այսօրվա երիտասարդ սերունդը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում,  մի կողմից ձերբազատվել է զոհի եւ ցեղասպանվածի բարդույթից, մյուս կողմից՝ անտարբեր  է դարձել «հայկական» խնդիրների հանդեպ: Դրա լուծումը, ըստ պատմաբանի, հետեւյալն է. «Երիտասարդները գրքեր չեն կարդում, պիտի ուժ տանք մեդիային, աչքի եւ ականջի ծրագիրները ավելի պիտի զարգանան, ինձ կթվա, որ հետ մնացած ենք այդ ասպարեզում»: Նա բերում է հանրահայտ System Of A Down– ի օրինակը՝ միլիոնավոր մարդիկ գնում են խմբի հետեւից, չնայած՝ պրոֆեսորին նրա երաժշտությունը վայրի է թվում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռիչարդ Հովհաննիսյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել