Նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը արտակարգ դեպք էր տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 17-ին` գիշերը, ժամը 02.50-ի սահմաններում, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը գիտակցության չգալով՝ մահացել է հիվանդանոցում:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ մահացածը Երեւանի Խաղաղ Դոն փողոցի բնակիչ, 26-ամյա Գալուստ Մելքոնյանն է:
Դատաբժշկի եզրակացության համաձայն` նա վնասվածներ է ստացել աջ ծնկի եւ ազդրի մասերում: Վնասվածքները եղել են սուր-կտրող գործիքով հարվածների արդյունքում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Էրեբունու բաժնում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Գալուստ Մելքոնյանը աշխատում էր «Վալենտին» տաքսի ծառայությունում` որպես վարորդ:
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ այնուամենայնիվ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: Ըստ իր տեղեկությունների` կան ձերբակալվածներ, սակայն այս պահին, նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում, ինչի մասին կտեղեկացնենք ավելի ուշ: