Այս պահին Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվում է գործարար Սիլվա Համբարձումյանը: Վերջինս օրեր առաջ ՀՔԾ-ին տված իր գրավոր հաղորդման մեջ նշել էր, որ Սյունիքի մարզպետը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Գործարարին առաջարկվել էր դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել էր փորձաքննության ենթարկվելուց` պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, բայց մարմնական վնասվածքներ չի ստացել: Առայժմ գործով մեղադրանք որեւէ մեկին չի առաջադրվել:
Ի դեպ, ՀՔԾ-ում այսօր ավելի վաղ հարցաքննվել է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Քիչ առաջ «Առավոտի» հեռախոսազանգին պատասխանեց նրա վարորդը, ով ասաց, որ մարզպետը հանդիպման է եւ ավելի ուշ կկապվի մեզ հետ: Ճշտող հարցին՝ ճի՞շտ է, որ մարզպետը հարցաքննվել է ՀՔԾ-ում, վարորդը հակադարձեց՝ «Քուրիկ ջան, դու էլ ինձ ե՞ս հարցաքննում: Հանդիպումը կպրծնի, իրա հետ խոսացեք, ինչ ուզում եք հարցրեք»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ